ԳլխավորՀայաստանս

Շուշիի ազատագրման օրն է

Այսօր` մայիսի 8–ին, նշվում է Շուշիի` Արցախի եզակի բերդաքաղաքի ազատագրման օրը։ «Հարսանիք լեռներում» անվանումը ստացած Շուշիի ազատագրման գործողությունը եւս եզակի էր ռազմական առումով։

1992 թվականի ապրիլի 24-ին Ինքնապաշտպանության ուժերի շտաբը հիմնականում ավարտել էր Շուշիի ազատագրման ծրագրի մշակումը` պատրաստ էին անհրաժեշտ հաշվարկներն ու քարտեզները: Ըստ հետախուզության տվյալների, թշնամին Շուշիի մատույցներում էր կենտրոնացրել 2500 զինվոր, 3 տանկ, 9 զրահամեքենա, հրթիռային կայանքներ, խոշոր տրամաչափի գնդացիրներ:

Ինքնապաշտպանական ուժերը 2520 մարդ ունեին իրենց տրամադրության տակ: Որոշված էին հարձակման 4 ուղղությունները. Շոշի (արևելյան) ուղղություն, հրամանատար՝ Արկադի Կարապետյան, «26-ի» (հյուսիսային) ուղղություն, հրամանատար՝ Վալերի Չիթչյան, Լաչինի (հարավային) ուղղություն, հրամանատար՝ Սամվել Բաբայան, Քյոսալարի (հյուսիս-արևմտյան) ուղղություն, հրամանատար՝ Սեյրան Օհանյան, պահեստազորի հրամանատար՝ Յուրա Հովհաննիսյան։

1992 թ. մայիսի 4-ին Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը ստորագրեց Շուշիի ազատագրման մարտական հրամանը, որի իրագործումը մի քանի օր հետաձգվեց՝ տեղացած ձյան պատճառով: Մանևրային մարտերը սկսվել էին արդեն ապրիլի 27-ին:

Հիմնական գործողությունը սկսվեց մայիսի 8-ին՝ ժամը 02:30-ին: Շուշիի ուղղությամբ սկսվեց հրետանային նախապատրաստությունը, որից հետո սկսվեց գրոհը քաղաքի վրա: Գլխավոր հրամանատարական կետը գտնվում էր 1207,3 մ բարձրությամբ, Շոշ գյուղից ոչ հեռու:

Գնդապետ Արկադի Կարապետյանի գումարտակը 400 զինվորով սկսեց հարձակումը Շոշ գյուղի կողմից: Հյուսիս-արևելյան ուղղությամբ գրոհեց Աշոտ Ղուլյանի 1-ին վաշտը: Արևելքից հարձակումը սկսեց Դուշման Վարդանի վաշտը, որն իր զինվորներով արդեն առավոտյան քաղաքի մերձակայքում էր: Հարավից գրոհեցին աֆղանական վետերաններ Նվեր Չախոյանի վաշտը և Ժիրայր Սեֆիլյանի ու Աշոտ Խաչատրյանի գումարտակները: Միևնույն ժամանակ 400 մարտիկներից բաղկացած առանձին ջոկատը գնդապետ Սեյրան Օհանյանի գլխավորությամբ շրջանցեց քաղաքը և մոտեցավ հարավ-արևմուտքից` ազատագրելով Քուսար, Բաշքենդ, Ջավադլար և 17 այլ գյուղեր: Արթուր Առաքելյանի 100 հոգանոց ջոկատն ազատագրեց Ստորին Զարիսլոն, իսկ Ալբերտ Ալավերդյանի ջոկատը` Վերին Զարիսլոն:

Ադրբեջանական հրամանատարությունը չկարողացավ ճնշել զորքերում առաջացած խուճապը և կազմակերպել Շուշիի պաշտպանությունը: Սկսվեց ադրբեջանցի զինվորների ու օմոնականների փախուստը քաղաքից: Ցանկանալով խուսափել ավելորդ զոհերից` Ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը հրամայեց ապաշրջափակել Շուշի-Լաչին ճանապարհը և չխոչընդոտել հակառակորդի փախուստը: Մայիսի 9-ին առավոտյան ժամը 4-ին վերջին ադրբեջանցի զինվորը լքեց Շուշին:

Մայիսի 9-ի առավոտյան հայկական ջոկատները, դիմադրության չհանդիպելով, անարգել մտան քաղաք:

«Ռազմական տեսանկյունից մենք պատրաստ չէինք, և Վազգեն Սարգսյանն ասաց, որ շտապել պետք չէ, բայց Շուշին պետք էր ազատագրել: Այդ ժամանակ ես խոստացա նրան, որ եթե մենք գրավենք Շուշին, ապա լեռներում կկազմակերպենք նրա հարսանիքը: Այդպես առաջացավ օպերացիայի «Հարսանիք լեռներում» անվանումը»,- ավելի ուշ կպատմի Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի առաջին խոշոր հաղթանակն ու ձեռքբերումն էր դարեր տեւած կորուստներից հետո։

 

 

 

Comment here