ԳլխավորՄի կտոր գիրք

Ռեյ Բրեդբերի. «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»

Ամերիկացի արձակագիր Ռեյ Բրեդբերիի (22.08.1920– 5.06.2012) ծննդյան օրն է: Ներկայացնում ենք հատվածներ նրա ամենանշանավոր` «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ստեղծագործությունից:

***

Քամուց քշված աշնանային տերեւները պտտվում էին լուսնի լույսով ողողված մայթի վրա, իսկ ընդառաջ եկող աղջիկը թվում էր՝ ոչ թե քայլում, այլ պարզապես սահում էր տերեւների ու քամու միջով։ Նա գլխահակ հետեւում էր, թե ինչպես են կոշիկների ծայրերը դիպչում պարող տերեւներին։ Նրա նուրբ, մեղմ ու կաթնագույն դեմքը անհագ հետաքրքրասիրություն էր արտահայտում։ Հայացքը՝ թեթեւ զարմանք։ Մուգ աչքերով այնպես ուշադիր էր զննում շուրջը, որ թվում էր՝ ոչինչ չի վրիպի նրանից։ Աղջիկը ճերմակ, խշխշան զգեստ էր հագել։ Մոնթագին թվում էր, թե ինքը, քայլքին համապատասխան, տեսնում է նրա ձեռքերի ամեն մի շարժումը, դեմքի շենշող դողը, լսում նույնիսկ անորսալի թվացող հնչյունները։ Հանկարծ աղջիկը գլուխը բարձրացրեց ու տեսավ, որ ընդամենը մի քանի քայլ, եւ ինքը կբախվի մայթի մեջտեղում կանգնած տղամարդուն։

Նրանց գլխավերեւում խշշացող ճյուղերը չոր տերեւների անձրեւ տեղացին։ Աղջիկը կանգ առավ։ Անակնկալի գալով՝ նա ուզում էր ետ ցատկել, բայց սոսկ անքթիթ նայեց Մոնթագին։ Նրա մուգ, կայծկլտուն ու կենսախինդ աչքերն այնպես շողացին, ասես ինչ֊որ փաղաքուշ խոսք լսեց։ Սակայն Մոնթագը գիտեր, որ ինքը ողջունեց նրան։ Ապա նկատելով, որ աղջիկը կախարդվածի պես նայում է իր համազգեստի թեւքի սալամանդրի եւ կրծքի փյունիկի պատկերներին, հարցրեց․

— Դուք մեր նոր հարեւանուհի՞ն եք։
— Իսկ դուք, հավանաբար…,— վերջապես նա հայացքը կտրեց նրա մասնագիտական նշաններից,— հրկիզո՞ղ եք։— Աղջկա ձայնը մարեց։
— Այդ ի՞նչ տարօրինակ ձեւով ասացիք։
— Ես… ես գլխի կընկնեի նույնիսկ աչքերս փակ,— ցածրաձայն ավելացրեց նա։
— Նավթի հոտից, չէ՞։ Կինս միշտ դժգոհում է։— Մոնթագը ծիծաղեց։— Երբեք հնարավոր չէ մաքուր լվանալ։
— Այո, հնարավոր չէ,— չգիտես ինչու վախվորած ասաց աղջիկը։

Մոնթագին թվաց, թե նա պտտվում է իր շուրջը, շուռումուռ է տալիս իրեն, թեթեւակի թափահարում, դատարկում գրպաններն՝ առանց որեւէ շարժումի։

— Նավթի հոտը,— ձգվող լռությունը խզելու համար ասաց նա,— ինձ համար ասես օծանելիքի բույր լինի։
— Իսկապե՞ս։
— Իհարկե, իսկ ինչո՞ւ ոչ։
— Չգիտեմ,— առժամանակ մտածելուց հետո պատասխանեց նա, ապա շրջվեց իրենց տների կողմը։— Կարելի՞ է քայլել ձեզ հետ։ Իմ անունը Քլարիս Մըքլելըն է։
— Քլարիս… Ես Գայ Մոնթագն եմ։ Գնացինք։ Մենակ ի՞նչ եք անում այս ուշ ժամին։ Քանի՞ տարեկան եք։

Տաք, հողմաշունչ գիշերվա մեջ նրանք քայլում էին լուսնից արծաթազօծ մայթով․ Մոնթագին թվում էր, թե օդը հագեցած է թարմ ծիրանի բույրով։ Նա նայեց շուրջը եւ հասկացավ, որ խաբկանք է։ Չէ՞ որ ուշ աշուն էր։ Ո՛չ, այդ ամենը չկար։ Կար միայն կողքից քայլող աղջիկը, որի դեմքը ձյան պես փայլածում էր լուսնի լույսի տակ։ Նա զգում էր, որ Քլարիսը մտորում է իր տված հարցերի շուրջը, որպեսզի ավելի լավ պատասխան տա։

— Դե՛,— վերջապես ասաց նա,— ես տասնյոթ տարեկան եմ եւ խենթ։ Քեռիս պնդում է, թե մեկն անխուսափելիորեն ուղեկցում է մյուսին։ Նա ասում է՝ եթե տարիքդ հարցնեն, միշտ պատասխանիր, որ տասնյոթ ես եւ խենթ… Գիշերով զբոսնելը հաճելի է, չէ՞։ Ես սիրում եմ զննել իրերը, հոտոտել, երբեմն ամբողջ գիշերը թափառում եմ եւ դիմավորում արեւածագը։

Որոշ Ժամանակ նրանք քայլում էին լուռ։ Հանկարծ աղջիկը մտախոհ ասաց․

— Գիտե՞ք, ես ձեզնից ամենեւին չեմ վախենում։
— Իսկ ինչո՞ւ պիտի վախենայիք,— զարմացած հարցրեց Մոնթագը։
— Ձեզնից, այսինքն՝ ուզում եմ ասել՝ հրկիզողներից, շատերն են վախենում։ Բայց դուք էլ, ի վերջո, նույնպիսի մարդ եք…

Նրա աչքերում, ինչպես ջրի երկու զուլալ կաթիլներում, Մոնթագը տեսավ իր արտացոլանքը՝ խավար, պստլիկ, բայց ճշգրիտ, նույնիսկ բերանի շուրջը եղած փոսիկներն էին երեւում,— ասես նրա աչքերը մանուշակագույն սաթի երկու կախարդական բեկորներ էին, որ իրենց մեջ էին առել իր պատկերը։ Իր կողմը շրջված աղջկա դեմքը նման էր հանդարտ, անմար լույս ճառագող դյուրաբեկ, կաթնագույն բյուրեղի։ Ծակող ու վառ էլեկտրական լույս չէր դա, այլ մոմի՝ տարօրինակ կերպով հանգստացնող, չափազանց մեղմ ցոլանք։ Երեխա ժամանակ, վթարի հետեւանքով մի անգամ էլեկտրական լույսը մարեց, եւ մայրը գտավ ու վառեց վերջին մոմը։ Այդ կարճ միջոցին, հրաշալի հայտնագործությունների այդ պահին, աշխարհն ասես փոխվեց, տարածությունը դադարեց անսահման լինելուց՝ հարմարավետորեն խտացավ նրանց շուրջը։ Մայր ու որդի մի տեսակ կերպարանափոխված նստել էին՝ սրտանց ցանկանալով, որ էլեկտրականությունը հնարավորին չափ ուշ միացվի…

Հանկարծ Քլարիսն ասաց․

— Կարելի՞ է մի հարց տալ… Վաղո՞ւց եք հրկիզող աշխատում։
— Քսան տարեկանից։ Արդեն տասը տարի է։
— Իսկ դուք երբեւէ կարդո՞ւմ եք ձեր այրած գրքերը։

Մոնթագը ծիծաղեց․

— Դա պատժվում է օրենքով։
— Հասկանալի է։
— Հիանալի աշխատանք է։ Երկուշաբթի Միլլեյի գրքերն այրել, չորեքշաբթի՝ Ուիթմենի, ուրբաթ՝ Ֆոլկների։ Վառել—մոխրացնել, հետո էլ մոխիրն այրել։ Սա է մեր մասնագիտության նշանաբանը։

Նրանք մի քիչ քայլեցին, ապա աղջիկն ասաց․

— Ասում են՝ ժամանակին հրշեջներ են եղել, որ հրկիզողների նման ոչ թե վառել, այլ հանգցրել են հրդեհները, ճի՞շտ է։
— Ո՛չ, շենքերը միշտ էլ հրակայուն են եղել, կարող եք չկասկածել։
— Տարօրինակ է։ Ես լսել եմ, որ առաջներում տներն այրվել են անզգուշության հետեւանքով, եւ հրշեջներ էին պետք կրակը հանգցնելու համար։

Մոնթագը ծիծաղեց։

Աղջիկը թռուցիկ հայացք նետեց նրա կողմը։

— Ինչո՞ւ եք ծիծաղում։
— Չգիտեմ։— Նա կրկին ծիծաղեց, բայց հանկարծ լռեց։— Իսկ ի՞նչ կա որ։
— Դուք ծիծաղում եք, թեպետ ես ոչ մի ծիծաղելի բան չասացի, եւ ամեն ինչի պատասխանում եք անմիջապես։ Երբեք չեք մտածում իմ հարցրածի մասին։
Մոնթագը կանգ առավ։
— Դուք իրոք որ տարօրինակ եք,— ասաց նա՝ նայելով աղջկան։— Ի՞նչ է, բոլորովին չե՞ք հարգում ձեր զրուցակցին։
— Ես չէի կամենում ձեզ վիրավորել։ Պարզապես շատ եմ սիրում ուսումնասիրել մարդկանց։
— Իսկ սա մի՞թե ձեզ ոչինչ չի հուշում։— Նա թեթեւ մատնահարեց իր սեւաթույր բաճկոնի թեւքին դաջված 451 թիվը։
— Հուշում է,— շշնջաց աղջիկը եւ արագացրեց քայլերը։— Երբեւէ ուշադրություն դարձրե՞լ եք, թե հրթիռային ավտոմեքենաները ինչպես են սլանում բուլվարին հարող մայրուղիով։
— Խոսակցության նյո՞ւթն եք փոխում։
— Երբեմն ինձ թվում է, թե դրանց վարորդները չգիտեն՝ ինչ են խոտը կամ ծաղիկները։ Չէ՞ որ այդ ամենը նրանք կարող են տեսնել միայն մեծ արագության ընթացքում,— շարունակեց նա։— Ցույց տվեք կանաչ բիծ, եւ նրանք կասեն․ «Օ՜, այո՛, խոտ է»։ Ցույց տվեք վարդագույն բիծ, կասեն՝ վարդանոց է։ Սպիտակ բծերը շենքեր են, դարչնագույնը՝ կովեր։ Մի անգամ քեռիս փորձեց մեքենան վարել ժամում քառասուն մղոն արագությամբ, նրան ձերբակալեցին եւ երկու օր բանտ նստեցրին։ Ե՛վ ծիծաղելի է, եւ՛ տխուր, այնպես չէ՞։

— Դուք չափազանց շատ եք մտածում,— անհարմար զգալով ասաց Մոնթագը։
— Ես հազվադեպ եմ հեռուստատեսային հաղորդումներ դիտում, գրեթե չեմ այցելում զվարճավայրեր, այդ պատճառով էլ խելացնոր մտքերը հաճախ են այցելում ինձ։ Տեսե՞լ եք քաղաքից դուրս տանող ճանապարհին տեղադրված ազդավահանակները։ Այժմ դրանց երկարությունը երկու հարյուր ոտնաչափ է, իսկ գիտե՞ք, որ ժամանակին ընդամենը քսան ոտնաչափ են եղել։ Հիմա մեքենաներն այնքան մեծ արագություն են զարգացնում, որ ստիպված են եղել ազդագրերը մեծացնել, այլապես ոչ ոք չէր կարող կարդալ։

— Ո՛չ, չգիտեի,— պոռթկաց Մոնթագի ծիծաղը։
— Իսկ ես մի բան էլ գիտեմ, որ դուք երեւի չգիտեք։ Առավոտները կանաչի վրա ցող է իջնում։

Նա այդպես էլ չկարողացավ հիշել երբեւէ իմացե՞լ է, թե ոչ եւ հանկարծ նեղսրտեց։

— Իսկ եթե այնտեղ նայեք,— Քլարիսը գլխով շույց տվեց երկինքը,— ապա լուսնի վրա մարդ կտեսնեք։

Բայց Մոնթագը վաղուց առիթ չէր ունեցել երկնքին նայելու… Նրանք շարունակեցին քայլել, աղջիկը՝ մտախոհ, Մոնթագը՝ սրտնեղած եւ անհարմարության զգացումից ժամանակ առ ժամանակ նրա վրա կշտամբալից հայացքներ նետելով։ Երբ մոտեցան աղջկա տանը, բոլոր պատուհանները վառ լուսավորված էին։

— Ի՞նչ է կատարվում այստեղ,— բնակելի տներում այդպիսի լուսավորություն Մոնթագը երբեւէ չէր տեսել։
— Ոչինչ էլ չի պատահել։ Պարզապես մայրիկս, հայրիկս եւ քեռիս միասին նստել ու զրուցում են։ Այժմ դա նույնքան հազվադեպ է, որքան ոտքով քայլելը։ Ես ձեզ ասացի՞, որ քեռուս մի անգամ էլ ձերբակալեցին։ Այո՛, այն պատճառով, որ քայլում էր։ Օ՜, մենք շատ տարօրինակ ենք։

— Բայց ինչի՞ մասին են զրուցում։

Աղջիկը ծիծաղեց։

— Բարի գիշեր,— ասաց նա եւ շրջվեց տան կողմը։ Հանկարծ կանգ առավ, ասես ինչ֊որ բան հիշելով՝ կրկին մոտեցավ Մոնթագին ու զարմանքով ու հետաքրքրասիրությամբ նայեց նրա դեմքին։
— Դուք երջանի՞կ եք,— հարցրեց։
— Ինչ ասացի՞ք,— բացականչեց Մոնթագը։

Բայց աղջիկն արդեն գնացել էր․ նա վազում էր լուսնի լույսով ողողված ճանապարհով։

***

— Ինչո՞ւ դպրոց չեք գնացել։ Սովորելու փոխարեն օրերով թափառում եք մենակ։

— Դե, դպրոցում ինձ չեն սպասում,— պատասխանեց աղջիկը։— Իսկ գիտե՞ք ինչու, ասում են, իբր ես մարդամոտ չեմ, որ դժվար եմ մտերմանում։ Տարօրինակ է։ Իրականում շատ մարդամոտ եմ։ Կարեւորն այն է, թե ինչ ենք հասկանում մարդամոտ ասելով։ Իմ կարծիքով՝ մարդկանց հետ շփվել, նշանակում է այնպես զրուցել, ինչպես մենք ենք զրուցում։— Նա ափի մեջ չխկչխկացրեց մի քանի շագանակ, որոնք գտել էր այգում, ծառի տակ։— Կամ զրուցել այն մասին, թե ինչ զարմանալի է աշխարհը։ Սիրում եմ մարդկանց հետ լինել։ Բայց բոլորին իրար գլխի հավաքել եւ թույլ չտալ ոչ մեկին բառ ասել՝ ի՞նչ շփում է։ Դաս հեռուստացույցով, բասկետբոլի, բեյսբոլի կամ վազքի, հետո պատմության դաս՝ ինչ֊որ բան ենք արտագրում, կամ էլ նկարչության դաս՝ ինչ֊որ բան ենք արտանկարում, հետո կրկին սպորտ։ Գիտե՞ք, դպրոցում մենք երբեք հարց չենք տալիս։ Համենայն դեպս՝ մեծամասնությունը։ Նստում ենք ու լռում, իսկ մեզ ռմբակոծում են պատասխաններով՝ թրը՛խկ, թրը՛խկ, թրը՛խկ։ Հետո մի չորս ժամ էլ նստում ենք եւ ուսումնական կինոնկար դիտում։ Այդ ի՞նչ շփում է։ Բազմաթիվ ձագարներ են, որոնց մեջ ջրհորդաններով ջուր են լցնում միայն նրա համար, որ դուրս թափվի մյուս ծայրից։ Դեռ հետն էլ հավատացնում են, թե իբր գինի է։ Օրվա վերջին այնպես ենք հոգնում, որ միայն կարող ենք ընկնել ու մրափել կամ էլ գնալ զվարճավայր՝ կռիվ սարքել եւ կամ ապակի ջարդելու հատուկ սրահում ապակի փշրել, կամ էլ պողպատե մեծ գնդով մեքենա խորտակել ավտովթարի տաղավարում, կամ թե նստել մեքենա եւ սլանալ փողոցներով։ Այդպիսի մի խաղ կա՝ ո՞վ առաջինը կվախենա, սրընթաց դեմառդեմ քշում են իրար վրա, պարտվում է նա, ով առաջինն է խույս տալիս։ Թերեւս նրանք իրավացի են․ հավանաբար, ես մարդամոտ չեմ։ Ընկերներ չունեմ։ Դա էլ կարծես տեղիք է տալիս, թե խախտված եմ։ Բայց իմ բոլոր հասակակիցները կամ ճչում ու ցատկում են խելագարի պես, կամ էլ ծեծկռտում են իրար։ Նկատե՞լ եք, որ այժմ մարդիկ անողոք են միմյանց նկատմամբ։

***

Պոմպերը միացրին, եւ նավթի սառը շիթերը դուրս ժայթքեցին 451 թվակիր բաքերից․ յուրաքանչյուր հրկիզողի մեջքին փոկերով ամրացված էր այդպիսի մի բաք։ Նրանք նավթով ողողեցին սենյակները, ապա փութկոտ իջան սանդուղքով։ Նավթի գոլորշուց շնչահեղձ Մոնթագը գայթելով քայլում էր վերջում։

— Դո՛ւրս եկեք,— կարգադրեցին նրանք կնոջը։— Շո՛ւտ։

Նա ծունկի էր իջել խառնիխուռն թափված գրքերի մեջ, մատներով քնքշորեն հպվում էր թրջված կազմերին, շոշափում ուռուցիկ վերնագրերը, ապա կշտամբանքով նայեց Մոնթագին։

— Դուք չեք ստանա իմ գրքերը,— վերջապես ասաց նա։
— Օրենքը ձեզ հայտնի է,— ասաց Բիթին։— Որտե՞ղ է ձեր ողջամտությունը։ Այս գրքերում ամեն ինչ հակասական է։ Իսկական բաբելոնյան խառնաշփոթություն։ Եվ դուք տարիներ շարունակ փակվել եք այստեղ։ Դեն նետեք այդ ամենը, ազատություն ձեռք բերեք։ Այդ գրքերի հերոսները երբեք գոյություն չեն ունեցել։ Հիմա գնացինք։

Կինը գլուխն օրորեց։

— Այժմ ամբողջ շենքը կայրվի,— ասաց Բիթին։

Հրկիզողների տձեւ կերպարանքներն ուղղվեցին դեպի դուռը։ Նրանք նայեցին Մոնթագին, որ կանգնած էր կնոջ կողքին։

— Հո նրան այստեղ չե՞նք թողնելու,— զայրացած գոչեց Մոնթագը։
— Նա չի ուզում հեռանալ։
— Պետք է ստիպել։

Բիթին բարձրացրեց ձեռքը, որի մեջ վառիչն էր։

— Մենք պետք է վերադառնանք հրակայան։ Սակայն այս մոլեռանդները միշտ փորձում են ինքնասպանություն գործել։ Հայտնի բան է։

Մոնթագը բռնեց կնոջ թեւքից։

— Եկեք ինձ հետ։
— Ո՜չ,— ասաց նա։— Համենայն դեպս, ձեզնից շնորհակալ եմ։
— Հաշվում եմ մինչեւ տասը,— ասաց Բիթին։— Մեկ, երկու…
— Խնդրում եմ,— ասաց Մոնթագը կնոջը։
— Հեռացե՜ք,— ասաց կինը։
— Երեք, չորս…
— Դե, խնդրում եմ,— Մոնթագը կնոջը քաշեց իր ետեւից։
— Ես կմնամ այստեղ,— ցածրաձայն պատասխանեց նա։
— Վեց…
— Կարող եք այլեւս չհաշվել,— ասաց կինը։ Նա բացեց մատները, եւ նրա ափի մեջ երեւաց մի փոքրիկ, բարակ փայտիկ։

Սովորական լուցկու հատիկ էր։

Տեսնելով այդ՝ հրկիզողները աճապարանքով դուրս նետվեցին տնից։ Հրկիզապետ Բիթին, արժանապատվությունը չկորցնելով, դանդաղ նահանջեց դեպի ելքի դուռը։ Նրա վարդագույն դեմքին հազարավոր հրդեհների ու գիշերային տագնապների փայլն էր վառվում։

— Աստված իմ,— մտածեց Մոնթագը,— որքան ճիշտ է։ Տագնապի ահազանգերը միշտ գիշերն են լինում։ Ցերեկը՝ երբեք։ Մի՞թե պատճառն այն է, որ հրդեհն ավելի գեղեցիկ է գիշերը։

Դռների մեջ տատամսող Բիթիի դեմքին խուճապ հայտնվեց։ Կնոջ ձեռքը սեղմում էր լուցկու միակ հատիկը։ Օդը հագեցած էր նավթի կոկորդ քերող հոտով։ Մոնթագն զգաց, թե ինչպես է թաքցրած գիրքը կենդանի սրտի նման բաբախում թեւատակին։

— Հեռացեք,— ասաց կինը։

Մոնթագն զգաց, որ ինքը Բիթիի ետեւից շարժվում է դեպի դուռը, ապա աստիճաններով իջնում ցած, քայլում մարգագետնի կողմը, որտեղ երեւում էր նավթի մուգ, չարագույժ օձի նմանվող հետագիծը։

Կինը գնում էր նրանց ետեւից։ Նա կանգ առավ առմուտքի հարթակին եւ երկար, հանդարտ հայացք ձգեց նրանց վրա։ Նրա լռությունը դատապարտող էր։

Բիթին չխկացրեց վառիչը։

Բայց նա ուշացավ։ Մոնթագը սարսափից քարացավ։

Շեմին կանգնած կինը քամահրական հայացք նետելով նրանց վրա՝ լուցկին քսեց բազրիքին։

Comment here