ԳլխավորԽճանկար

Թանկ դերասանը. հիշողություններ՝ Սամվել Սարգսյանի մասին

Դերասան Սամվել Սարգսյան

Մի քանի օրից կդառնար 68 տարեկան, բայց չհասցրեց… Սամվել Սարգսյանն է մահացել` թատրոնի և կինոյի արտիստը: Ավագ սերունդը նրան կհիշի «Մեր մանկության տանգոն» ֆիլմից, ավելի կրտսեր սերունդը` «Փեսացուն կրկեսից»  ֆիլմից, «Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներից և շատ այլ նախագծերից: Սամվել Սարգսյանը թանկ դերասան էր` բառի բոլոր իմաստներով. նա մարդ էր, որը լավ գիտեր իր գինը:

Լավ դերասանը պետք է լավ վարձատրվի

Սամվել Սարգսյանն ասում էր, որ կարևոր է` դու լավ ես խաղում դերը, թե ոչ, բայց ավելի կարևոր է` այն քեզ ոգևորում է, թե ոչ…Մեր հերթական զրույցներից մեկի ժամանակ Սամվել Սարգսյանն ասաց` գոնե ճաշակ թելադրող դերասանները պետք է նորմալ վարձատրվեն. «Ռեժիսորներից մեկին մի առիթով առաջարկեցին ինձ հետ համագործակել, ասաց` չէ, ինքը թանկա, իր տեղը կարող ենք ութ հոգի վերցնել… Միայն թե մեկին գտնեն-բերեն: Այդ իրենց պատկերացմամբ եմ թանկ դերասան, գործից հասկացող մարդը երբեք նման բան չի ասի»։

«Էս ո՞վ է գրել էս ապուշությունը…»

Սամվել Սարգսյանի համար միեւնույն չէր, թե ինչ ֆիլմում է նկարվում,  ասում էր`ես եմ պատասխանատու իմ դերի համար: Գիտեմ, շատ եմ լսել, որ հենց սերիալների նկարահանման հրապարակներում կարդացել է սցենարն ու ասել. «Էս ո՞վ է գրել էս ապուշությունը, ես սա չեմ խաղա, կա՛մ փոխեք, կա՛մ սցենարիստին զգուշացրեք, որ պրիմիտիվ, հիմար բաներ չգրի»:

«Նրանց պետք է դատի տալ, ոչ թե աշխատավարձ…»

Մի անգամ հարցրի, թե ինչու չի դասավանդում Թատերական ինստիտուտում, ասաց. «Իմացա` ինչքան են պատրաստվում վճարել, ասացի` էդքանը միայն իմ գնալ-գալու ծախսն է, հետո իմացա` ովքեր են այնտեղ դասավանդում. մարդիկ, որոնք իմ օրոք մասսայական տեսարաններում էին հանդես գալիս… Նրանց պետք է դատի տալ, ոչ թե աշխատավարձ, էդ մարդիկ ի՞նչ գիտեն, որ ինչ էլ սովորեցնեն»:

Զավակներին ընկերացրել էր

Երբ Սամվել Սարգսյանին ասում էի, որ երկրպագուները հարցնում են իր մասին, ասում էր. «Աղջիկնե՞րն են հարցնում»: Երբ վերջին տարիներին զրուցում էի հետը, հասկանում էի, որ մենակ է ապրում, նրա կողքին կին չկար: Փոխարենը առանձնակի ջերմությամբ խոսում էր զավակների մասին: Նա ունի մեկ որդի և մեկ դուստր: Զավակները տարբեր մայրերից են: Միշտ ասում էր. «Այնքա՜ն ուրախ եմ, որ կարողացել եմ քրոջն ու եղբորը ընկերացնել: Նայում եմ, սիրտս փառավորվում է: Ի դեպ, ասեմ, որ տղաս եւ աղջիկս բավական ուշ տարքիում են իրար հետ ծանոթացել: Ընդ որում, աղջիկս գիտեր, որ եղբայր ունի, բայց տղաս չգիտեր, որ քույր ունի: Տղաս բնավորությամբ ինձ է նման, դուստրս էլ Սոս Սարգսյանի թոռնուհին է»:

Շատերը կարծում են, թե Սամվել Սարգսյանը գյումրեցի էր: Երևի այն պատճառով, որ նա ժամանակին ինքն էր ընտրել Գյումրին` Վարդան Աճեմյանի անվան թատրոնում աշխատելու համար: Եվ Գյումրին նրա համար ճակատագրական դարձավ…Այս քաղաքում նա գտավ կնոջը, որը թատրոնի դաշնակահարուհին էր, և այս քաղաքում էլ 88-ի  ավերիչ երկրաշարժի պատճառով կորցրեց կնոջն ու 7-ամյա որդուն: Նույնիսկ ամենազվարթ պահերին այդ ողբերգությունը կարծես դաջված լիներ դեմքին: Իսկ երբ խոսում էր այդ մասին,  փոքրիկ արցունք խաղում էր կոպին ու արագ անհետանում: Սամվել Սարգսյանը կյանքի ողբերգություններին կծու հումորով նայելու մասին էր:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ