ԳլխավորԽճանկար

Խորհուրդներ՝ ԵՊԲՀ-ի հնդիկ շրջանավարտներից

ԵՊԲՀ-ի հնդիկ ուսանողները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի շրջանավարտ Պրաչի Ագարվալը պատահական դարձավ բուհի մեծ ընտանիքի մի մասը, սակայն դրա շնորհիվ նա իրագործեց կյանքի երազանքը՝ դառնալ բժիշկ:

Նրա խոսքով՝ 6-ամյա ճանապարհորդությունը բժշկագիտության աշխարհում հեշտ չէր: «Այն լի էր գիշերային քրտնաջան աշխատանքով, անհանգստությամբ, սթրեսով և, այո, նաև արցունքներով: Այդ ամենի միջով անցնել և բոլոր փորձությունները հաղթահարել ինձ մշտապես օգնում էին սիրելի ծնողներս ու ընկերներս. նրանք երբեք թույլ չտվեցին ինձ հանձնվել, որքան էլ որ դժվար լիներ: Վստահեցնում եմ՝ այն պահին, երբ արդեն կրում ես բժշկի բարձր կոչումը, և ինչ-որ մեկը քեզ դիմում է այդպես, դու հասկանում ես, որ բոլոր ջանքերդ, ի վերջո, արժևորված են», — ընդգծում է Պրաչի Ագարվալը։

Բժշկական համալսարանում «ճանապարհորդությունը» նրան պարգևել է հարուստ փորձառություն և հիշողություններ, որոնք հնդիկ շրջանավարտը կփայփայի ողջ կյանքում:

Չիտրալա Նիտիշը ևս ԵՊԲՀ շրջանավարտ է։

«Տվեք ձեր ձեռքերը՝ ծառայելու և ձեր սրտերը՝ սիրելու համար»․ Մայր Թերեզայի այս խոսքերը միշտ ոգեշնչել են նրան: «Հավատում եմ, որ մարդկանց ծառայելն ու նրանց օգտակար լինելը բժիշկ դառնալու իմ դրդապատճառն էր։ Դա նաև հայրիկիս երազանքն էր: Համալսարաններ փնտրելիս ծանոթացա բժշկական համալսարանին և որոշեցի միանալ: Բժշկական համալսարանում իմ փորձառությունը գեղեցիկ «երթևեկություն» էր՝ լի անձնական և մասնագիտական աճով», — պատմում է Չիտրալա Նիտիշը:

ԵՊԲՀ-ն, հնդիկ շրջանավարտի համոզմամբ, միշտ կլինի քաղաքակրթության և ընկերասիրության օրրան:

Կրտսեր գործընկերներին նա խորհուրդ է տալիս․ «Գիտելիքներն են կարևոր, ոչ թե գնահատականները, մի՛ վազեք գնահատականների հետևից և մի՛ հուսահատվեք, եթե քիչ եք վաստակում կամ չեք կարողացել հաղթահարել քննություններից որևէ մեկը»:

Նշենք, որ բժշկական բուհում այսօր կրթություն է ստանում 5481 ուսանող, որից 1581-ն օտարերկրացի է։