ԳլխավորԼուր

«Երգերս կապրեն ինձանից հետո». Ռուբեն Մաթևոսյանը 85 տարեկան է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Ռուբեն Մաթևոսյանին

Անվանի երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը հունվարի 12-ին դարձավ 85 տարեկան: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են մաեստրոյին։

«Ձեր կյանքը հայ երաժշտարվեստի նվիրման յուրահատուկ և գեղեցիկ ճանապարհ է: Անգնահատելի է Ձեր թողած հետքը հայ արվեստի պատմության մեջ, ինչի համար շնորհակալ ենք: Լիահույս եմ՝ Ձեր ներկայությունը դեռ երկար տարիներ վայելելու հնարավորություն կունենանք»,- ասել է նախարարը՝ մաղթելով առողջություն և ստեղծագործական անսպառ եռանդ:

Ռուբեն Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և արժևորման համար՝ նշելով. «Երգելու եռանդը դեռ ապրում է իմ մեջ, բայց եթե անգամ որոշեմ այլևս չերգել, 900-ից ավելի երգ է ձայնագրվել, որից 700-ը թվայնացված է. դրանք կապրեն ինձանից հետո»:

Այցի շրջանակում մաեստրոն պատմել է տարբեր տարիների ստեղծագործական ճանապարհի, կենսագրության հետաքրքիր դրվագների և նոր ծրագրերի մասին:

Քննարկվել են նաև հոբելյանական տարվա շրջանակում Ռուբեն Մաթևոսյանի 85-ամյակը տոնելու հնարավոր միջոցառումները:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews