2025-2026 ուստարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի համայնքապետարանների ենթակայությամբ գործող մանկապարտեզներում կգործարկվեն վաղ մանկության տարիքի խմբեր, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի և «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվում են ծրագրում ընդգրկված նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների, տեղակալների, բուժքույրերի, դաստիարակների և օգնականների կարողությունների զարգացման վերապատրաստումներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդիպել է ծրագրի մասնակիցների հետ՝ քննարկելու վաղ մանկության տարիքի խմբերի հետ աշխատանքի առանձնահատոկությունները:
«Շուրջ մեկ տարի է՝ աշխատում ենք վաղ տարիքի երեխաներին նախադպրոցական կրթության համակարգում ընդգրկելու նախագծի շուրջ և արդեն իսկ ունենք փոփոխություններ՝ այդ տարիքի երեխաների համար նախադպրոցական կրթության հնարավորությունների ապահովման ուղղությամբ: 9 մանկապարտեզում նախատեսվում է խմբերի գործարկում 12-24 ամսականների կամ 1-2 տարեկանների, իսկ Երևանի մեկ մանկապարտեզում՝ 6-12 ամսականների համար:
Համայնքային նախադպրոցական հաստատություններում վաղ տարիքի երեխաների խմբերի հիմնման ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Համաձայն ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի՝ մսուրի նշված ծառայությունների հասանելիություն պետք է ապահովվի բոլոր խոշորացված համայնքներում:





