ԳլխավորԼուր

Ռեմարկը կրկին առաջատար է. ինչ գրքեր են վերցնում հայաստանյան գրադարաններից

Աղջիկը գիրք է ընտրում գրադարանում

Հայաստանյան գրադարանների սեպտեմբերյան գրքային տասնյակները հիմնականում պայմանավորված են դպրոցական ծրագրով հանձնարարված գրականության ընթերցմամբ, ինչպես ամռան ամիսներին էր, թեև, հուլիս-օգոստոսի համեմատ, առավել նվազ չափով։ Սեպտեմբերի ցուցակները շատ բազմազան են։ Ներկայացված է 70 հեղինակի 96 գրական գործ, հայտնում են Հայաստանի ազգային գրադարանից։

Քաղաքային գրադարաններում ամենից շատ կարդացվող հեղինակներն են Նար-Դոսը, Րաֆֆին, Ագաթա Քրիստին, Էրիխ Մարիա Ռեմարկը, Խալեդ Հոսեյնին, Ջոն Գրինը և ուրիշներ։

Ագաթա Քրիստիի՝ ցուցակում ընդգրկված քրեական վեպերից 11-ը տասնյակի կազմմանը մասնակից գրադարաններում սպասարկվել է 200 անգամ։ Գրողի «Դիակը գրադարանում» և «Սպանություն այբբենական կարգով» քրեավեպերը ամենաշատ ընթերցված գրքերի տասնյակում են։

«Երիտասարդության ամենասիրելի հեղինակների ցուցակում կրկին առաջատար է Էրիխ Մարիա Ռեմարկը, որի «Երկինքն ընտրյալներ չունի», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Երեք ընկեր», «Հաղթական կամար» և «Արևմտյան ճակատում նորություն չկա» գրքերը սեպտեմբերին ընթերցողները 108 անգամ են կարդացել։

Ալեքս Մայքլիդիսը, Գաբրիել Գարսիա Մարկեսը, Գուրգեն Խանջյանը, Գուրգեն Մահարին, Խալեդ Հոսեյնին, Մարկ Լևին, Նարինե Աբգարյանը, Ջոն Գրինը և Ջոջո Մոյեսը ներկայացված են երկուական, իսկ Ուիլյամ Սարոյանը՝ երեք գրքով։

Ցուցակներում պոեզիայի երաշտ է։ Նախորդ ամիսների պես ցուցակում ընդամենը մեկ-երկու բանաստեղծական ժողովածու կա։ Ժամանակն ամենևին պոետական չէ։ Ժամանակակից ընթերցողը հավանաբար իր բանաստեղծական «քաղցը» հագեցնում է համացանցային գրական էջերում նավարկելով»,-նշված է Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում։