ԱրցախԳլխավորԼուր

Կրթական 87 ծրագրերի համար արցախցի ուսանողը ստիպված կլինի հավելյալ վճարել

Ուսանողները ԵՊՀ-ի բակում՝ սեպտեմբերի 1-ին

Հայաստանյան բուհերի առկա ուսուցմամբ 43 և հեռակա ուսուցմամբ 44 մասնագիտությունների գծով Արցախից բռնի տեղահանված ուսանողները կրթաթոշակ ստանալուց զատ` ստիպված կլինեն իրենք հավելավճարներ անել: Usanogh.am-ն այս տվյալները հավաքագրեց` ուսումնասիրելով ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հրապարակած բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող (բակալավրի և մագիստրոսի) այն հաստատությունների ցանկերը, որոնցում կարող են իրենց ուսումը շարունակել այս տարվա սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողները:

Առկա

Այսպիսով` բակալավրի առկա ուսուցմամբ կրթական այդ ծրագրերի ընդհանուր թիվը 117 է, որից 43-ի դեպքում արցախցի ուսանողները ստիպված կլինեն ուսման վարձը վճարելիս հավելավճարներ անել: Usanogh.am-ն առանձնացրել է այն կրթական ծրագրերը, որոնց դեպքում հավելավճարները բավական բարձր են:

Այսպիսով` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ուսման վարձը կազմում է 600 հազար դրամ, իսկ հատկացվող կրթաթոշակը` 460 հազար դրամ, հավելավճարը, փաստորեն, 140 հազար դրամ է:

ԵՊՀ «Իրավագիտություն» մասնագիտության գծով ուսման վարձը 1 միլիոն դրամ է, կրթաթոշակը՝ 700 հազար դրամ, հավելավճարը կազմում է 300 հազար դրամ:

Երևանի պետական համալսարանի «Թարգմանչական գործ` անգլերեն և հայերեն լեզուներ» կրթական ծրագրի դեպքում ուսման վարձը կազմում է 750 հազար դրամ, իսկ կրթաթոշակը` 544 հազար դրամ, այսինքն` արցախցի ուսանողը պետք է 206 հազար դրամ հավելավճար կատարի:

ԵՊՀ-ի մեկ այլ` «Տնտեսագիտություն» կրթական ծրագրի պարագայում ուսման վարձը կազմում է 850 հազար դրամ, կրթաթոշակը` 533 հազար դրամ, ուստի հավելավճարը կազմում է 317 հազար դրամ:

Նույն բուհի «Միջազգային հարաբերություններ» կրթական ծրագրի դեպքում ուսման վարձը կազմում է 900 հազար դրամ, մինչդեռ տրամադրվում է 700 հազար դրամ կրթաթոշակ, այսինքն` ուսանողն իր միջոցներից պետք է տրամադրի 200 հազար դրամ:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում էլ «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտության համար ուսման վարձը կազմում է 750 հազար դրամ, մինչդեռ կրթաթոշակը 574 հազար է, և հավելավճարը կազմում է 176 հազար դրամ:

Հեռակա

Ինչ վերաբերում է բակալավրի հեռակա ուսուցմամբ կրթական ծրագրերին, 91 կրթական ծրագրերից 44-ի դեպքում արցախցի ուսանողները ստիպված կլինեն հավելավճարներ անել:

Օրինակ` Մանկավարժական համալսարանի «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության համար ուսման վարձը 570 հազար է, կրթաթոշակը` 387 հազար, հետևաբար հավելավճարը կազմում է 183 հազար դրամ:

Նույն համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի գծով ուսման վարձը կազմում է 450 հազար դրամ, մինչդեռ կրթաթոշակը 362 հազար դրամ, այսինքն` հավելավճարը 88 հազար դրամ է:

ԵՊՀ «Տնտեսագիտություն» մասնագիտության դեպքում ուսման վարձը 680 հազար դրամ է, իսկ կրթաթոշակը` 438 հազար դրամ, այնպես որ ուսանողն իր գրպանից պետք է վճարի 242 հազար դրամ:

ԵՊՀ «Կառավարում (ըստ ոլորտի)» մասնագիտության պարագայում էլ ուսման վարձը 680 հազար դրամ է, մինչդեռ կրթաթոշակը 450 հազար դրամ, այսինքն` հավելավճարը կազմում է 230 հազար դրամ:

Նույն բուհի «Իրավագիտություն» կրթական ծրագրի համար ուսման վարձը 800 հազար դրամ է, կրթաթոշակը` 535 հազար, ուստի հավելավճարը կազմում է 265 հազար դրամ:

Նկատենք նաև, որ մի քանի տասնյակ մասնագիտությունների պարագայում ուսման վարձի և կրթաթոշակի տարբերությունը չնչին է:

Ցանկերում ներառված բուհերում մագիստրատուրայի ուսման վարձի չափը չի կարող գերազանցել 560 հազար դրամը, իսկ բակալավրիատի կրթական ծրագրերի դեպքում՝ 700 հազար դրամը: Կրթաթոշակների առավելագույն չափերը հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրով ուսուցում ապահովող բոլոր պետական բուհերի, ներառյալ՝ մասնաճյուղերի հաստատված վարձավճարների միջին արժեքների:

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանված ուսանողների թիվը մոտ 4600 է, նրանցից 1600-ը ԱրՊՀ-ից են:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ