ԳլխավորԼուր

Աշակերտները կարող են պիտակավորվել որպես մատնող՝ «խաբար տանող-բերող» և դրա պատճառով բուլինգի ենթարկվել. ՄԻՊ 

Ավագ դպրոցի միջանցքում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բուլինգի հիմնախնդրի վերաբերյալ։

Արտահերթ զեկույցի շրջանակներում վեր են հանվել և ներկայացվել բուլինգի հիմնախնդիրը, դրա հիմքում ընկած պատճառները, բուլինգի աննախադեպ ծավալները Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև ներկայացվել են իրավասու պետական մարմիններին ուղղված` խնդրի լուծմանն առնչվող առաջարկներ:

Ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ բուլինգի դրսևորումները ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ունեն լայն տարածում։

Ըստ ֆոկուս խմբային քննարկումներին մասնակցած աշակերտների գերակշռող մեծամասնության՝ որևէ անձի բուլինգի ենթարկելու հիմնական պատճառներից են՝ բոլորից բարձր լինելու, ինքնահաստատվելու միտումը, անհավասար պայմանները։

Ըստ երեխաների՝ առավել խոցելի խմբերից են ցածր առաջադիմություն ունեցող՝ «վատ սովորող», «վատ» հագուստ կրող, առանձնահատուկ արտաքին տեսք և հաշմանդամություն ունեցող երեխաները։

Երեխաների շրջանում տարածված մոտեցում կա այն մասին, որ բուլինգի ենթարկվողը ինքն է մեղավոր իր կարգավիճակի համար, քանի որ չի կարողանում պաշտպանել իր իրավունքները։

Կան աշակերտների առանձնացված խմբեր, որոնք հոգեբանական, ֆիզիկական ճնշում են գործադրում ավելի «թույլ» աշակերտների նկատմամբ։ Հատկանշական է, որ ֆոկուս խմբային քննարկումների ընթացքում երեխաները նշել են, որ դպրոցում գրանցվում են ֆիզիկական, հոգեբանական բռնության դեպքեր ոչ միայն աշակերտների, այլև ուսուցիչների կողմից։

Դպրոցների մեծամասնությունում ուսուցիչների կողմից նկատվում է խտրական վերաբերմունք աշակերտների նկատմամբ, որը դրսևորվում է ցածր գնահատական նշանակելու ձևով։ Ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ուսուցչի նկատմամբ վստահությունը դպրոցներում ցածր է, երեխաների մոտ առկա է զգուշավորություն՝ քննադատությունից և պիտակավորումից զերծ մնալու նպատակով: Երեխաների հետ զրույցները վկայում են, որ վերջիններս հաճախ են թաքցնում դպրոցում տեղի ունեցող միջադեպերը ուսուցիչներից, որովհետև ուսուցիչների արձագանքը նման դեպքերում բացասական հետևանք է ունենում աշակերտների համար։

Օրինակ՝ ուսուցիչը կարող է տարբերակված մոտեցում ունենալ իրենց հանդեպ, իսկ երեխաների շրջանում աշակերտները կարող են պիտակավորվել որպես մատնող՝ «խաբար տանող-բերող» և դրա պատճառով բուլինգի ենթարկվել։

Արտահերթ զեկույցը պատրաստվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ։