ԳլխավորԼուր

7-8 դասագիրք ուսումնական այս տարում թղթային տարբերակով այդպես էլ չենք ունենա․ Սերոբ Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Շուրջ 7-8 դասագիրք ուսումնական այս տարում թղթային տարբերակով այդպես էլ չենք ունենա․ այս մասին Usanogh.am-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ օրինակ՝ «Ֆրանսերեն» առարկայից ո՛չ 5-րդ , ո՛չ 7-րդ դասարաններում դասագիրք չունենք, «Ռուսաց լեզվից» չունենք դասագիրք 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում, «Գերմաներենից», «Թվային գրագիտությունից» չունենք դասագիրք 7-րդ դասարանում, «Իմ հայրենիք» առարկայից՝ 5-րդ դասարանում։

Usanogh.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ մինչև սեպտեմբերի վերջ Հայաստանում բոլոր դպրոցները կունենան 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների նոր կազմված դասագրքերը։

Տեղեկացրել էինք նաև, որ ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն, քանի որ սահմանված ընթացակարգերը որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում:

Սերոբ Խաչատրյանը շեշտեց՝ այն առարկաների ուսուցիչները, որոնց թղթային տարբերակով դասագրքերը չկան, ստիպված են հին դասագրքերով կամ Տավուշում փորձարկված նյութերով անցկացնել դասապրոցեսը․ «Ընդ որում, «Ռուսերենի» դասագիրքը 2-րդ դասարանի համար շատ կարևոր է, այն այբբենարանն է, առարկայի մեկնարկը։ Սա մեծ խնդիր է լինելու»։

Փորձագետը նաև ընդգծեց՝ եթե այսքան մեծ թվով առարկաներից մասնակիցներ, հաղթողներ չկան, նշանակում է՝ դասագրքերի մրցույթի պայմանները լավը չեն եղել, ժամկետները սուղ են եղել․ «Ի դեպ, բազմաթիվ առարկաների դեպքում ընդամենը 1 դասագիրք է հաղթել, և ուսուցիչն ընտրության հնարավորություն չունի»,-եզրափակեց փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ