ԳլխավորԼուր

Ապրիլյանի հերոս Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակ՝ ԵՊԲՀ-ի ուսանողին

Բժշկական բուհի անվանական կրթաթոշակները Գիտական խորհրդի որոշմամբ համալրվեն են ևս մեկով՝ Ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվանական կրթաթոշակով:

Մինչ հերոսին նվիրված հիշատակի միջոցառման մեկնարկը, Մերուժան Ստեփանյանի ընտանիքի անդամները, հարազատները, ապագա բժիշկները, ինչպես նաև Ապրիլյան պատերազմի հերոս Արգիշտի Գաբոյանի մայրը ԵՊԲՀ ղեկավարության և ՌԲՖ անձնակազմի հետ միասին ծաղիկներ խոնարհեցին պատերազմի ժամանակ զոհված տղաներին նվիրված հուշատախտակի մոտ:

Ռազմաբժշկական ֆակուլտետի պետ, գնդապետ Վարդան Ծատուրյանը ներկայացրեց Մերուժան Ստեփանյանի անվան կրթաթոշակառուին:

ՌԲՖ պետի խոսքով՝ լավ առաջադիմության և 44-օրյա պատերազմի ժամանակ հիվանդներին և վիրավորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, ինչպես նաև մարտի դաշտից վիրավորներին դուրս բերելու աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար՝ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ անվանական կրթաթոշակի է արժանացել ֆակուլտետի կողմից երաշխավորած թեկնածուն՝ 5-րդ կուրսի կուրսանտ, արցախյան վերջին պատերազմի մասնակից, սերժանտ Նիկոլայ Գրիգորյանը:

«Սերժանտ Գրիգորյանն առաջիններից էր, ով որպես կամավոր մեկնեց Արցախ: Ստեփանակերտում և Շուշիում ռմբակոծության տակ վիրավորների տարհանումը կազմակերպելուն մասնակցելու համար նա արժանացել է Արցախի Հանրապետության պետական պարգևի՝ «Արիության համար» մեդալի»,-նշեց Վարդան Ծատուրյանը:

Կրթաթոշակի հավաստագիրը Նիկոլայ Գրիգորյանին հանձնեց Մերուժան Ստեփանյանի հայրը։

Հերոսի հայրը Նիկոլային փոխանցեց նաև իր որդու նկարով կրծքանշան, որպեսզի արցախյան վերջին պատերազմի հերոսը միշտ հիշի, թե ում անվան կրթաթոշակառու է։

Մերուժան Ստեփանյանը ծնվել է 1993 թվականին հունվարի 17-ին, Գյումրիում: Սովորել է Գյումրու Մուշ թաղամասի թիվ 42 դպրոցում: Դպրոցական տարիներին մասնակցում էր բոլոր միջոցառումներին, և այնպես էր ստացվում, որ միշտ զինվորի դեր էր տանում: Փոքրուց էր սիրում զինվորական գործը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո սկսել է աշխատել և ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան:

Մերուժանը զբաղվում էր նկարչությամբ, շվի էր նվագում և երգում: Բանակում կարգապահ ծառայության համար ստացել է ավագ-լեյտենանտի կոչում: Մերուժան Ստեփանյանը եղել է հետախուզության դասակի հրամանատար, գումարտակի հետախուզության պետ:

2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշի մոտ նրան վստահված դիրքն առաջիններից էր, որ հարձակման ենթարկվեց թշնամու կողմից: Նա և իր մարտական ընկերները կարողացել են մեկը մյուսի ետևից ետ շպրտել թշնամու մեծաթիվ խմբավորումների՝ պատճառելով նրանց մարդկային և սպառազինությունների մեծ կորուստներ: Կարողացել է մինչև վերջին շունչը պահել իր դիրքը, տղաներին հրաման է տվել անհրաժեշտության դեպքում նույնիսկ ձեռքով մարտի բռնվել հակառակորդի հետ:

Մերուժան Ստեփանյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Comment here