Աշտարակի դրամատիկական թատրոնում կայացել է Միքայել Նազարենկոյի «Ամ, ամիս ու ժամ» նորարարական ցուցահանդես-պերֆորմանսը, հայտնում են ԵԹԿՊԻ-ից։
Նախագիծը հանդիսատեսին առաջարկում է ապրել ժամանակի ընթացքը՝ տեսողական, ձայնային և շարժման համադրությամբ՝ միավորելով ժամանակակից արվեստն ու տեխնոլոգիական լուծումները։ Այս ձևաչափը գերազանցում է ավանդական ցուցահանդեսային սահմանները՝ վերածվելով հիբրիդային արտահայտչամիջոցի, որը դեռևս քիչ կիրառվող մոտեցում է հայաստանյան մշակութային միջավայրում։
Ցուցահանդես-պերֆորմանսն առանձնանում է ժամանակակից արվեստի կարևոր սկզբունքների ներդաշնակմամբ՝ առաջարկելով միջավայրի և ժամանակի ընկալման նոր հեռանկար։ Այստեղ միահյուսվում են լուսանկարչությունը, էլեկտրոնային երաժշտությունը, պարային պլաստիկան և կենդանի ընթերցումները՝ ստեղծելով ամբողջական դրամատուրգիական հոսք, որտեղ յուրաքանչյուր տարր նպատակաուղղված դիտողին ներգրավում է ընթացքի մեջ։
Ցուցահանդես-պերֆորմանսի ստեղծագործական կազմում են նաև Էդիտա Հովհաննիսյանը (պարային հատվածի բեմադրիչ), Միքայել Զաքարյանը (DJ), Լիանա Ավետիսյանը (բեք վոկալ):
Հավելենք, որ նախագծի առաջին ցուցադրությունը կայացել է ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքում։





