ԳլխավորԼուր

Սահմանափակումներ՝ Արտակարգ դրության ընթացքում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է արտակարգ դրության ընթացքում կանխարգելիչ միջոցառումների, սահմանով մուտքի և ելքի, տեղաշարժման սահմանափակումների և անհրաժեշտ այլ քայլերի մասին տեղեկություններ։

Մուտքը և ելքը ՀՀ սահմանով

• ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:

• ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք:

• Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը)

• Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք

• Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների

Կանխարգելիչ միջոցառումներ

ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն.

• ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ,

• եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես մեկուսացնել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով,

• եթե պարզվի, որ անձը ՀՀ է ժամանել այնպիսի երկրներից, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում, ապա նրանք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման` իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ բացառելով այլ անձանց հետ անմիջական շփումը:

Տեղաշարժման սահմանափակումներ

Չնայած արտակարգ դրությունը հայտարարվել է ՀՀ ողջ տարածքում, բայց սահմանափակումներ կգործեն միայն այն համայնքներում և տարածքներում, որոնք կորոշի պարետը: Այն համայնքում, որտեղ կորոշվի մտցնել սահմանափակումներ, կգործի հետևյալ ռեժիմը

• կգործի համայնքի տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ, որը կհսկեն ոստիկանությունը, առողջապահության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները

• առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով մուտքերը և ելքերը չեն սահմանափակվի.

• համայնքի տարածքում կարող են կատարվել անձանց մեկուսացում (ինքնամկուսացում), ազատ տեղաշարժի նորմավորում (օրվա ժամեր, մարդկանց քանակ և այլն)

• անձանց բնակարաններում կամ գտնվելու վայրում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում

Անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձինք կտեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր:

Միջոցառումներին մասնակցությունը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արգելվելու է հավաքների և գործադուլների անցկացումը:

Բացի այդ, կարող են պարետի կողմից սահմանվել տարածքներ, որտեղ կարգելվեն այնպիսի հանրային միջոցառումներ, ինչպիսիք են, օրինակ, սպորտային, մշակութային, կրթական միջոցառումներ, ժամանցային միջոցառումները, ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները և այլն: Նման միջոցառումները կարգելվեն նման տարածքներում, եթե այդ միջոցառումներին մասնակցեն 20 և ավելի անձինք:

Ուսումնական գործընթացը

Բոլոր պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ մանկապարտեզները), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կարգելվի դասապրոցեսը: Այս արգելքը չի տարածվի հեռավար (օնլայն) ուսուցման վրա:

Այլ սահմանափակումներ

Արգելվելու են տեսակցությունները, հանձնունքների կատարումը ազատազրկման վայրերում, զորամասերում, հոգեբուժական կազմակերպություններում, տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում:

Հրապարակումներ ինտերնետում և մամուլում

Եթե անձինք և զանգվածային լրատվության միջոցները ինտերնետում, այդ թվում` սոցիալական ցանցերում կամ այլ ձևով ցանկանում են տեղեկատվական նյութ տեղադրել կորոնավիրուսի վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, մեկուսացվածների քանակի մասին, ապա պետք է օգտվեն բացառապես պարետատան կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվությունից և հղում կատարեն դրան ու հնարավորինս վերարտադրեն այն: Նրանց հրապարակումները չեն կարող հակասել պաշտոնական տեղեկատվությանը:

Նույնը նաև վերաբերում է այնպիսի տեղեկություններին, որոնք հանգեցնում են խուճապի կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ են պարունակում:

Նման հրապարակումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Արտակարգ դրության ժամանակ արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտելը, այսինքն` սահմանված միջոցառումներին եվ սահմանափակումների չենթարկվելը, հանգեցնում է վարչական պատասխանատվության` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1823-րդ հոդվածի համաձայն:

 

 

Comment here