ԳլխավորԼուր

Քաղցկեղից ապրելիության ցուցանիշը Հայաստանում հասնում է 75%-ի

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) մեկնարկը

Մայիսի 18֊ին ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Հ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում պաշտոնապես տրվեց Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) մեկնարկը Հայաստանում։

«Կոնգրեսի անցկացումը Հայաստանում շատ կարևոր է ոլորտի համար, և դրա շնորհիվ հայտնվել ենք առաջատար երկրների շարքում՝ ստեղծելով հնարավորություններ մասնագետների միջև փորձի փոխանակման և հետագա համագործակցության համար։ Մանուկների առողջությունը հատապես նախարարության ուշադրության կենտրոնում է, և տարեցտարի ընդլայնվում է պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծառայությունների շրջանակը»,—նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը։

«Մեզ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել իր մեծությամբ աննախադեպ բժշկագիտական միջոցառումը։ Նախկինում կոնգրեսը անց է կացվել Հնդկաստանում, Չինաստանում, իսկ հաջորդ տարի՝ Ճապոնիայում: Արյունաբանությունը և ուռուցքաբանությունը հիմնաքարային ուղղություններ են բժշկության մեջ, և կոնգրեսը կարևոր օղակ է՝ տեղում միջազգային փորձի փոխանակման և շարունակական զարգացման համար»,—նշեց պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության գծով ՀՀ առողջապահության նախարարի խորհրդատու Սամվել Դանիելյանը։

Գևորգ Թամամյան
Գևորգ Թամամյանը

«Համաժողովի շնորհիվ այսօր Հայաստանն իր ուրույն տեղն է գրավում բժշկագիտության համաշխարհային քարտեզի վրա։ Արդեն իսկ նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք երկրների հետ բուժառուների հետագա բուժումը Հայաստանում շարունակելու ուղղությամբ»,—նշեց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանը։

Պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 19-ին Երևանի պետական բժշկական համալսարանում՝ միջազգային կառույցի ներակայացուցիչների մասնակցությամբ։

Համաժողովը մայիսի 18-21-ը հյուրընկալել է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների շուրջ 60 երկրներից, ովքեր հանդես են գալու զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ։

Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին, ինչը նորանոր հնարավորություններ է ձևավորելու տարաբնույթ համագործակցությունների հաստատման և զարգացման համար։

Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը։ Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից: Այժմ քաղցկեղից ապրելիության ցուցանիշը Հայաստանում արդեն իսկ ձգտում է 75%-ի։