ԳլխավորԼուր

«Վա՜խ, բայց ի՜նչ ծիտա». «Դա Վինչի»-ի օրագիրը զայրացրել է ծնողին. ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է

«Դա Վինչի» գրախանութ

«-Վա՜խ, բայց ի՜նչ ծիտա:

-Հանգստացի, արա, քուրս ա»,-ահա այսպիսի գրություն կարելի է հանդիպել «Դա Վինչի» հրատարակիչ-արտադրող ընկերության թողարկած օրագրի էջերում, որը  վերջերս իր դպրոցական դստեր համար գնել է Մարինա Խաչատրյանը, ապա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել. «Երեկ ©davinci−art−shop-ի տաղավարից գնել ենք այս օրագիրը, ասացին Սոնեի տարիքին հարմար է: Բոլոր էջերը չհասցրեցի տեղում նայել: Կներեք, էս ի՞նչա»:

Usanogh.am-ը թեմայի շուրջ նախ զրուցեց «Դա Վինչի» ընկերության կոմերցիոն տնօրեն Անժելիկա Սարգսյանի հետ: Նա շեշտեց, որ  եթե խոսքը ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված նյութերի մասին է, ապա բոլոր հրատարակիչ-արտադրողները ազատ են իրենց գործունեության մեջ.

«Ցանկացած պրոդուկտ ունի տարիքային սահմանափակում, ունի իր գնորդը,  տարիքային սեգմենտը, ուղղակի գնորդը, հատկապես` ծնողը  պետք է ուշադիր լինի` ինչ է գնում իր երեխայի համար: Ցանկալի է, որ տվյալ օրագիրը օգտագործեն 15-16 տարեկանից բարձր տարիքայինները»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք չկա՞ անհրաժեշտություն օրագրի վրա նշելու, թե տարիքային որ սեգմենտի համար է այն նախատեսված, կոմերցիոն տնօրենը պատասխանեց. «Գուցե և, բայց նման հստակ պահանջ չկա: Ամեն դեպքում, մեր վաճառող աշխատակիցը պարտադիր զգուշացնում է այդ մասին: Տվյալ պարագայում չեմ կարող ասել` ինչ դիալոգ է եղել: Այս պարագայում կարևոր է, թե օրագիրն ինչ նպատակով է ձեռք բերվել: Տվյալ դեպքում գործ ունենք զվարճալի բովանդակությամբ ապրանքի հետ: Ապրանք ձեռք բերողը պետք է տարբերի դա»:

Usanogh.am-ը զրուցեց նաև ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանի հետ, ով նշեց` մենք ապրում ենք ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում, և առևտրային գործունեության շրջանակում ցանկացած ընկերություն ցանկացած ապրանք կարող է վաճառել.

«ԿԳՄՍ նախարարությունը պատասխանատվություն չի կրում դրանց համար, պատասխանատու է միայն իր կողմից երաշխավորված ուսումնական նյութերի, ձեռնարկների, դասագրքերի ու տետրերի համար: Ծնողները պետք է հետևողական լինեն այս հարցում: Մենք չենք երաշխավորել, կոչ արել, որ այդ օրագիրը գնեն: Կան, օրինակ, ուսումնական նյութեր, տետրեր, որոնք փորձաքննություն են անցնում ԿԶՆԱԿ-ի կողմից, մենք դրանք համար ենք պատասխանատու»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ