ԳլխավորՄի կտոր գիրք

«Երկինքն ընտրյալներ չունի». Էրիխ Մարիա Ռեմարկ

Ներկայացնում ենք հատվածներ գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի (1898 — 1970) «Երկինքն ընտրյալներ չունի» վեպից։

***

Քլեղֆեն ուշադիր նայում էր բարակ, արծաթագույն դիպակից զգեստին, որ կախված էր մահճակալի գլխավերևում։

— Պալերմոյի համար է այս զգեստը,- ասաց նա։
— Մի քանի օր առաջ՝ ուշ գիշերին, հագել եմ այն։
— Որտե՞ղ։
— Այստեղ։
— Մենա՞կ։
— Մենակ, եթե այդպես ես ուզում։ Ինձ համար տոն էր Sainte-Chapelle-ի, մի շիշ Pouilly-ի, կյանքի ու լուսնի հետ։

— Դու այլևս մենակ չես լինի։
— Ես այնքան էլ մենակ չէի, որքան կարծում ես։
— Գիտեմ,- ասաց Քլեղֆեն,- խոսքս այն մասին է, որ ես սիրում եմ քեզ, ու ասածիցս տպավորություն է, թե դու պիտի շնորհակալ լինես դրա համար, բայց ես դա նկատի չունեմ։ Ես ուղղակի պրիմիտիվ եմ արտահայտվում, որովհետև դա անսովոր է ինձ համար։

— Դու պրիմիտիվ չես արտահայտվում։
— Ցանկացած տղամարդ այդպես է արտահայտվում, երբ չի ստում։
— Արի,- ասաց Լիլիանը,- բաց արա Dom Perignon-ի շիշը։ Հացով, երշիկով ու գարեջրով դու ինձ չափազանց անվստահ, չափազանց վերացական ու չափազանց պարզ փիլիսոփա ես թվում։ Ի՞նչ ես հոտոտում։ Ի՞նչ հոտ ես առնում ինձնից։
— Սխտորի, լուսնի ու ստի, որից չեմ կարողանում գլուխ հանել։
— Փառք Աստծո։ Արի նորից Երկիր իջնենք ու ամուր բռնվենք։ Այնքան հեշտ է գետնից կտրվելը, երբ լիալուսին է։ Երազներն էլ ծանրության ուժ չունեն։

***

…Ի վերջո նա համոզվել էր, որ Լիլիանն իրեն լքել է։ Հորեղբայր Գասթոնն ինքն էլ դժկամորեն հայտնել էր, որ չգիտի, թե որտեղ է իր զարմուհին, բացի այդ՝ դա իր գործն էլ չէր։ Քլեղֆեն փորձել էր նրան մոռանալ ու շարունակել ապրել այնպես, ինչպես նրանից առաջ էր դա անում, բայց երբ նա փորձեց, դա նույնն էր, ինչ թակարդում պարելը։

Իր վերադարձից մեկ շաբաթ անց նա հանդիպեց Լիդիա Մորելլիին։

— Ծիծեռնակդ թռա՞վ,- հարցրեց նա։
— Երևում է՝ նա գլխիցդ դուրս չի գալիս։ Առաջ դու ուրիշ կանանցից հարցուփորձ չէիր անում։
— Նա լքե՞լ է քեզ։
— Լքել…,-ժպտալով պատասխանեց Քլեղֆեն,- այ քեզ հնաոճ բառ։
— Աշխարհիս ամենահներից,- Լիդիան զննեց նրան։
— 1890-ականների ամուսինների ներկայացո՞ւմ ենք խաղում։
— Փաստորեն, իրոք սիրահարվել ես։
— Իսկ դու խանդում ես։
— Ես խանդում եմ, բայց դու դժբախտ ես։ Դա է տարբերությունը։
— Իրոք։
— Այո։ Ես գիտեմ՝ ում եմ խանդում, դու՝ ոչ։ Ինձ խմելու մի բան տուր։

Քլեղֆեն նրա հետ ընթրելու գնաց։ Երեկոյի ընթացքում Լիլիանի նկատմամբ նրա անօգնականությունը վերաճեց տղամարդու պրիմիտիվ զայրույթի՝ լքվել, նախքան ինքը կարող էր լքել։ Լիդիան սուր եղունգով զգայուն տեղին էր դիպել։

***

— Մի խոսքով, ուզում ես ինձ բանտարկել,- ասաց Լիլիանն ու ծիծաղեց։

Քլեղֆեն չծիծաղեց։

— Ես քեզ բանտարկել չեմ ուզում, ուզում եմ ամուսնանալ քեզ հետ։
— Ինչո՞ւ։

Լիլիանը, մահճակալին նստած, Rose-ի շիշը պահել էր լույսի դիմաց։ Գինու պատճառով պատուհանի վրա ասես արյուն թափված լիներ։ Քլեղֆեն այն վերցրեց նրա ձեռքից։

— Այդպես օրերից մի օր դարձյալ անհետ չես կորչի։
— Ես ճամպրուկներս «Ռիթց»-ում եմ թողել։ Կարծում ես՝ ամուսնությունն ապահովո՞ւմ է վերադարձը։
— Վերադարձը չէ։ Մնալը։ Արի ուրիշ ձևով սկսենք։ Դու քիչ փող ունես։ Ինձնից ոչինչ չես ուզում վերցնել…
— Բայց դու ոչինչ էլ չունես, Քլեղֆե։
— Երկու մրցարշավից ես իմ բաժինն ունեմ։ Դրան գումարած՝ դեռ ինչ ունեմ ու ինչեր եմ անելու։ Այս տարի լիուլի կբավականացնի։
— Լավ, այդ դեպքում արի սպասենք մյուս տարվան։
— Ինչո՞ւ սպասենք։
— Որ համոզվես՝ անհեթեթություն է դա։

***

«Ինչո՞ւ են նրանք անընդհատ ուզում փոխել իրենց կյանքը,- մտածեց Լիլիանը,- ինչո՞ւ են ուզում փոխել այն, եթե դրանով կին են շահել։ Երբևէ չի՞ անցնում նրանց մտքով, որ այդ կերպ գուցե կորցնեն կնոջը։ Նույնիսկ Մարիոն էր վերջին օրն ուզում հրաժարվել ժիգոլոյի իր կյանքից և ինձ հետ արժանապատիվ կյանք սկսել։ Իսկ Քլեղֆեն, որ կարծում է՝ սիրում է ինձ, ու որին ես էի սիրում, քանի որ նա էլ ինձ պես առանց ապագայի էր թվում, հիմա ուզում է շրջվել ու դեռ կարծում է՝ ես պիտի երջանիկ լինեի դրա համար»։