ԳլխավորԼուր

«Սթրես եմ ապրում». միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչները ատեստավորման 2-րդ հնարավորություն են ուզում

Հասմիկ Խաչատրյանն աշակերտների հետ

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, ըստ որի՝ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած, ինչպես նաեւ առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած, բայց չատեստավորված ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակականության խնդիր չեն ունենա։ Ինչպես նաև ատեստավորումն անցած եւ 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսվում է դրույքաչափի փոփոխություն՝ այն սահմանելով 200 հազար դրամ: Այս երկրորդ հնարավորությունը, սակայն, միջին մասնագիտական կրթություն ստացած ուսուցիչներին չի վերաբերում:

Usanogh.am-ի հետ զրույցում միջին մասնագիտական կրթություն ունեցող մի քանի ուսուցիչներ այս առնչությամբ արտահայտել են իրենց դժգոհությունը: Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Տորունիք գյուղի հիմնական դպրոցի դասվար Կարինե Օհանջանյանը տեսակետ է հայտնում` արդար կլիներ, եթե երկրորդ հնարավորություն տրվեր նաև իրենց.

«Ցավոք, ես 60 տոկոսի շեմը չեմ հաղթահարել, և չգիտեմ` ինչ ճակատագրի կարժանանամ, ամեն օր սթրես ապրելով եմ գնում աշխատանքի, վախենում եմ, որ գրանցածս արդյունքը կարող է վատ անդրադառնալ ինձ վրա, որ կարող են ինձ հեռացնել: Իսկ եթե մեզ էլ հնարավորություն տային երկրորդ անգամ մասնակցելու հաջորդ ատեստավորմանը, գուցե արդեն իրավիճակը փոխվեր»:

Ի դեպ, ուսուցչուհին դժգոհ է թեստից, ասում է`դասվարների համար բավական բարդ է եղել պատասխանել հարցերի միանգամից երեք առարկայից` «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը». «Բացի այդ` հարցերը բավական խճճեցնող էին, ապակողմնորոշող»,-շեշտում է նա:

Սյունիզի մարզի Ալվանք գյուղի միջնակարգ դպրոցի դասվար Հերմինե Հարությունյանը, որը ևս միջին մասնագիտական կրթություն ունի, Usanogh.am-ին պատմեց, որ նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի միջին մասնագիտական կրթությամբ ուսուցիչներին ևս հնարավորություն տրվի երկրորդ անգամ մասնակցելու ատեստավորմանը և իրենց վրա ևս տարածվի 50-59 տոկոս նվազագույն շեմի պայմանը:

Նա դժգոհում է նաև թեստից, ինչպես նաև` թեստի պատասխանների հետ կապված կազմակերպիչների անփույթ վերաբերմունքից. «Մայրենիին» առնչվող մեր բողոքներին ընթացք տրվեց, բայց «Մաթեմատիկային» վերաբերող բողոքներին արձագանք չեղավ: Երբ սկզբում ներկայացրին ճիշտ պատասխանները, ըստ դրանց` ես 30 տոկոս արդյունք էի գրանցել, բայց երբ երկրորդ անգամ տեղադրեցին դրանք, պարզվեց, որ 55.6տոկոս արդյունք եմ գրանցել, ու չունեմ երաշխիք, որ այս պատասխանները վերջնական են, բացառված չէ, որ իրականում հաղթահարած լինեմ 60 տոկոսի շեմը»,-ասում է նա:

Շիրակի մարզի Անիպեմզայի միջնակարգ դպրոցի դասվար Աննա Մալխասյանն էլ շեշտում է` թեստն այս տարի շատ բարդ չէր, սակայն հարցերը մոլորեցնող էին. «58,5 տոկոս արդյունք եմ գրանցել, բայց այն համոզման եմ, որ եթե արհեստականորեն խճճող հարցեր չներառեին, կարող էի հաղթահարել 60 տոկոսի շեմը: Բացի այդ` ժամանակն էր քիչ: Հիմա չգիտեմ` գրանցածս արդյունքն ինչպես կանդրադառնա իմ գործունեության վրա»:

Իսկ ահա Երևանի թիվ 162 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Հասմիկ Խաչատրյանն այս տարի խուսափել է մասնակցել կամավոր ատեստավորմանը` վախենալով չհաղթահարել անցողիկ շեմը, սակայն վերոնշյալ նախագծի շրջանառության մեջ մտնելուց հետո ասում է՝ հաջորդ տարի արդեն առաջինն է դիմում ներկայացնելու կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար.

«Երբ տեղեկացա, որ համաձայն նոր փոփոխությունների՝ եթե 2 անգամ ուսուցիչը չհաղթահարի կամավոր ատեստավորման շեմը, կանգնելու է աշխատանքը կորցնելու փաստի առաջ, դա ինձ հետ պահեց մասնակցելուց: Բայց հիմա արդեն նոր հնարավորություններ եմ տեսնում»-ասաց նա:

Ուսուցչուհին, ամեն դեպքում, ծանոթացել է իր առարկայի այս տարվա թեստին, ասում է` հարցերը երբեմն թակարդներ էին հիշեցնում. «Բացի այդ` մի փոքր տեքստի դեպքում պահանջվում է գտնել, օրինակ, շաղկապները, կապերը, հետո սոսկածանցավոր բայերը: Թվում է, թե առաջադրանքը դժվար չէ, բայց կարելի է այդ նույն հարցերը տալ տարբեր տեքստեր առաջարկելով. նույն տեքստը անընդհատ կարդալը բթացնում է: Մեռած, քնած բառարաններից հանել էին այնպիսի հոմանիշների շարք, որոնք լավագույն մասնագետներն էլ կարող են չիմանալ: Ինչ վերաբերում է, ասենք, դարձվածքներին, մի բարբառով դրանք մի իմաստ ունեն, մեկ այլ բարբառով` բոլորովին այլ. պետք էր ընտրել առօրյա գործածական դարձվածքներ»:

Հասմիկ Խաչատրյանը փոխանցեց կոլեգաների դժգոհությունը նաև ան առնչությամբ, որ Երևանում Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչները քննության ընթացքում պտտվել են ուսուցիչների գլխավերևով, նրանց երբեմն անհարկի նկատողություններ են արել, ինչը հավելյալ լարում է մտցրել գործընթացում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ