ԳլխավորԼուր

Բացվել է «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցը

Ռադիոլրագրության դպրոց

Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում են ԵՊՀ-ից։

Աշնանային դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դասավանդող՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներ Լուսինե Վասիլյանն ու Լիլիթ Աղբալյանը:

«Ուրախ ենք ողջունելու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի սաներին Հանրային ռադիոյում, վստահ եմ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի: Այսօր լրատվամիջոցների միջև առկա սահմանները հետզհետե վերանում են, ուստի Հանրային ռադիոն նույնպես քայլում է ժամանակին համահունչ: Դա նշանակում է, որ այս մի քանի օրվա ընթացքում դուք կծանոթանաք ռադիոյի բազմաժանր աշխատանքին և կստանաք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը և հորդորեց ուսանողներին դեռևս ուսանողական տարիներից ակտիվորեն զբաղվել գործնական աշխատանքով, ինչը թույլ կտա համալսարանն ավարտելուց հետո աշխատանքային շուկա մուտք գործել արդեն իսկ պրակտիկ հմտություններով:

Այնուհետև Գարեգին Խումարյանն ուսանողներին ներկայացրեց Հանրային ռադիոյի պատմությունը, գործունեության հիմնական ուղղությունները, որդեգրած քաղաքականությունն ու նպատակները:

«ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հայաստանի հանրային ռադիոյի գործակցությունը տասնամյակների պատմություն ունի, սակայն այսօր նոր էջ ենք բացում, նոր սկիզբ ենք նախանշում: «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի շրջանակում ուսանողները ռադիոյի գաղտնիքները կբացահայտեն «ներսից», կշփվեն ոլորտի հայտնի, փորձ ու վաստակ ունեցող դեմքերի հետ, կծանոթանան նրանց ստեղծագործական խոհանոցին: Կարևոր է արձանագրել նաև, որ այսպիսով բուհ-գործատու հարաբերությունների բոլորովին նոր որակ ու մակարդակ ենք արձանագրում»,- ասաց Նաղաշ Մարտիրոսյանը:

Լուսինե Վասիլյանը նշեց, որ ուսանողները հնարավորություն կունենան հանդիպելու ռադիոն խորհրդանշող աշխատակիցների հետ, քննարկելու քաղաքական, հասարակական և մշակութային թեմաներ, ծանոթանալու խոսքի վարպետության նրբություններին ու արտակարգ դրությունում և ուղիղ եթերում աշխատելու հմտություններին:

Լիլիթ Աղբալյանն էլ համալսարանականներին խորհուրդ տվեց լինել ակտիվ, հետևել ռադիո հաղորդումներին, հանդես գալ դիտողություններով ու առաջարկներով, ինչպես նաև պատրաստված ներկայանալ բանախոսների հետ հանդիպումներին:

Նշենք, որ աշնանային մեկշաբաթյա դպրոցի ընթացքում ապագա լրագրողների համար ամեն օր կազմակերպվելու են հանդիպումներ ռադիոյի մասնագետների հետ: Աշնանային դպրոցի ավարտին ուսանողները նաև հավաստագրեր կստանան:

Comment here