ԳլխավորԼուր

Գրադարանավարի օրն է. Արցախում ավելի քան 1 միլիոն միավոր գրքեր են մնացել

ԱրՊՀ գրադարանի գրքերը

Հոկտեմբերի 7-ը Գրադարանավարի օրն է: Հայաստանում այս տարի օրը նշվում է «Ընթերցանության իրավունքի պաշտպանները» կարգախոսով, նշված է Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջում։

2004թ-ից Գրադարանավարի օրն ընդգրկված է Հայաստանի մասնագիտական օրերի տոնացույցում։ Գրադարանների և գրադարանավարների օրը տարբեր անվանումներով (Գրադարանի օր, գրադարանավարի օր, ընթերցողի օր, գրադարանային շաբաթ և այլն) նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում, սակայն մեծ հաշվով բոլորի կողմից ընդունված գրադարանների միջազգային օր գոյություն չունի։

Որպես այդպիսին հիշատակվում է հոկտեմբերի 24-ը, որը նշվում է մի քանի երկրում, այդ թվում՝ Գերմանիայում և Իսպանիայում։ Սակայն սա ամսաթվի պարզ համընկնում է միայն։

1828 թվականի հոկտեմբերի 24-ին գերմանացի գրադարանավար Կարլ Բենջամին Պրոյսկերը (Karl Benjamin Preusker) Գերմանիայում հիմնադրեց առաջին հանրային գրադարանը։

Իսպանիայում գրադարանի օրվա առաջարկն արվել է 1997թ. հոկտեմբերի 24-ին Մանկապատանեկան գրքերի ընկերների իսպանական ասոցիացիայի և Մշակույթի նախարարության կողմից: Օրն ընտրվել է ոգեկոչելու Սարաևոյի ազգային գրադարանի ոչնչացման հիշատակը, որը հրկիզվել է 1992 թվականին Բալկանյան պատերազմի ժամանակ։

Հայաստանում գրադարանավարները երեք տոն ունեն։ 2002թ. ապրիլից նշվում է Ազգային գրադարանային շաբաթը։ Հուլիսի 4-ին նշվում է Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման օրը (1832 թ.)։ Եվ վերջապես հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը։

Ֆրանսիայում գրադարանավարի օրը նշվում է հունվարին։ Փետրվարին տոնը նշվում է Ֆինլանդիայում և Սերբիայում։

Ապրիլին Մալթայում նշում են գրադարանների օրը, իսկ Լիտվայում, Հայաստանում և Վրաստանում Ազգային գրադարանային շաբաթը, որոնք այդ տոնը փոխ են առել Միացյալ Նահանգներից։

ԱՄՆ-ում Ազգային գրադարանային շաբաթները կազմակերպվում են ամեն տարի 1958 թ-ից։

Բուլղարիայում և Լեհաստանում գրադարանային շաբաթը նշվում է մայիսին։ Սլովենիայում մայիսի 26-ին նշում են հանրային գրադարանների օրը։

Ռուսաստանում մայիսի 27-ին նշվում է Ազգային գրադարանի օրը։ Այդ օրը 1795թ-ին Եկատերինա Երկրորդը ստորագրել է ներկայիս Ռուսաստանի ազգային գրադարանի հիմնադրման հրամանագիրը։

Ավստրալիայում գրադարանային շաբաթը նշվում է 1968 թ-ից Գրադարանների և տեղեկատվության ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Տարիներ շարունակ այն նշվում էր մայիսի վերջին, իսկ ներկայումս շաբաթը կազմակերպվում է հուլիս-օգոստոս ամիսներին։

Նշանավոր հնդիկ գրադարանավար Շիալի Րամամրիտա Ռանգանատանի ծննդյան օրը օգոստոսի 12-ին Հնդկաստանում նշվում է Գրադարանավարի օրը, իսկ նոյեմբերի 14-20 անցկացվում է Գրադարանային շաբաթը:

2012թ-ից սկսած սեպտեմբերին գրադարանների օրը նշվում է նաև Իտալիայում։ Յուրաքանչյուր տարի որևէ քաղաք գրադարանային մայրաքաղաք է հռչակվում, որտեղ էլ տեղի են ունենում հիմնական գրադարանային իրադարձությունները։ Ուկրաինայում գրադարանավարների օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 30-ին:

Հոկտեմբերին գրադարանային օրեր և շաբաթներ են կազմակերպվում շուրջ 10 երկրներում (Ավստրիա, Հունգարիա, Բելգիա, Միացյալ Թագավորություն, Էստոնիա, Գերմանիա, Իսպանիա, Պարագվայ, Հայաստան)։ Նոյեմբերին գրադարանային շաբաթն անցկացվում է Իռլանդիայում և Խորվաթիայում:

«Սիրելի գրադարանավարներ, հորդորում ենք օրվա ընթացքում բարձրաձայնել Արցախում անտերունչ մնացած գրադարանների ու ավելի քան 1 միլիոն միավոր գրքերի մասին»,-նշված է ՀԱԳ-ի գրառման մեջ:

Լուսանկարում՝ Արցախի պետական համալսարանի գրքերը տեղափոխվում են նոր մասնաշենք. հունիս, 2022 թ.