ԳլխավորԼուր

Բարեփոխում անվան տակ մեզ առաջարկվում է ինքնաոչնչացում. «Գոյ» թատրոն

Ժաննա Անդրեասյան

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոն»-ի ստեղծագործական անձնակազմը նամակ է հղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, որը ներկայացնում ենք ամբողջությամբ։

«Հարգելի՛ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյան,

Մեզ ուղղված Ձեր պատասխան գրության մեջ Դուք փաստել եք, որ շրջանառության մեջ է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ միացման ձևով վերակազմավորելու նախագիծը և որ դա չի բխում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի անձնական դիրքորոշումներից:

Հարգելի տիկին նախարար, խնդրում ենք տեղեկացնել, թե շրջանառվող նախագծի հեղինակներն ովքե՞ր են, ինչպե՞ս և ի՞նչ հիմնավորումներից ելնելով է մշակվել, ինչպես Դուք եք նշում «բարեփոխումների» այս փաթեթը: Հարկ ենք համարում նշել, որ այն չի քննարկվել «Գոյ»-ի անձնակազմի հետ, հաշվի չեն առնվել մեր դիրքորոշումներն ու դիտարկումները:

Եվ արդյո՞ք, ՀՀ կառավարության ծրագիրը և ոլորտում պետական մշակութային քաղաքականության տրամաբանությունը, որին Ձեր պատասխանում հղում եք կատարել, ենթադրում են բարեփոխում անվան տակ կրճատել, փակել, քանդել, վերացնել հնարավոր ամեն բան, առանց անգամ ոլորտի մասնագետների ու հենց փակվող կամ միավորվող հաստատության անձնակազմի կարծիքը լսելու: Ստացվում է, որ բարեփոխում անվան տակ մեզ, իմպերատիվ կերպով, առաջարկվում է ինքնաոչնչացում և լուծարում:

Բերելով միջազգային պրակտիկայից օրինակ, դուք նշում եք, որ աշխարհում շատ տարածված է ազգային կարգավիճակ ունեցող առաջատար թատրոնների և փորձարարական թատերախմբերի գործունեության համադրումը: Կարելի է ենթադրել, որ ո՛չ պաշտոնավարման ընթացքում և ո՛չ էլ նախքան ԿԳՄՍ նախարարի պաշտոնը ստանձնելը, չեք եղել «Գոյ»-ում և չեք դիտել մեր ներկայացումներից որևէ մեկը, այլապես կտեսնեիք, որ «Գոյը» պրոֆեսիոնալ թատրոն է, այլ ոչ թե փորձարարական թատերախումբ, ինչպես նշված է պատասխան գրության մեջ:

Հարգելի՛ տիկին նախարար, ևս մեկ անգամ հայտնում ենք Ձեզ, որ «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դեմ է այս որոշմանը և միավորման դեպքում չի աշխատելու իր գործընկեր թատրոնի կազմում՝ որպես փորձարարական թատերախումբ: Այս դեպքում կարելի է փաստել, որ եթե կրճատվում է «Գոյ» կենտրոնը՝ որպես առանձին թատերական միավոր, ապա առաջարկվող բարեփոխումներն էլ դառնում են ինքնանպատակ ու կեղծ, որովհետև ոչ թե լուծում են թատրոնում առկա խնդիրները, այլ լուծարում են, վերացնում են թատրոնն ու թատերական միավորը: Եվ հարց է առաջանում, եթե չկա հասցեատերը, ապա ու՞մ է հասցեագրված օգնության ձեռքը:

Հարկ ենք համարում ևս մեկ անգամ նշել, որ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկվող այս նախագիծը առաջացրել է լարված, անորոշ մթնոլորտ թե՛ հանդիսատեսի և թե՛ ստեղծագործական անձնակազմի համար: Եվ այս պայմաններում ստեղծագործելն ու աշխատելը չափազանց դժվար է, իսկ ստեղծագործական կազմը, ուզում ենք տեղեկացնել ցանկացած թատրոնի կարևորագույն թերևս ամենակարևոր մասն է:

Սակայն, նույնիսկ այս քաոսային իրավիճակում, մեր աշխատանքը կանգ չի առել, մենք ամեն օր մեր հանդիսատեսի գոհունակ ծափերի, շնորհակալությունների ու շնորհավորանքների միջոցով ապացուցում ենք, որ վաստակել ենք առանձին թատերական միավոր լինելու մեր իրավունքը»,-նշված է նամակում:

Usanogh.am-ի զրույցը «Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանի հետ՝ այստեղ։