ԳլխավորԼուր

Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, Հայ Եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են, տեղեկացնում է qahana.am-ը: Իրենց նահատակությամբ նրանք հաստատեցին հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը:

Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ Եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին՝ Հովսեփ կաթողիկոսի և Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ: Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սուրբ Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին:

«Եվ սեղան կանգնեցնելով` ամենասուրբ խորհուրդը կատարեցին, պատրաստեցին նաև ավազան, և եթե զորքի բազմության մեջ չմկրտված մարդ կար, ամբողջ գիշերը մկրտեցին և առավոտյան Սուրբ Հաղորդություն ընդունեցին», — գրում է Եղիշե պատմիչը Վարդանանց պատերազմից առաջ կատարվածի մասին:

Օրվա առիթով ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը։

Ս. Վարդանանց տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ:

Comment here