ԳլխավորԼուր

Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին փոփոխություններ են սպասվում

Արամ Հայրապետյան

Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում այս տարի համալսարան ընդունված առաջին կուրսեցիները ուսանելու են բոլորովին նոր և միջազգայնորեն ավելի ճանաչելի, մոդուլային ձևաչափի վրա հիմնված ծրագրով, հայտնում են ԵՊԲՀ-ից:

ԵՊԲՀ ուսման որակի գնահատման և վերահսկման կենտրոնի ղեկավար Արամ Հայրապետյանը նշում է, որ համալսարանը զարգացման ճիշտ վեկտոր է ընտրել և ընթանում է ռազմավարական ծրագրում նախանշված նպատակների և տեսլականի իրականացման ճանապարհով։ Հարցազրույցն ամբողջությամբ` ստորև:

-Պարոն Հայրապետյան, այս տարի ի՞նչ փոփոխություններ են սպասվում ուսանողներին, որոնք անմիջականորեն կապ ունեն ուսման որակի գնահատման և վերահսկման հետ։

-Նախ նշեմ, որ համալսարանը գտնվում է շատ կարևոր գործընթացի եզրափակիչ փուլում` «Բուժական գործ» կրթական ծրագիրը պատրաստվում է միջազգային հավատարմագրման բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) կողմից: Վերջին մեկ տարում այս նպատակով ձևավորված հանձնաժողովի կողմից իրականացվել են համալսարանի և ընդհանուր բժշկության ֆակուլտետի բոլոր գործընթացների համակողմանի ուսումնասիրություններ, վերլուծություններ, կազմվել է համապարփակ զեկույց, որը շուտով հասանելի կդառնա նաև համալսարանի ինտերնետային կայքում: «Բուժական գործ» կրթական ծրագիրը ենթարկվել է նաև արտաքին գնահատման միջազգային փորձագետների կողմից:

Այս ուսումնասիրություններն ու վերլուժությունները հիմք են հանդիսացել մի շարք արմատական փոփոխությունների, որոնք անկասկած հանգեցնելու են ուսման որակի, շնորհված որակավորումների արժանահավատության և միջազգային ճանաչելիության բարձրացմանը:

Եթե անդրադառնանք անմիջապես ուսման որակի գնահատման համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, ապա պետք է կարևորեմ ֆակուլտետների որակի ապահովման պատասխանատուների առանձնացումը: Այսուհետև, յուրաքանչյուր ֆակուլտետ ունի կրթության որակի ապահովման պատասխանատու, որը սերտորեն աշխատելու է ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրերի ղեկավարի, կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի, ինչպես նաև դեկանի հետ: Այսպիսի մոտեցումը թույլ կտա իրականացնել առավել առանձնահատուկ հետազոտություններ, որակի ապահովման մշակույթը ավելի խորը ներդնել ամբիոններում և մշտապես ձեռքը պահել իրականացվող գործընթացների զարկերակին: Համալսարանում գործընթացների թվայնացման և «Էլեկտրոնային համալսարան» ծրագրի ներդրման արդյունքում հնարավոր են իրականացվող հետազոտությունների, հարցախույզերի ձևաչափային փոփոխություններ, որոնց մասին նախօրոք կտեղեկացնենք: Պլանավորում են ընդլայնել կապը արտաքին շահակիցների` շրջանավարտների և գործատուների հետ, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ գնահատել երկարաժամկետ պլանավորման արդյունավետությունը: Ելնելով հավատարմագրման գործընթացի համար տեղեկատվության հավաքագրման և այդ ընթացքում առաջացած խոչընդոտների հաղթահարման փորձից` դեկանատների և այլ ստորաբաժանումների հետ համատեղ մշակվում են հաշվետվողականության և տվյալների պահպանման առավել համակարգված ձևաչափեր:

-Ի՞նչ բարեփոխումներ, նոր մշակված ընթացակարգեր կամ գործիքակազմեր կան, որոնք ներդրվել կամ առաջիկայում ներդրվելու են ուսումնական համակարգում։

-Նախորդ տարիներին իրականացվող բարեփոխումները նոր թափ ստացան վերջին ուսումնական տարվա ընթացքում: Այս պահին ուսանողների համար առավել ակնառու փոփոխություններից է ավարտական ատեստավորման նոր` OSCE ձևաչափի ներդրումը: Այն կարողունակությունների գնահատման միջազգայնորեն ընդունելի տարբերակ է, որը թույլ է տալիս գնահատել ոչ միայն ուսանողի մոտ ձևավորված առանձին հմտություններ կամ գիտելիքներ, այլ նաև ստուգել կլինիկական մտածելակերպը և իրավիճակում կողմնորոշվելու ընդունակությունը: Այս տարի իրենց ավարտական ատեստավորումն այս փորձնական ձևաչափով հանձնեցին Ընդհանուր բժշկության և Ռազմաբժշկական ֆակուլտետների ուսանողները: Հետագայում նախատեսվում է նման ձևաչափի ներդրում նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետում:

OSCE ձևաչափի ներդրումն ինքնանպատակ կլիներ, եթե ուսումնական գործընթացում չփոփոխվեին շեշտադրումները հօգուտ գործնական և կլինիկական հմտությունների ձևավորման: Այսպիսով` արմատականորեն փոփոխվել է պրակտիկայի համակարգը, բոլոր առարկայական ծրագրերում ներդրվել են գործնական հմտությունների գնահատման բաղադրիչը, որը կազմելու է վերջնական գնահատականի ոչ պակաս քան 10%-ը, մշակվել են նոր դասընթացներ, որոնք ուղղված են Սիմուլյացիոն կենտրոնում ուսանողի անցկացրած ժամանակի կտրուկ ավելացմանը, շատ ամբիոններում արդեն իսկ մշակվել են գործնական հմտությունների գնահատման ձևաչափեր, որոնք կլինիկական ամբիոններում առավել մոտեցված կլինեն DOPS ատեստավորմանը և այլն: Կան որոշ կառուցվածքային փոփոխություններ` ինչպես արդեն ակնարկեցի, կրթական ծրագրերն ունենալու են ղեկավարներ, որոնք պատասխանատու են լինելու կրթական ծրագիրը առավել ժամանակակից, միջազգայնորեն ճանաչելի և գրավիչ լինելու համար: Համագործակցելով դեկանի, կրթական ծրագրերի բաժնի և ֆակուլտետի որակի ապահովման պատասխանատուի հետ` ծրագրի ղեկավարը մասնակցելու և երբեմն համակարգելու է կրթական ծրագրի և առանձին առարկայական ծրագրերի գնահատման, բարելավման, փոփոխությունների պլանավորման և ներդրման գործընթացներին: Խոսեցի նաև էլեկտրոնային համալսարան ծրագրի մասին, որը կհեշտացնի ոչ միայն վարչական գործընթացները, այլ նաև դասախոս-ուսանող շփումը, տեղեկատվության հավաքագրումը, ուսանողների ինքնուրույն աշխատանքի համակարգումը և այլն:

Սակայն ամենաառանցքային փոփոխությունը, իհարկե, «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում այս տարի համալսարան ընդունված առաջին կուրսեցիները ուսանելու են լրիվ նոր և միջազգայնորեն ավելի ճանաչելի, մոդուլային ձևաչափի վրա հիմնված ծրագրով:

Թվարկվածները միայն առանցքային փոփոխություններն էին, սակայն ուսանողներին դեռ շատ անակնկալներ են սպասվում` սկսած նոր գրադարանային բաժանորդագրություններից վերջացրած սիմուլյացիոն վարժասարքերի նոր հնարավորություններով:

Ամբողջությամբ՝ ԵՊԲՀ-ի կայքում։