Մենք որևէ լուրջ խնդիր չունենք, նախարարությունը դասագրքերի մասով բացթողում չունի. նման հայտարարությամբ հանդես եկավ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ: Նշենք, որ նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Հայաստանի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում սեպտեմբերի 1-ից պետք է փոխվեին դասագրքերը և տրամադրվեին նոր ստեղծված դասագրքերը: Այդ գործընթացը, սակայն, հետաձգվեց:
Նախարարի խոսքով` նախ` դասագրքերը հասանելի են էլեկտրոնային տարբերակով, ուսուցիչները իրազեկված են, և դպրոցները տեղեկացված են կրթության կազմակերպման մասին.
«Գրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կհասնի դպրոցներ այս ամսվա ընթացքում, և դա աբողջ կրթական տարվա համար լուրջ խնդիր չի առաջացնի: Սա նախարարության բացթողումը չէ, վերցրեք նախորդ տարվա աշխատանքը, որ արվել է, և մեզ հարցեր տվեք արդյունքների մասին:
Օրինակ` դուք տեսե՞լ եք` ինչպես է փոխվել դասագրքերի ապահովման, ստեղծման կարգը, հարցադրում արե՞լ եք` արդյո՞ք դաշտում հայտնվել են նոր խաղացողներ, արդյունքում ինչպե՞ս է փոխվել դասագրքերի գինը, ունե՞նք ակնկալվող բարելավումները պրոցեսի արդյունքում»:
Ժաննա Անդրեասյանը շեշտեց` դասագրքերի տպագրության գինը շուրջ 50 տոկոս և ավելի նվազել է, քանի որ, նրա խոսքով, ձևավորվել է մրցակցային դաշտ և հայտնվել են նոր խաղացողներ. «Նրանց մեջ կան մարդիկ, որոնք մեր երկրի խոշորագույն տպարաններն են ներկայացնում, որոնք նախկինում որևէ ձևով չեն մասնակցել դասագրքերի տպագրությանը, որովհետև դաշտը եղել է մոնոպոլիզացված»:
Նախարարը լրագրողներին հարցրեց` արդյոք որևէ մեկը բացել և նայե՞լ է նոր դասագրքերը: Նա խորհուրդ տվեց բացել, օրինակ, «Աշխարհագրություն» առարկայի նոր դասագիրքն ու ուսումնասիրել քարտեզները.
«QR կոդերը, էլեկտրոնային լրացուցիչ նյութերը տեղադրված են դասագրքերում, արդյունքում պարզ և մատչելի է դառնում նյութի մատուցումը: Ամբողջովին փոխվել են ընթացակարգերը, պահանջները դասագրքերի նկատմամբ, և, բնականաբար, դա պահանջել է ժամանակ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն, քանի որ սահմանված ընթացակարգերը որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում: