ԳլխավորԼուրԽճանկար

Վերջին 5 տարում Երևանում դպրոցները չեն հիմնանորոգվել. 90 դպրոց սպասում է իր հերթին

166 դպրոց

2022-23 ուսումնական տարվա տվյալներով` Երևանում կա 251 հանրակրթական դպրոց, 211-ը` պետական, 40-ը` ոչ պետական: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից: Երևանում հանրակրթական 124 դպրոցների շենքերի վիճակը գնահատվում է բավարար, 91-ը կարիք ունեն հիմնանորոգման, 36-ը`ընթացիկ նորոգման։ Երևանի բոլոր՝ 251 դպրոցներում առկա է ջրամատակարարում, դրանից 46-ում` առկա է նաև տաք ջրամատակարարում, իսկ 205-ում այն բացակայում է: Կոյուղացումը ևս առկա է Երևանի բոլոր դպրոցներում:

Երևանի 236 դպրոցներում առկա է գազամատակարարում, 15-ում այն բացակայում է: Գրեթե բոլոր` 250 դպրոցներում առկա է կենտրոնացված կամ անհատական ջեռուցում, և միայն 1 դպրոցն է ջեռուցվում էլեկտրաջեռուցիչով կամ վառարանով: Բոլոր դպրոցներն ունեն ֆիքսված հեռախոսակապ:

Համեմատության համար նշենք, որ 5 տարի առաջ` 2018/19 ուսումնական տարում Երևանում եղել է 253 հանրակրթական դպրոց` 215-ը` պետական, 38-ը` ոչ պետական: 5 տարի առաջ Երևանում բավարար է գնահատվել 126 դպրոցների շենքերի վիճակը, 90-ն ունեցել է հիմնանորոգման կարիք, 37-ը՝ ընթացիկ նորոգման։ Գազամատակարարում առկա է եղել 238 դպրոցներում, 15-ում այն բացակայել է: Կենտրոնացված կամ անհատական ջեռուցում առկա է եղել 252 դպրոցներում, բացակայել է 1-ում:

Այսինքն`5 տարվա ընթացքում Երևանում հիմնանորոգման կարիք ունեցող դպրոցների հետ կապված պատկերն առանձնապես չի փոխվել, իսկ ջրամատակարարում ունեցող դպրոցների թիվն ավելացել է ընդամենը 1-ով, տաք ջրամատարակարարում ունեցողներինը՝ 5-ով. միակ դպրոցը, որը չի ունեցել ֆիքսված հեռախոսակապ, հիմա արդեն ունի:

Usanogh.am-ը հարցում է ուղարկել ԿԳՄՍ նախարարությանը` պարզելու` 2018-2023 թվականներին, առհասարակ, Հայաստանում հանրակրթական քանի դպրոց է հիմնանորոգվել, իսկ քանիսն է ենթարկվել ընթացիկ նորոգման, քանի՞ դպրոց է ապահովվել ջրամատակարարմամբ և քանիսը` տաք ջրամատակարարմամբ ու կոյուղով։

Նախարարությունից մեզ տեղեկացրել են, որ 2018-2022 թթ.-ին ավարտված և այս տարի ավարտվող շինարարությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի հաշվին (ներքին և արտաքին աղբյուրների միջոցներով) հիմնանորոգվել է 18, վերակառուցվել 5 և կառուցվել 33 դպրոց: Ընթացիկ նորոգման ենթարկված դպրոցների թիվը, ըստ գերատեսչության, հնարավոր չէ նշել, քանի որ դրանք չեն իրականացվում ՀՀ պետական բյուջեի առանձին ծրագրով, այլ դպրոցների կողմից՝ ստացված սուբսիդիայի, բարերարների միջոցների հաշվին.

«Բոլոր հանրակրթական դպրոցներն ապահովված են ջրամատակարարմամբ, իսկ ինչ վերաբերում է տաք ջրամատակարարման և կոյուղացման խնդիրներին,  ապա այդ մասով առկա չէ տեղեկատվություն, թե քանի դպրոց նման խնդիր ունի: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայում իրականացվում է հանրակրթական դպրոցների քարտեզագրում՝ ըստ մարզերի, որի արդյունքներով կազմվում և անընդհատ լրամշակվում են կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ենթակա դպրոցների ցանկերը»,-ասված է պատասխանում:

Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի  թեկնածու Տիգրան Ավինյանը դեռ հունիսին «Դպրոցականների ավագանու» նիստի ժամանակ, պատասխանելով թիվ 50 հիմնական դպրոցի աշակերտուհու այն հարցին, թե ինչ է տալու հիդրոպոնիկ ջերմոցն իր դպրոցին, երբ այն վթարային է, պատասխանել էր.

«Մենք Երևանում վթարային դպրոց, որպես այդպիսին, չպետք է ունենանք: Այսօր, ցավոք սրտի, Երևանի քաղաքապետարանը դեռևս չի զբաղվում դպրոցների հիմնանորոգումների հարցերով։ Քաղաքապետարանը նախակրթարանների, մանկապարտեզների հիմնանորոգման և նորերի կառուցման հարցերով է զբաղվում»: Ավինյանը, փաստացի, արձանագրեց, որ քաղաքական այն թիմի օրոք, որը ներկայացնում է ինքը, Երևանում դպրոցները հիմնանորոգման առումով ուշադրության առանձնապես չեն արժանացել:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ