ԳլխավորԼուրԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Կրթաթոշակ՝ Ռումինիայի բուհերում 2026-2027 ուստարում կրթություն ստանալու համար

Բուխարեստի Politehnica համալսարանը

ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ` Ռումինիայի բուհերում բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու նպատակով (8 տեղ՝ 3-ը՝ բակալավրիատ, 4-ը՝ մագիստրատուրա, 1-ը՝ ասպիրանտուրա): Մրցույթը հաջողությամբ հաղթահարած թեկնածուների ուսումը կիրականացվի ամբողջությամբ անվճար՝ Ռումինիայի բյուջեի միջոցների հաշվին։

Ուսուցումն իրականացվելու է ռումիներենով, ուստի լեզվին չտիրապետող ուսանողներն անցնում են լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական):

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող անգլերեն և/կամ ռումիներեն լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:

Կրթաթոշակներին հավակնող դիմորդները պետք է ներկայացնեն.

  • դիմում և դիմում-հարցաթերթիկ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը (ձևերը կցվում են),
  • ռումինական կողմից ներկայացված հարցաթերթիկ (կցվում է),
  • ավարտական փաստաթղթի՝ ատեստատի, դիպլոմի և հավելվածի (միջուկի), պատճենները` անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  • ավարտական դասարանում սովորողները՝ առաջադիմության թերթիկ /ակադեմիական տեղեկանք/ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/, բակալավրի և մագիստրոսի ավարտական կուրսերում սովորողները՝ ակադեմիական տեղեկանք ամբողջ ուսումնառության վերաբերյալ` նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  • բժշկական տեղեկանք /հավելված/ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/՝ (ռումինական կողմի պահանջներին համապատասխան),
  • ծննդյան վկայականի պատճենը՝ նոտարի կողմից անգլերեն լեզվով թարգմանված և նոտարական հաստատմամբ` ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված /ապոստիլ/,
  • ինքնակենսագրություն (CV) /անգլերեն, 3 էջից ոչ ավելի/,
  • անձնագրի և գրանցման հասցեն հավաստող էջի պատճենները (ռումինական կողմի պահանջներին համապատասխան),
  • 3×4 չափի 4 գունավոր լուսանկար,
  • արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:

Հետբուհական (ասպիրանտական) կրթության համար դիմորդները պետք է ներկայացնեն նաև`

  • ռեֆերատ՝ հայերեն լեզվով (10 էջ),
  • Ռումինիայում գիտական ղեկավարի նախնական համաձայնությունը:

Ռումինիայի կողմից պահանջվող փաստաթղթերի փաթեթի սկանավորված տարբերակը (կցված է առդիր) պետք է ուղարկել ՀՀ-ում Ռումինիայի դեսպանության erevan@mae.ro էլեկտրոնային հասցեին:

Դիմումների ներկայացման ընթացքում Ռումինիայի կրթության և գիտության նախարարությունը իրավունք է վերապահում կազմակերպել առցանց հարցազրույցներ առաջարկվող թեկնածուների հետ: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը:

Քննությունները կկազմակերպվեն` համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի»:

Մագիստրոսական կրթության համար դիմորդների մրցույթը կկազմակերպվի` համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի դեկտեմբերի 6-ի N1193-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայի ընդունելության և ուսուցման կարգի»:

Հետբուհական կրթություն ստանալու համար մրցույթը կանցկացվի` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N238-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի»:

Փաստաթղթերն ընդունվում են 2026 թվականի մարտի 3-ից մինչև ապրիլի 13-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը՝ 10:00-17:00-ը, ընդմիջում` ժամը 13:00-14:00:

Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հասցեն՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 610 սենյակ, հեռ. +37410-59-699 /446)։

Քննությունները տեղի կունենան 2026 թվականի ապրիլի 10-ին հաջորդող երկու շաբաթվա ընթացքում:

Մրցույթը կկազմակերպվի երկու փուլով՝ մասնագիտական քննություն և հարցազրույց:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (ք. Երևան, Վ.Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599-699 /446/:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews