ԳլխավորՄի կտոր գիրք

Ալբերտո Մորավիա. «Մենակություն»

Մենակ տղամարդը սենյակում

Ներկայացնում ենք իտալացի գրող, լրագրող Ալբերտո Մորավիայի (Ալբերտո Պինկերլե, 28 նոյեմբերի, 1907 -26 սեպտեմբերի, 1990) «Մենակություն» պատմվածքը։

***

Երեկոյան ժամը հինգին մտնելով սենյակ, որ արդեն սուզվել էր աղջամուղջի մեջ, Ջովաննին զգաց, թե ինչպես իրեն համակեց մենակությունը։ Առանց լույսը վառելու, նա թիկնոցը հանեց միջանցքում, մտավ կաբինետ և վեհերոտ հյուրի պես նստեց դռան մոտ դրված աթոռին, ոտքը գցելով ոտքին, ձեռքերը կրծքին խաչելով և հայացքը հառելով խավարին։ Միայնության թախծոտ զգացմանը այժմ խառնվել էր նաև մի խռովահույզ տարակուսանք. նա ամբողջ օրը մենակ էր եղել, բայց չէր տառապել միայնությունից և միայն այժմ սարսափելի սրությամբ զգաց այդ բանը. լուսնոտն է այդպես, հանկարծակի արթնանալով, նկատում, որ կանգնած է տանիքի ծայրին։

Հանգստանալու համար Ջովաննին փորձեց վերլուծել այդ զգացմունքը, մտովի տարրալուծել։ Նա գտավ, որ դա յուրօրինակ խուճապ է և որ այդ խուճապն էլ իր հերթին ծագում է իրեն վիրավորված, խոցված, ոչ լիարժեք զգալու և այդ իսկ պատճառով էլ իրեն լրացնելու, այսինքն ընկերություն փնտրելու պահանջի զգացման վախից։ Թերևս, դա նախ և առաջ թախիծի ֆիզիկական զգացողություն է, քաղցի կամ ծարավի զգացման նման մի բան. և ինչպես քաղցն ու ծարավը, դա կարելի էր հագեցնել միայն ֆիզիկապես, այսինքն՝ մի ուրիշ մարդու հետ շփվելով:

Նա հիշեց, որ մի անգամ չէ, որ մենակ է մնացել տանը, դա նրա հետ հաճախ էր պատահում, որովհետև վերջերս էր եկել Հռոմ և գրեթե ոչ ոքի չէր ճանաչում: Բայց առաջ այլ էր, այն ժամանակ նա համոզված էր, որ մի ժամ, երկու ժամ հետո, երեկոյան կամ հենց թեկուզ հաջորդ առավոտյան նա կտեսնի որևէ մեկին: Իսկ այս անգամ նրա առջևում լիակատար դատարկություն էր. ոչ այս երեկո, ոչ հաջորդ կիրակի օրը, ոչ էլ հավանաբար, նույնիսկ երկուշաբթի նա ոչ ոքի չի տեսնի: Գուցե, մտածեց նա, խուճապի է մատնվել հատկապես այն պատճառով, որ անսպասելիորեն իր համար պարզվեց առաջիկա այդքան ժամերի մենակության դատարկությունը:

Սակայն հարկավոր էր ինչ-որ բան նախաձեռնել այդ ճնշող թախիծը թեթևացնելու համար: Եվ նա ավելի հարմար բան չգտավ, քան որևէ մեկին զանգահարելը: Դեռևս մթության մեջ՝ նա դուրս եկավ կաբինետից և ափլփելով մտավ ննջարան, մոտեցավ հեռախոսին: Դա մի փոքրիկ սենյակ էր. պատուհանի դիմաց դրված էր մահճակալը, իսկ պատուհանից դուրս փողոցի մյուս կողմում վեր էր խոյանում մի շենք, որի ճակատին լուսավառվում էր ռեկլամը: Հսկայական տառերը հաջորդաբար դառնում էին մեկ կարմիր, մեկ կանաչ, մեկ մանուշակագույն, մեկ դեղին: Ռեկլամն ամեն օր վառվում էր այդ ժամին և մնում մինչև կեսգիշեր: Ջովաննին իր մահճակալից տեսնում էր լոկ մի տառ՝ ահռելի «Ո»-ն, որը, ինչպես նրան հայտնի էր, «կոշիկ» բառի երկրորդ տառն էր:

Նա մտավ սենյակ և մի պահ վարանեց, թեև վաղուց արդեն սովոր էր դրան. ռեկլամի կանաչ լույսը թափանցիկ թևերով ահռելի թիթեռի նման վառ ու դողդոջուն թրթռում էր սենյակի ճերմակ պատերի վրա: Խեղդելով տհաճ զգացումը՝ Ջովաննին մեկնվեց մահճակալին, հեռախոսը վերցրեց գիշերասեղանից, դրեց կրծքին և, գլուխը թեթևակի բարձրացնելով, հավաքեց համարը:

Դա առաջին և միակ համարն էր, որ ծագեց նրա մտքում, և հենց այն մարդու համարը, որին, ինչպես նա կարծում էր, չպետք է զանգահարեր. գեղեցիկ ու վտանգավոր մի աղջկա համար, որ չարամիտ էր և պատրաստ մարդկանց մեջ ավելի շատ տեսնելու պակասությունները, քան արժանիքները, և որը սիրային հարաբերությունները ընդունում էր իբրև խարդախ պայքար, որի ընթացքում հակառակորդներից ամեն մեկը ջանում է խփել մյուսի ամենախոցելի տեղին: Ջովաննին սիրահետում էր այդ աղջկան, բայց սա չգիտես ինչու հարաբերությունները խզեց, և տղան վիրավորված երդվեց, որ երբեք այլևս չհանդիպի նրան: Եվ ահա այժմ վճռեց մենակությունից փրկվելու համար զանգահարել հատկապես նրան:

Հազիվ էր հավաքել համարը, որ աղջիկն անմիջապես վերցրեց լսափողը, կարծես նա ոչ միայն հեռախոսի մոտ էր նստած, այլև ձեռքը լսափողին էր դրված, և հանդարտ, շինծու հանգստությամբ ասաց.

— Լսում եմ:

Ջովաննին հայտնեց իր անունը և լարված անբռնազբոսությամբ ավելացրեց.

— Ի՞նչ ես անում:

— Ոչինչ: Իսկ դո՞ւ:

— Ես էլ ոչինչ:

Ջովաննին պատասխանում էր զգուշորեն, գիտեր, որ նա պատրաստ է որսալու ամենաչնչին առիթն իսկ, որպեսզի ծաղրի: Եվ իսկապես՝ մի պահ լռելով, ասաց.

— Ահա, բայց իմ «ոչինչը» տարբերվում է քո «ոչնչից»:

— Ինչո՞ւ:

— Ես ոչինչ չեմ անում, որովհետև ոչինչ չեմ ուզում անել: Իմ «ոչինչը» իմ կամքով է: Ինձ չի խանգարում, ընդհակառակը, դուր է գալիս, ես ինքս եմ այդպես ցանկացել և վայելում եմ, ճաշակում եմ. իմ «ոչինչը» շատ բանով է հագեցած: Իսկ քո «ոչինչը» դատարկ է, քեզ դուր չի գալիս, դու չես ցանկացել այն և քեզ վրդովում է, դու կցանկանայիր ազատվել դրանից։

«Ա՜յ քեզ մեգերա»,— մտածեց Ջովաննին, ակամա ապշած նրա չար թափանցողունակությամբ, բայց միաժամանակ խոցված ու վիրավորված։ Նա դժկամորեն հարցրեց.

— Ինչո՞ւ ես այդպես կարծում։

— Պարզապես դա քո տոնից է զգացվում, հատկապես, եթե համեմատելու լինենք իմի հետ։ Երկուսս էլ արտասանեցինք «ոչինչ» բառը, բայց միանգամայն տարբեր կերպ։ Ես «ոչինչը» արտասանեցի, այսպես ասած, իմ ամբողջ էությամբ, իսկ դու դուրս կորզեցիր քեզնից։ Իմ ձայնը խորունկ էր, հնչեղ, հանգիստ, ազատ, քոնը՝ ճնշված, անվստահ, հուսահատ, թույլ, դողդոջուն։

Մի՞թե այդպես չէր։

Ամեն ինչ հենց այդպես էր, այնքան այդպես, որ Ջովաննին, լսելով իր հոգեվիճակը նկարագրող այդ ամբարտավան ձայնը, նոր ուժով զգաց մենակության ամբողջ ծանրությունը։ Այնուամենայնիվ նա, ուժ գործադրելով, առարկեց.

— Ո՞վ քեզ ասաց։ Քեզ չի՞ թվում, որ դու կարող ես սխալվել։

— Ինձ դա ասաց նախ և առաջ իմ լսողությունը, որ շատ նուրբ է։ Իսկ հետո քո ձայնից ելնելով ես նկարագրեցի ամբողջ պատկերը։

— Այսի՞նքն։

— Դու մեն-մենակ նստած ես տանը, վախեցել ես մենակությունից, որովհետև չես տեսնվելու ոչ մեկի հետ ո՛չ այսօր, ո՛չ վաղը, ո՛չ էլ մյուս օրը, դու խուճապի ես մատնվել, տենդագին փնտրել ես, թե ում զանգահարես, և ավելի հարմար բան չես գտել, քան զանգահարել ինձ, մտածելով. «Արի Ալիչեին զանգահարեմ։ Նա, ճիշտ է, վհուկ է, բայց ավելի լավ է, քան ոչինչը»։ Մի՞թե այդպես չէ։

Տղան փորձեց կատակի տալ.

— Միակ ճշմարտությունը այդ բոլորի մեջ այն է, որ դու վհուկ ես, իսկական վհուկ։

— Ո՛չ, դա ճիշտ չէ, իսկ մնացածը ճիշտ է։

Ջովաննին վճռեց, որ պետք է ամփոփել։

— Գիտե՞ս ես ինչ եմ մտածում,— ասաց նա։

— Ի՞նչ։

— Որ իրականում դու մենակությունից տառապում ես ոչ ավելի ոչ պակաս, քան ես։ Որ մենք պատահաբար միևնույն վիճակի մեջ ենք։ Ես էլ եմ մենակ, դու էլ։ Եվ ոչ քո «ոչինչը» ճիշտ այնպիսին է, ինչպես իմը։

— Ինչո՞ւ ես այդպես կարծում։

— Թեկուզ հենց այն բանից, որ դու շտապ վերցրիր լսափողը։ Դրա համար էլ ես առաջարկում եմ, արի հանդիպենք և գնանք միասին ընթրելու ու մենակության մասին կխոսենք մի որևէ ռեստորանում։

Ի պատասխան նա խոցող ծիծաղ լսեց։

— Տեսնո՞ւմ ես, թե ինչպես ես սխալվում։ Դու միշտ սխալվում ես։ Ես բոլորովին էլ մենակ չեմ զգում ինձ, և իրականում էլ մենակ չեմ։ Գիտես որքան մարդ կա այստեղ, և լսում են մեր հետաքրքիր խոսակցությունը։

Ջովաննին զգաց, որ կարմրում է։

— Ինչպե՞ս, մի՞թե դու մենակ չես։

— Չէ՞ որ ես քեզ չեմ էլ ասել, թե մենակ եմ։ Ես միայն ասացի, որ ոչինչ չեմ անում և դա ճշմարիտ է։ Սակայն ոչինչ չանել կարելի է և մարդկանց ներկայությամբ։

Ջովաննինի ձեռքը մեկնվեց դեպի հեռախոսը. դանդաղ-դանդաղ նա սեղմեց լծակը և ընդհատեց խոսակցությունը։ Նա պառկած էր մեջքի վրա, հեռախոսը կրծքին դրած և միաժամանակ նայում էր ռեկլամի պայծառ «ո» տառին, որն այժմ մանուշակագույն էր և սենյակը ողողում էր մեղեսիկե թրթռուն լույսով։ Ահա փոխվեց կարմիրի և սենյակը դարձավ փոքրիկ արյունաբորբ դժոխք։ Ջովաննին հեռախոսը վերցրեց կրծքից, դրեց գիշերասեղանին, վեր կացավ մահճակալից և դուրս եկավ։

Նրան թվում էր, թե խելագարվում է և որ լույսի տենդային թրթիռը փոխանցվել է իր մտքերին, որոնք թրթռում են այժմ նրա գլխում բռնված թիթեռնիկի նման։ Նա ափլփելով անցավ միջանցքը, նայեց կաբինետին և նորից նստեց դռան մոտ դրված աթոռին։ Այդ պահին հնչեց հեռախոսի զանգը։

Նա ետ սլացավ սենյակը, որն այժմ լուսավորված էր դեղին գույնով և նմանվում էր ոսկե քարանձավի, երեսի վրա նետվեց մահճակալին ու վերցրեց լսափողը։ Նա լսեց կանացի վիրավորված ձայն. «Այդ ես եմ, Կառլա՛ն, դուք ի՞նչ է, մոռացե՞լ եք։ Մենք այսօր պիտի հանդիպեինք մի ժամ առաջ։ Ձեզ որևէ բա՞ն է պատահել։ Ես մի ժամից ավելի է սպասում եմ։ Զանգահարեցի ձեզ, բայց սկզբում ոչ ոք չվերցրեց, իսկ հետո զբաղված էր։ Իմ կարծիքով դուք միշտ մոռանում եք, պետք է գրեք, երբ տեսակցություն եք նշանակում…»։

Ջովաննին մեծ զարմանքով լսեց բողոքի այդ հեղեղը, այնուհետև հարցրեց, թե որ սրճարանում է սպասում աղջիկը, ասաց, որ հենց հիմա կգնա և կախեց լսափողը։ Բայց անմիջապես էլ ստիպված եղավ նորից վերցնելու, որովհետև նորից զանգ լսվեց։

Այս անգամ զանգահարում էր մի տղամարդ, իր համալսարանական ընկերներից մեկը՝ Մարիոն։

— Լսիր, ուրեմն վաղը ամեն ինչ մնում է նույնը, ինչպես պայմանավորվել էինք, միայն ոչ թե մի մեքենայով կգնանք, այլ երկու։ Այնպես որ դու, ինչպես ցանկանում էիր, Ջուլիայի հետ առանձին կլինես։ Ես Ֆալվիայի և Ռենցոյի հետ կգնամ մյուս մեքենայով։

Այս խոսակցությունն էլ արագ ավարտվեց։ Ջովաննին դրեց լսափողը և նստեց մահճակալին, ոտքերը կախած, շրջապատված ռեկլամի լույսի կատաղի փայլով, որն այժմ կանաչ էր դարձել։ Նա սկսեց մտածել, թե ինչպես էր պատահել, որ իրեն այնքան մենակ էր զգում, անհուսալի մենակ, այն դեպքում, երբ իրականում սիրային տեսակցություն էր նշանակել երեկոյան, իսկ վաղն առավոտյան զբոսանքի էր գնալու հաճելի խմբի հետ։ Ինչպե՞ս էր մոռացել այդ բանը։ Հանկարծ նրա մտքով անցավ զանգահարել չարամիտ Ալիչեին և ապացուցել, որ նա սխալվում է և որ ինքը բոլորովին էլ մենակ չէ։ Բայց կշռադատելուց հետո միտքը փոխեց։ Նա մտածեց, որ գուցե Ալիչեն այնուամենայնիվ իրավացի է։ Իսկապես, մտածեց նա, մենակ է ոչ թե այն մարդը, ով իրականում մենակ է, այլ նա, ով մենակություն է զգում։