ԳլխավորԼուր

Ֆինանսավորման աճը որոշիչ չէ, երբ կա  ահռելի անջրպետ պետության և գիտնականի միջև. Դավիթ Պիպոյան

Գիտնականը լաբորատորիայում

Հայաստանում  գիտության ֆինանսավորման  աճը շղթայի մեկ օղակն է միայն, և այն չի կարող որոշիչ լինել, երբ  կա ահռելի անջրպետ պետության և գիտական համայնքի միջև. Usanogh.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը:

Նշենք, որԱզգային ժողովն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

«Ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի համեմատ մենք այս տարի արդեն 150 տոկոսով ավելի ֆինանսավորում ենք հատկացնում գիտության բյուջեին։ Սրանք ահռելի թվեր են, նաեւ մեր գիտական կազմակերպություններն ու գիտության ոլորտը պետք է կարողանան կլանել այդ միջոցները եւ արդյունավետ օգտագործել։ Հետեւաբար՝ զուգահեռ գնում է կարողությունների բարձրացման գործընթաց։ Միայն վերջին երկու տարում մեր գիտական կազմակերպությունների կարողությունների շարունակական զարգացման միջոցով կարողացել ենք հասնել նրան, որ նրանք 2,9 մլն եվրոյի դրամաշնորհ են կարողացել ստացել»,- ասաց նախարար Ժաննա Անդրեասյանը:

Դավիթ Պիպոյանի խոսքով` գիտությունը պետք է ունենա արդյունքներին ուղղված ֆինանսավորում, մեր գիտական կառույցները պետք է դառնան ուժային կենտրոններ, որոնց հետազոտությունները կուղղվեն պետության կարիքներին.

«Եվրոպական երկրներում այսպես է` պետությունն ասում է` ինձ հետաքրքրում են այս տասը թեմաները, դրանց վերաբերյալ որ թիմն ամենալավ նախագիծը կտա, նա էլ կանցնի: Իսկ Հայաստանում գիտնականն ինքն է ընտրում ուսումնասիրության թեման, որը պետությանը հաճախ պետք չի լինում. արդյունքում դժգոհ  է թե´ պետությունը, թե´ գիտնականը: Մեր բոլոր ինստիտուտները պետք է պետական կարիք հոգան, մեր հետազոտություններն էլ պետք է ուղղվեն ի բարօրություն մեր երկրի, բայց մեր պետությունը չի սահմանում` ինչ է ուզում գիտնականից»,-մեկնաբանում է Դավիթ Պիպոյանը:

Հայ-ռուսական համալսարանի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Հայկ Սարգսյանն էլ Usanogh.am-ի հետ զրույցում շեշտում է`ֆինանսավորման աճը գիտության ոլորտում իսկապես զգալի է, բայց դեռ պետք չէ մեծ սպասումներ ունենալ այն բանից, որ ոլորտի հետազոտությունները կբերեն տեխնոլոգիական լուրջ զարգացումների. «Արդյունքները դեռ հիմնարար հետազոտությունների վրա կերևան, և հետո նոր  դրանք իրենց հետևից կբերեն կիրառական արդյունքներ. այսինքն` ակնկալել, որ միանգամից կիրառական առումով հեղափոխություն կլինի` պետք չէ»,-եզրափակեց նա: