ԳլխավորԼուր

100-ից ավել դասվարներ բաց նամակ են հղել ԿԳՄՍ նախարարին

Ուսուցիչների կամավոր ատեստավորում

100-ից ավել դասվարներ բաց նամակ են հղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ անդրադառնալով կամավոր ատեստավորմանը։

Ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Հարգելի տիկին Անդրեասյան,

Մենք՝ Հայաստանի Հանրապետության մի շարք դասվարներ ստիպված ենք հրապարակային ձևով արձանագրել այս տարվա կամավորի թեստերի շուրջ ստեղծված խիստ մտահոգիչ իրավիճակը։

Թեստի բովանդակությունն ու գնահատման ամբողջ մեխանիզմը ոչ միայն անպատշաճ էին, այլ նաև՝ անհամաչափ, հակասական և մասնագիտական որևէ չափորոշչի չհամապատասխանող։

Տվյալների համեմատությունը ցույց է տալիս չափազանց լուրջ հաշվարկային անհամապատասխանություններ

Այս խեղաթյուրված հաշվարկը չի տեղավորվում ոչ մի տրամաբանական, ոչ մի մասնագիտական կանոնի մեջ և վկայում է գնահատման գործիքի անպատրաստվածության մասին։

Ամենախիստ մտահոգությունն այն է, որ թեստը բացարձակ չէր համապատասխանում նախապես հրապարակված ուղեցույցին։

Տրված ուղեցույցում նշված կառուցվածքը, թեմատիկ շարքերը, բարդության աստիճանը և գնահատման մոտեցումները որևէ կերպ չէին համընկնում իրական թեստի հետ։ Սա թույլ է տալիս եզրակացնել, որ թեստը կազմվել է առանց հստակ մեթոդական հիմքի և առանց համահունչ չափորոշիչների պահպանման։

Նշվածին գումարվում է այն փաստը, որ թեստի բովանդակությունը հեռու էր տարրական դպրոցի ուսուցչի մասնագիտական գործունեությունից։ Այն հիշեցնում էր ավելի շուտ բանասիրի, լեզվաբանի կամ պատմաբանի քննություն, և ոչ տարրականի ուսուցչի իրական գործառույթներին համապատասխանող գնահատում։

Այս ամենը հանգեցնում է լուրջ հետևանքների․

  • խաթարվում է մասնագիտական վստահությունը,
  • նվազում է մոտիվացիան,
  • ձևավորվում է անհավասար և անարդար գնահատման համակարգ,
  • և վնասվում է ամբողջ կրթական ոլորտի հեղինակությունը։

Այս իրավիճակում պահանջում ենք․

  • Թեստերի գնահատման մեխանիզմի անհապաղ բաց և ամբողջական հրապարակում,
  • Տոկոսային հաշվարկի սխալների պաշտոնական պարզաբանում,
  • Պաշտոնապես ներկայացնել՝ ինչու իրական թեստը չի համապատասխանել հրապարակված ուղեցույցին,
  • Հաշվետվություն՝ թեստի մշակման և հավանման պատասխանատուներից,
  • Թեստերի կառուցվածքի և բովանդակության արմատական վերանայում,
  • Մասնագիտական հանձնաժողովի ձևավորում՝ մանկավարժների, մեթոդագետների և ոլորտային փորձագետների մասնակցությամբ,
  • Գնահատման չափորոշիչների համապատասխանեցում տարրական դպրոցի ուսուցչի իրական մասնագիտական պրոֆիլին։

Հարգելի տիկին Անդրեասյան, կրթական ոլորտը չի կարող կայուն զարգանալ, եթե գնահատման գործիքները մշակվում են ոչ համակարգային, ոչ թափանցիկ և ոչ մասնագիտական մոտեցմամբ։ Մենք ակնկալում ենք, որ բարձրաձայնված խնդիրները կստանան իրենց արդար լուծումը և չեն մոռացվի հերթական աղմուկի հետ միասին»,-նշված է բաց նամակում։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews