ԳլխավորՄի կտոր գիրք

Օսկար Ուայլդ. «Կարդա՞լ, թե՞ չկարդալ»

Օսկար Ուայլդ

Ներկայացնում ենք ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդի (16.10.1854-30.11.1900) հոդվածներից (թարգմանությունը՝ Էլֆիք Զոհրաբյանի)։

Կարդա՞լ, թե՞ չկարդալ

Հավատացած եմ, որ գրքերը պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբերի.

Գրքեր, որ պետք է կարդալ, ինչպես, օրինակ, Ցիցերոնի նամակները, Սվետոնիուս, Վազարիի «Նկարիչների կյանքը», «Բենվենուտո Չելլինիի ինքակենսագրությունը», Սըր Ջոն Մանդևիլ, Մարկո Պոլո, Սեն Սիմոնի «Հուշագրությունները», Մոմզեն, և (դեռևս ունենք մի ավելի լավ գործ), Գրոութի «Հունաստանի պատմությունը»:

Գրքեր, որ պետք է վերընթերցվեն, ինչպես, ասենք, Պլատոն և Քիթս, պոեզիայի բնագավառում՝ մեծերին, ոչ թե մենեստրելներին, փիլիսոփայության բնագավառում՝ տեսանողներին, ոչ թե նեղմիտ ուսյալներին…

Գրքեր, որոնք ամենևին պետք չէ կարդալ, ինչպես, ասենք, Թոմսոնի «Եղանակները», Ռոջերսի «Իտալիան», Փեյլիի «Վկայությունները», եկեղեցու բոլոր Հայրերին՝ բացառությամբ Սբ. Օգոստինոսի, Ջոն Սթյուարտ Միլի գործերը՝ բացի «Ազատություն» էսսեից, Վոլտերի բոլոր թատերախաղերն առանց որևէ բացառության, Բաթլըրի «Համանմանությունը», Գրանտի «Արիստոտելը», Հյումի «Անգլիան», Լուիսի «Փիլիսոփայության պատմությունը», բոլոր վիճահարույց և այն բոլոր գրքերը, որոնք փորձում են ինչ-որ բան ապացուցել:

Երրորդ խումբը բացառապես ամենակարևորն է: Մարդկանց ասել, թե ինչ կարդալ, որպես կանոն կա՛մ անօգուտ է կա՛մ վնասակար, քանի որ գրականության արժևորումը խառնվածքի խնդիր է, ոչ թե սովորեցնելու. Պառնաս հասնելու համար չկա այբբենարան, և այն, ինչ կարելի է սովորել, երբեք չարժե սովորել: Բայց մարդկանց ասել՝ ինչ չկարդալ, շատ տարբեր նշանակություն ունի, ու ես հանդգնում եմ առաջարկել դա՝ որպես առաքելություն, որ հանգեցնում է Տիեզերքի Տարածականության Նախագծին:

Անշուշտ, դա մի բան է, որ վսեմորեն անհրաժեշտ է մեր այս դարում, դար, որ կարդում է այնքան շատ, որ ժամանակ չունի հիանալու և գրում է այնքան շատ, որ ժամանակ չունի խորհելու:

Ով մերօրյա ուսումնական ծրագրի քաոսից ընտրի հարյուր ամենավատ գրքերը և հրապարակի դրանց ցուցակը, աճող սերնդին մի իսկական ու հարատև օգուտ կշնորհի: Այս տեսակետերն արտահայտելուց հետո, կարծում եմ, ամենևին չպետք է առաջարկություն անեմ՝ կապված հարյուր լավագույն գրքերի հետ, մինչդեռ, հույս ունեմ, ինձ թույլ կտաք վայելել հակասական լինելու հաճույքը, որովհետև ես բուռն ցանկություն ունեմ պահանջել մի գիրք, որ տարօրինակ կերպով բաց է թողնվել այն հրաշալի գիտակների կողմից, ովքեր թղթակցել են ձեր թերթին: Նկատի ունեմ «Հունական անթոլոգիան»: Ինձ թվում է՝ այս ժողովածուում ընդգրկված գեղեցիկ բանաստեղծությունները նույն տեղն են զբաղեցնում, ինչ հունական դրամատիկական երկերը, ինչպես Տանագրայի փոքրիկ նրբագեղ արձանիկները՝ Ֆիդիական մարմարների համեմատ, և միանգամայն անհրաժեշտ են՝ հունաց ոգին լիովին հասկանալու համար:

Ես նաև զարմանում եմ, իմանալով, որ Էդգար Ալըն Պոն անուշադրության է մատնված: Չէ՞ որ ռիթմիկ արտահայտչականության այս սքանչելի լորդն անշուշտ իր արժանի տեղն ունի: Եթե նրան տեղ տալու համար անհրաժեշտ լիներ ինչ-որ մեկին դուրս մղել, ես կհանեի Սաութիին, իսկ Քեբլը, կարծում եմ, ըստ արժանվույն կարող էր փոխարինվել Բոդլերով:

Անկասկած թե՛ «Քեհամայի անեծքում», թե՛ «Քրիստոնեական տարվա» մեջ որոշակիորեն կան պոետական որակներ, սակայն ճաշակի բացարձակ բազմազանությունն առանց վտանգների չէ: Միայն աճուրդախոսն է, որ պետք է հիանա արվեստի բոլոր դպրոցներով…

(«Փոլ Մոլ Գըզեթ»,
փետրվարի 8, 1886 թ.)