ԳլխավորԼուրԽճանկար

Երբ գիտելիքը փրկում է հուզմունքից. 2023-ի առաջին միասնական քննությունը քիմիայից և ռուսաց լեզվից էր

Դիմորդները քննություն են տալիս

Այսօր հանրապետությունում առաջին միասնական քննությունն է՝ «Քիմիա» և «Ռուսաց լեզու» առարկաներից: Քննություն հանձնողների նախնական թիվը 1446 է, որից քիմիա՝ 1154 և ռուսերեն՝ 292: Երևանում քննական 4 կենտրոն կա:

Usanogh.am-ը այցելել է Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասում` թիվ 189 ավագ դպրոցում գտնվող քննական կենտրոն, որտեղ 90 հոգի քիմիա է հանձնում, 59-ը՝ ռուսաց լեզու:

Դիմորդներին մի կողմից պատել է հուզմունքը, մյուս կողմից էլ զգում են մտերիմների աջակցությունը: Ոմանք պարապել են տարիներ շարունակ, ոմանք էլ` ընդամենը մի քանի ամիս: Շատ դիմորդների համար սա վճռորոշ ու բեկումնային օր է, շատերի համար էլ` պարզապես հերթական հնարավորություն:

Քրիստինե Եղիկյանը քննություն է հանձնում «Քիմիա» առարկայից: Մտադիր է ընդունվել ԵՊՀ «Կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետ».

«Հուզվում եմ քննությունից առաջ, բայց դա նորմալ է, կարևորն այն է, որ ճիշտ պահին կարողանում եմ կենտրոնոնալ և հավաքվել: «Քիմիան» սպեցիֆիկ առարկա է, և առանձնահատուկ մոտեցում, կենտրոնացում է պահանջում: Կարծում եմ` ամենաբարդը խնդիրներն են, բայց գլուխ կհանեմ»,-ասում է նա:

Հայկ Հակոբյանը ևս «Քիմիա» առարկայից է քննություն հանձնում: Մտադիր է ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան.

«Լարվածություն ունեմ, վախ` ոչ: Պարապել եմ երկու տարի, կարծում եմ` պատվով կհաղթահարեմ քննությունը: Քիմիան, կարելի է ասել, մի քանի առարկաների` մաթեմատիկայի, տրամաբանության, կենսաբանության խառնուրդ է, իրականում, բարդ առարկա է: Բայց, ասում են, երբ սկսում ես հասկանալ, սկսում ես նաև սիրել քիմիան: Իմ պարգայում ևս այդպես եղավ»,-նշում է Հայկը:

Իսկ ահա Անահիտ Բոյաջյանը (լուսանկարում՝ աջից), որը մանկուց հաղորդակցվել է ռուսերենով, այն համոզման է, որ այդ հանգամանքը կօգնի լավ հանձնել «Ռուսաց լեզվի» քննությունը.

«Ինձ մնում է միայն չխառնվել… Անկեղծ ասած` կցանկանայի` քննությունը բանավոր լիներ, քանի որ բանավոր խոսքս ավելի զարգացած է, բայց հուսով եմ, որ այդ հմտությունը կօգնի նաև թեստային քննությունից բարձր ստանալ: Մտադիր եմ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Սերվիս» կրթական ծրագրի համար դիմել»,-մանրամասնեց նա:

Արտյոմ Լուսպարյանը ևս վարժ խոսում է ռուսերեն, բայց քերականությունից առանձնապես չի փայլում.

«Հիմա շատ խառը էմոցիաներ ունեմ, լարվածություն, իհարկե, կա, բայց կփորձեմ այն մի կողմ դնել: Ցանկություն ունեմ սովորելու «Կառավարում» կրթական ծրագրի շրջանակում, տեսնենք` ինչպես կստացվի»,-արդեն քննական սեղանի շուրջ նստած իր զգացումներով կիսվեց Արտյոմը:

Usanogh.am-ը Քննական կենտրոնի ղեկավար Արմեն Քերոբյանից հետաքրքրվեց` ինչպես անցավ կազմակերպչական գործընթացը.

«Դեռ չենք հաշվել բացականերին, բայց կարծես թե բոլորը ներկա են, եթե նույնիսկ ունենանք բացականեր, նրանց թիվը չի գերազանցի 2-3-ը: Դիմորդներին մանրամասն ներկայացրել ենք իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ասեմ, որ տարիների ընթացքում քննությունների կազմակերպման գործընթացն ավելի ու ավելի է կատարելագործվել, նախկինում երեխաներն ավելի անպատրաստ էին, հիմա նրանք ավելի լավ են տիրապետում կարգին»,-նկատեց Արմեն Քերոբյանը:

Նշենք, որ Հայաստանի մարզերում այսօր քննության մասնակցելու համար հայտագրվել է 928 դիմորդ, 695-ը` «Քիմիայի», 233-ը` «Ռուսաց լեզվի» գծով : Մայրաքաղաքում 459 հոգի «Քիմիա» է հայտագրել, 59-ը՝ «Ռուսաց լեզու», ընդհանուր թիվը 518 է:

Քննական կենտրոնները 15-ն են՝ 11-ը մարզերում և 4-ը Երևանում: Մարզերում մեկական քննական կենտրոն է գործելու, բացառություն է Սյունիքը, որտեղ քննական կենտրոնները 2-ն են՝ Գորիսում ու Կապանում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիմորդ, քննություն

Դիմորդ, քննություն

Դիմորդ, քննություն

Դիմորդ, քննություն

Դիմորդ, քննություն