ԱրցախԳլխավորԼուր

Ոչ միայն բուհ, այլև` սիմվոլ. ԱրՊՀ-ի 510 աշխատակցի ճակատագիր կախված է օդից

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյան

Արցախի պետական համալսարանի 170 դասախոսի ճակատագիր կախված է օդից. այս մասին Usanogh.am-ի հետ զրույցում նշեց բուհի ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նրա խոսքով` համալսարանն ունի 360 հիմնական և 150 ժամավճարային աշխատող, ընդհանուր` 510 հոգի.

«Հասկանալի է, որ մենք կուզենայինք համալսարանի կարգավիճակն առանձին պահվեր: Բնականաբար, այդ հարցով դիմել ենք ԿԳՄՍ նախարարություն, այնտեղից ասել են, որ առայժմ այդպիսի որոշում չկա, թե երբ կլինի հստակ որոշում` չգիտեմ: Սպասողական վիճակում ենք»,-ասաց Արմեն Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բուհի ուսանողներին, նրանց թիվը 1600 է, և, ռեկտորի խոսքով, մինչև ամսվա վերջ նրանց շուրջ 90 տոկոսը կցագրված կլինի հայաստանյան բուհերին, մեծ մասը` Երևանի պետական համալսարանին.

«Առայժմ ոչ թե ուսանողներին տեղափոխում են այլ բուհեր, այլ, որպեսզի ուսանողների դասապրոցեսը չընդհատվի, կցագրվում են համապատասխան բուհերի: Դեռևս որևէ որոշում չկա: Առայժմ ուսանողները պարզապես կցագրվում են առանց որևէ փաստաթղթի, և նստում են դասերի` առանց անուն-ազգանունները մատյաններում գրանցելու: Թե ինչ որոշում կկայացվի` չգիտենք, տեսնենք, իհարկե, շատ ենք հետաքրքրվում»,-նշեց Արմեն Սարգսյանը:

Ի դեպ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, դասախոս Խաչատուր Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱրՊՀ-ի կարգավիճակին` շեշտելով, որ Արցախի պետական համալսարանը այս պահին չպետք է դիտարկել միայն որպես ուսումնական հաստատություն. այն խորհրդանիշ է.

«Արցախի պետական համալսարանի շուրջ է խմորվելու Արցախի ազատագրական պայքարը։ Արցախի պետական համալսարանը պահելը նաև սոցիալական խնդիր է լուծում։ Ուսանողությանը և դասախոսական կազմի մի մասին տարրալուծելով ՀՀ բուհերի մեջ՝ մենք փոշիացնում ենք մի ազգային արժեք, որ տասնամյակների հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունք է։ Գիտեմ, հիմա կարող եք ասել, որ փոշիացրեցինք Արցախի Հանրապետությունը, Արցախը, համալսարանն ինչ է, որ չփոշիանա։ Ո՛չ, Արցախի պետական համալսարանը կարող է լինել այն մերանը, որից կրկին նոր բան ենք ստանալու։ Ակնհայտ է, որ հարցը նախ քաղաքական լուծում է պահանջում։ ՀՀ իշխանությունները վստահաբար չեն ուզենա գնալ համալսարանի պահպանմանը»,-գրել է նա:

Նա շեշտել է` պետք է, որ ՀՀ կառավարությունը համաձայնություն տա, ապահովի շենքային պայմաններ, և վստահություն հայտնել, որ կգտնվեն բարերարներ, հիմնադրամներ, նաև՝ Սփյուռքում, որոնք կաջակցեն Արցախի պետական համալսարանին։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ