ԳլխավորՄի կտոր գիրք

«Հրեշտակ էր՝ թըռավ, երազ էր, որ անցավ». Մկրտիչ Պեշիկթաշլյան

Արևմտահայ բանաստեղծ, դրամատուրգ Մկրտիչ Պեշիկթաշլյանի (18.08.1828-29.11.1868) ծննդյան օրն է։

***

Ալեմտաղըն այն գեցեցիկ
Գացի ժուռ գալ անհոգ մոլար,
Ուր բյուր վըտակ բյուրեղ ծոցիկ
Մատուցանեն տնկոց դալար։

Երբ փայլփըլուն ծագե արև,
Ոսկի ցանվի լեռանց վերա,
Շաղ արձըկե ամեն տերև,
Զեփյուռ թփոց հետ կըխաղա։

Բայց քան զամեն հովիկ քնքնուշ
Հրեշտակ մի անդ կը թևածեր,
Ու քան զամեն երգերն անուշ
Այն նազելվույն ձայնիկն հնչեր։

Թըռի՛ր ինծի, ահա մռայլ
Անտառին մեջ իջավ գիշեր,
Կանչե պըլպուլ լուսնին ի փայլ,
Բայց անոնցմե չունինք ընկեր։

Սա հովանիքն անուշաբույր
Տեսնեն ըզմեզ թև ընդ թևով
Ասդիս ծաղիկ, անդին համբույր
Փունջ-փունջ սիրո ընծայելով։

Պարանոցիս մարգրիտ մանյակ
Կախե՛ սպիտակ քուկին թևեր,
Մազերդ գլխիս իմ հովանյակ,
Ու լուռ մնջիկ սահին ժամեր։

Երբ բնություն անխոս կենա,
Մահկանացուք ձայն չեն հաներ․
Լուռ է ամեն ինչ որ շուրջ կա,
Ավելի տաք խոսին սրտեր։

Շուշանափայլ բարձր մի փափկիկ
Ըլլա քու ծոցդ ինձ առ ի քուն․
Բայց թե այն սերդ է խաբուսիկ,
Լավ է չտեսնամ ըզլույս առտուն։

***

Ո՞ւր էր թե զեփյուռիկ
Ըլլայի թափառիկ,
Ոսկեթել մազերուդ
Տայի համբուրիկ։

Ո՞ւր էր թե վարդ գոհար
Ըլլայի վառ ի վառ,
Ընտրեի ինձ բազմոց
Կուրծքըդ ձյունափայլ։

Ո՞ւր էր թե քանարիկ
Ըլլայի ես թռչնիկ,
Թռչիլ գալ ու շոյել
Դեմքըդ գեղեցիկ։

Կամ երազ խուսափուկ,
Որ գայի մինակուկ
Քունիդ մեջ խռովել
Քու սիրտըդ փափուկ։

Ի՞նչ ըրի ես քեզի,
Որ ցավոց այդպիսի
Եվ անբույժ հարվածոց
Ըլլամ արժանի։

Հրեշտակ էր՝ թըռավ,
Երազ էր, որ անցավ,
Այդ քո սերըդ փափուկ
Շուտով թոռմեցավ։

***

Ո՛հ, ի՜նչ անուշ եւ ինչպէս զով
Առաւօտուց փչես, հովի՛կ,
Ծաղկանց վրայ գուրգուրալով
Եւ մազերուն կուսին փափկիկ,
Բայց չես, հովի՛կ, իմ հայրենեաց,
Գնա՛, անցի՛ր սրտէս ի բաց։

Ո՛հ, ի՜նչ աղու եւ սրտագին
Ծառոց մէջէն երգես, թռչնի՛կ,
Սիրոյ ժամերն ի յանտառին
Զմայլեցան ի քո ձայնիկ.
Բայց չես, թռչնի՛կ, իմ հայրենեաց,
Գնա՛, երգէ՛ սրտէս ի բաց։

Ո՛հ, ի՜նչ մրմունջ հանես, վտա՛կ,
Ականակիտ ու հարդարտիկ,
Քու հայելւոյդ մէջ անապակ
Նայինք զիրենք վարդն ու աղջիկ.
Բայց չես, վտա՛կ, իմ հայրենեաց,
Գնա՛, հոսէ՛ սրտէս ի բաց։

Թէպէտ թռչնիկն ու հովն հայոց
Աւերակաց շրջին վրայ
Թէեւ պղտոր վտակն հայոց
Նոճիներու մէջ կը սողայ,
Նոքա հառաչք են հայրենեաց,
Նոքա չերթան սրտէս ի բաց։

Comment here