ԳլխավորՔմծիծաղ

Covid-2120. ֆուտուրիկ էսսե մը անարժեքների և արժեքի մասին

Երբ օրվա մեջ «վիրուս» բառը լսում, կարդում, տեսնում ես ավելի շատ, քան մեկ էջի վրա կտեղավորեիր այդ չարիմաստ բառը իրար կողք-կողք գրելու դեպքում, ակամայից փորձում ես մտաբերել՝ ի՞նչ ես առաջինը պատկերացնում «վիրուս» ասելիս:

Այլ տարբերակ չի մնում: Այն դեպքում, եթե դուք եղել եք ոչ հաճախ հիվանդացող երեխա, Մարկեսի կամ Քամյուի հայտնի ստեղծագործությունները կարդացել եք 13-16 տարեկանում, բայց հինգ-վեց տարեկանից տանը ունեցել եք համակարգիչ, այդ համակարգչով խաղացել եք ավելի շատ չլիցենզավորված խաղեր, քան կարելի կլիներ «չլիցենզավորված խաղեր» բառակապակցությունը տեղավորել մեկ էջի վրա ու ձեր տնեցիները ձեզ նախատել են «կոմպը փչացնելու» հանցագործության համար, ապա, իրոք, այլ տարբերակ չի մնում. «վիրուս» երևույթը ձեզ մոտ հավանաբար նույնպես կասոցացվի համակարգչային հիվանդության հետ:

Իսկ ի՞նչ կլիներ, եթե հիվանդանային համակարգիչների և հեռախոսների համայնքները…

Բոլորը կմեղադրեին Սիլիկոնյան հովտին. չէ՞ որ ամեն լավ ու վատ բան սկիզբ է առնում այնտեղից: Մի ստվար զանգված էլ կաղաղակեր, որ սա մարքեթինգային քայլ է՝ հին սարքավորումների սերնդափոխությունն արագացնելու համար:

Իսկ հասարակ մահկանացուները կտխրեին: Այն մահկանացուները, որոնք առավոտյան սուրճը չեն խմում առանց սոցցանցերի ընկերակցության: Այն մահկանացուները, որոնք ադիբուդի խժռում են միայն ֆիլմի դիտումը ամբողջացնելու համար: Այն մահկանացուները, որոնք լսում են երաժշտություն ավելի շատ, քան «երաժշտություն» բառը մեկ էջի վրա կողք-կողքի գրելու դեպքում:  Մահկանացուները չէին խմի սուրճ, չէին ուտի ադիբուդի և չէին լսի երաժշտություն:

Հետո կսկսեին անհարմարությունները: Դպրոցականները կբողոքեին, որ իրենց դասարանցիներն իսկը ծաղրածուներ են. զմայլիկներով (emoji) շփվելիս ավելի հաճելի ընկերներ էին թվում, իսկ ուսուցիչը ավելի գեր է, քան երևում էր էկրանից: Ծնողներին անսովոր կլինի գրասենյակից աշխատելը և կգնեն գրքեր «Ինչպե՞ս անտեսել գործընկերոջդ ստեղնաշարի չխչխկոցը» վերնագրով: Իշխանությունները կցիտեն մեծն Կասպերսկիին և կհորդորեն թարմացնել տեխնիկական անվտանգությունը, քիչ նամակներ և հաղորդագրություններ ուղարկել միմյանց. նրանց քչերը կլսեն:

Մեր ճամփորդները օդանավակայաններում նյարդային կսպասեն՝ մինչ իրենց սարքերը հավուր պատշաճի տնտղվեն: Սակայն եթե վիրուսը գլուխ բարձացրած լինի, ապա հրաժեշտի տխուր, բայց կարճ տեսարանը կդառնա հերթական վիճակագրություն: Զբաղված ճամփորդները կմեկնեն գործուղման և կզարմանան զգացմունքների, շփումների տեղատարափից և հոգու խորքում հույս կփայփայեն, որ մոտ ապագայում կրկին բոլորին կտեսնեն օվկիանոսից այն կողմ՝ տեսազանգի ժպիտի կոճակը/ֆիլտրը միացված:

Մարդիկ դուրս կգան փողոցներ: Ստիպված կհանդիպեն իրենց ընկերներին, առևտուր կանեն ու կբողոքեն սպասարկումից և անբարեհամբույր մարդկանցից, քանզի կան բողոքներ, որոնք հարատև են:

Հիմա Դուք կարդում եք այս տողերը, թոթվում եք Ձեր ուսերը. ճիշտ է, ավելի շատ, քան մեկ էջի վրա կտեղավորվեր «ուսերը թոթվել» արտահայտությունը: Հետո արհամարհական, բայց գրական պարսկերենով կասեք. «Յանի ի՞նչ»: Ասեմ. մինչ դուք կարդում էիք, տողերի՝ իրականություն դառնալու հավանականությունը ավելացավ ևս մեկ գրամով:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Comment here