ԳլխավորԼուր

Փոխըմբռնման հուշագիր՝ ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև

Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևանի պետական համալսարանի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրագրելու համագործակցությունը ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի իրականացման, կայացման և հետագա զարգացման գործում։

Ուսումնական այս տարվանից ներդրված մագիստրոսական ծրագրի նպատակն է ուսանողներին ծանոթացնել միջազգային իրավունքի սկզբունքներին ու հիմունքներին, տրամադրել համակողմանի գիտելիքներ միջազգային դատարանների և արբիտրաժային վարույթների վերաբերյալ, ներկայացնել միջազգային իրավական վեճերի կարգավորման տարբեր ատյանների դերը, փուլերը՝ բանակցություններից մինչև վերջնական վճռի ճանաչումը և կատարումը, գնահատել ներպետական իրավունքի դերը միջազգային իրավական վեճերի կարգավորման գործընթացում, ինչպես նաև զարգացնել գրավոր և բանավոր փաստարկումների հմտությունները:

Համագործակցության շրջանակում կենտրոնը, ի թիվս այլ հանձնառությունների, պատրաստ է ծրագրի զարգացմանը նպաստելու նպատակով ԵՊՀ-ին տրամադրել մասնագիտական աջակցություն, այդ թվում՝ ռազմավարական պլանավորման և միջազգայնացմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։

ԵՊՀ-ի և ԱՄՆ ճշմարտության և արդարության կենտրոնի կողմից կիրագործվեն նաև բարձրագույն իրավաբանական կրթությանն առնչվող ակադեմիական տարբեր նախագծեր, կկատարվեն հետազոտական աշխատանքներ ու կիրականացվեն փոխանակման ծրագրեր։ Բացի դրանից՝ կենտրոնը պատրաստ է տրամադրել կրթաթոշակներ մեր ուսանողներին՝ նպաստելով կրթության հասանելիությանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով, հուշագիրը կնպաստի ոչ միայն համալսարանում, այլև երկրում բարձրագույն իրավաբանական կրթության զարգացմանն ու առաջընթացին։