ԳլխավորԼուր

Խորհրդաժողով Ջերմուկում՝ քննություններ, ուսուցիչների ատեստավորում…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից դեկտեմբերի 7-9-ը Ջերմուկում կազմակերպված «Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին, հայտնում են նախարարությունից:

Խորհրդաժողովի ընթացքում, մասնավորապես, քննարկվում են ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման, ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացների բովանդակային ու կազմակերպական հիմնախնդիրները:

Խորհրդաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ խորհրդաժողովների անցկացումը՝ արված աշխատանքները քննարկելու, վերլուծելու, առաջիկա անելիքները պլանավորելու, ինչպես նաև նոր առաջարկներ և գաղափարներ լսելու տեսանկյունից:

Ժաննա Անդրեասյանը խորհրդաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկում, կրթական ոլորտը բարելավող նոր մտքեր, առաջարկներ ու գաղափարներ:

Աշխատանքային երեք օրերի ընթացքում մասնակիցները ներկայացնելու են իրենց դիտարկումները, ինչպես նաև յուրաքանչյուր գործընթացի վերաբերյալ հիմնախնդիրները: Հնչելու են առաջարկություններ, քննարկվելու են դրանց դրական ու բացասական կողմերը, որոնք հաշվի առնելով՝ ձևակերպվելու են լուծումները:

«Ավարտական և ընդունելության քննությունների, արտաքին գնահատման և ուսուցիչների կամավոր ատեստավորման կազմակերպման հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարները» թեմայով խորհրդաժողովին մասնակցում են ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետները, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների կրթության վարչությունների ու բաժինների աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

Հավելենք նաև, որ այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն այցելել են «Ջերմուկի կրթահամալիր», հանդիպել հաստատության ուսուցչական անձնակազմին: Նախարարի տեղակալը բարձր է գնահատել ուսուցիչների անձնվեր աշխատանքը, որոնք առկա իրավիճակում առանց տրտնջալու շարունակում են իրենց գործը՝ չխախտելով երեխաների կրթության իրավունքը: