ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն կոչ է անում չխախտել կրթության սահմանադրական իրավունքը

ԵՊՀ շենք

Երևանի պետական համալսարանը այս օրերին ստեղծված դժվարին իրավիճակում հարկ է համարում մեկ անգամ ևս բոլոր սովորողներին ու աշխատողներին հիշեցնել ՀՀ օրենսդրության, ԵՊՀ ներքին իրավական ակտերի պահանջները՝ կոչ անելով չխախտել կրթության սահմանադրական իրավունքը և պահպանել բուհի ինքնակառավարման սկզբունքը, նշված է ԵՊՀ տարածած հաղորդագրության մեջ։

«ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք, որի կենսագործումը ներառում է կրթական կազմակերպություններում որակյալ կրթության ապահովումը, կրթական համակարգի բնականոն գործառութավորումը, ներառյալ՝ պատշաճ կառավարումը, այդ իրավունքի կենսագործման ու պաշտպանության բավարար և անհրաժեշտ կառուցակարգերի առկայությունը (տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի 22․02․2022թ․ ՍԴՈ-1629 որոշումը)։

Պետությունը պարտավոր է ապահովել կրթության իրավունքի իրականացումը՝ անկախ քաղաքական կամ այլ հայացքներից («Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդված):

Ելնելով ՀՀ օրենսդրության հիման վրա գործելու պարտավորությունից՝ ԵՊՀ կանոնադրությամբ ամրագրվել են կրթության իրավունքի ապահովման համար սովորողների և աշխատողների պարտականությունները (ԵՊՀ կանոնադրության 123-րդ և 128-րդ կետեր), որոնցից ուղղակիորեն հետևում է, որ ԵՊՀ աշխատողները պարտավոր են ապահովել ԵՊՀ-ում աշխատաժամանակի ռեժիմը։

Ստեղծված իրավիճակում ԵՊՀ-ում կրթության կազմակերպման ընթացքում ԵՊՀ սովորողների և աշխատողների կողմից քաղաքական տարբեր բնույթի հայտարարությունները, կոչերը խախտում են ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված բուհի ինքնակառավարման սկզբունքը, որը կրթական համակարգի անքակտելի բաղադրատարր է և ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում (ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարձրագույն ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի կարգավիճակի վերաբերյալ հանձնարարական (1997թ.)/ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 13-րդ համընդհանուր մեկնաբանություն/Եվրոպական համալսարանների ռեկտորների կողմից 1988 թվականի սեպտեմբերի 18-ին ստորագրված «Magna Charta Universitatum»

ՀՀ Սահմանադրական դատարանը, 02․08․2021 թվականի ՍԴՈ-1608 որոշմամբ հաստատելով բուհերի ինքնակառավարման սկզբունքի մի քանի կարևոր տարրեր,  արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «բուհերի ինքնավարության իրավունքը հիմնարար արժեք է: Այդ ինքնավարությունը բաղկացած է ուսումնական հաստատության ինքնակառավարման իրավունքից, ակադեմիական ու հետազոտական ազատություններից և երաշխիք է բուհի գործունեությանը գաղափարական, քաղաքական և կրոնական միջամտությունից զերծ պահելու համար»։

Բուհի ինքնակառավարման սկզբունքի երաշխավորմանն է ուղղված «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, որը արգելում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում հասարակական-քաղաքական կազմակերպությունների և միավորումների գործունեությունը (տե՛ս նաև ԵՊՀ գործող կանոնադրության 19-րդ կետը)։

Վերոգրյալից բխում է, որ բուհի ինքնակառավարման սկզբունքը կոչված է երաշխավորելու, որ բուհը զերծ մնա ցանկացած եղանակով քաղաքական որևէ միջամտությունից։ Այս համատեքստում խիստ մտահոգիչ է վերջին շրջանում ԵՊՀ գործունեությանը քաղաքական տարբեր կոչերի, հայտարարությունների միջոցով միջամտությունը, ինչի արդյունքում խախտվում են թե՛ կրթության սահմանադրական իրավունքը, թե՛ բուհի ինքնակառավարման սկզբունքը։

Հայտնում ենք, որ ԵՊՀ-ն հետևողական է լինելու բուհում քաղաքական քարոզչության և բուհի գործունեությանը քաղաքական միջամտության անթույլատրելի դեպքերը բացահայտելու հարցում և ընդգծում, որ թե՛ սովորողների, թե՛ աշխատողների կողմից կրթության սահմանադրական իրավունքի և բուհի ինքնակառավարման սկզբունքի խախտմանն ուղղված ոչ իրավաչափ վարքագիծը հանգեցնելու է պատասխանատվության ՀՀ օրենսդրության և ԵՊՀ ներքին իրավական ակտերով սահմանված դրույթների շրջանակում։

Միաժամանակ ընդգծում ենք, որ ԵՊՀ սովորողներն ու  աշխատողներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող է իրականացվել կրթական գործընթացից դուրս»,-նշված է ԵՊՀ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 19–ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում բողոքի ակցիաներ ու հանրահավաքներ են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։