ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Մարկ Տվեն. «Եվայի օրագիրը» («Ադամի օրագիրը» գրքից)

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի գրող, երգիծաբան, լրագրող, հրատարակիչ, դասախոս, հասարակական գործիչ Մարկ Տվենի (նոյեմբերի 30, 1835 — ապրիլի 21, 1910) «Ադամի օրագիրը» գրքի «Եվայի օրագիրը» մասից։

***

Շաբաթ— Ես համարյա մեկ օրական եմ։ Լույս աշխարհ եմ եկել երեկ։ Համենայնդեպս, ինձ այդպես է թվում։ Եվ, հավանաբար, դե հենց այդպես է, որովհետև եթե նախանցյալ օր եղել է, ես այն ժամանակ դեռ գոյություն չեմ ունեցել, այլապես այն կհիշեի։ Ասենք հնարավոր է, որ ես ուղղակի չեմ նկատել, թե երբ է եղել նախանցյալ օրը, թեև այն եղել է։ Դեհ, ինչ արած։ Հիմա ես ավելի ուշադիր կլինեմ, և եթե նախանցյալ օրը մեկ անգամ էլ կրկնվի, անպայման գրի կառնեմ։

Թերևս, ավելի լավ է միանգամից սկսեմ, որպեսզի հետո ժամանակագրության մեջ որևէ բան չշփոթեմ. մի ներքին ձայն ինձ թելադրում է, որ այդ բոլոր մանրամասնությունները կարող են հետագայում շատ կարևոր լինել պատմաբանների համար։ Բանն այն է, որ, իմ կարծիքով, ես փորձ եմ, այո, ուղղակի ինձ զգում եմ որպես փորձ, պարզապես անհնարին է ավելի սաստիկ իրեն զգալ որպես փորձ, քան այդ ես եմ, և այդ պատճառով էլ ավելի ու ավելի եմ համոզվում, որ դա հենց այդպես է, ես փորձ եմ, պարզապես փորձ, և ոչ ավելին։

***

Երեկ կեսօրից հետո երկար ժամանակ հետևում էի մեկ ուրիշ փորձի, նրանից որոշ հեռավորության վրա, որպեսզի հաջողվելու դեպքում պարզեի նրա ինչ լինելը, բայց դա ինձ չհաջողվեց։ Կարծում եմ, որ տղամարդ է։ Ես դեռ երբեք տղամարդ չեմ տեսել, բայց դա տղամարդու նման է, և զգում եմ, որ հենց այդպես է որ կա։ Ես հայտնություն արեցի, որ այդ էակն իմ հետաքրքրությունը շարժում է ավելի, քան ցանկացած այլ սողուն։ Եթե, իհարկե, նա սողուն է, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես է, որովհետև նա փռչոտ է, երկնագույն աչքեր ունի, և, առհասարակ, սողունի է նման։ Նա կոնքեր չունի, դեպի ներքև գնալով նեղանում է, ինչպես գազարը, իսկ երբ կանգնում է՝ երկճյուղվում է ինչպես պարսատիկ։ Մի խոսքով, կարծում եմ, որ դա սողուն է, թեև, կարող է պատահել, որ դա նաև կոնստրուկցիա է։

***

Կիրակի— Նա դեռ նստած է ծառի վրա։ Երևի հանգստանում է։ Բայց դա պարզապես խորամանկություն է, կիրակին հանգստյան օր չէ, դրա համար սահմանված է շաբաթ օրը։ Ինձ թվում է, որ այդ էակը աշխարհում ամեն բանից շատ սիրում է հանգստանալ։ Իսկ իմ կարծիքով, այդքան շատ հանգստանալը անասալիորեն հոգնեցուցիչ է։ Հենց այնպես ծառի տակ նստելն ու նրան հսկելն անգամ ինձ հոգնեցնում է։ Ես շատ եմ ուզում իմանալ, թե նա ինչի համար գոյություն ունի։ Դեռ ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա որևէ բան անի։

***

Նա ցածր ճաշակի տեր է և բարություն չունի։ Երեկ մթնշաղին գնացի նրա մոտ և տեսա, թե ինչպես ծառից իջավ և աշխատում էր բռնել լճում լողացող մանր բծավոր ձկնիկներին, և ես ստիպված եղա հողի կոշտուկներ շպրտել, որպեսզի ձկնիկներին հանգիստ թողներ և նորից ծառը բարձրանար։ Մի՞թե հենց դրա համար նա գոյություն ունի։ Մի՞թե նա սիրտ չունի։ Մի՞թե նա չունի կարեկցանք այդ փոքրիկ արարածների նկատմամբ։ Մի՞թե այդպիսի անազնիվ զբաղմունքի համար է նա մտահղացվել և արարվել։ Երևի ադպես էլ կա։ Երբ հողի կոշտուկներ էի նետում վրան, մեկը դիպավ գլխին, և պարզվեց, որ խոսել գիտի։ Դա հաճելիորեն հուզեց ինձ, քանի որ առաջին անգամ էի լսում ինչ-որ մեկի խոսակցությունը, բացի իմ սեփական խոսքից։ Բառերը ես չհասկացա, բայց դրանք չափազանց արտահայտիչ հնչեցին։

Երբ իմացա, որ խոսելու ունակություն ունի, նրա նկատմամբ հետաքրքրությունս ավելի ուժեղացավ, քանի որ ես խոսել շատ եմ սիրում։ Ամբողջ օրը, անգամ քնիս մեջ, բլբլացնում եմ, և ինձ լսելը շատ հետաքրքիր է, իսկ եթե մի խոսակից ունենայի, կրկնակի հետաքրքիր կստացվեր, և կկարողանայի անդադար խոսել. բավական է, որ ինձ խնդրեին։

***

Մի ամբողջ շաբաթ աննահանջ հետևում էի նրան և աշխատում ծանոթանալ։ Ես ստիպված էի ամբողջ զրույցը ինձ վրա վերցնել , որովհետև նա շատ ամաչկոտ է, ասենք դա ինձ համար ոչինչ չարժեր։ Նրան, ըստ երևույթին հաճելի է, որ ես ամբողջ ժամանակ իր մոտ եմ լինում, իսկ ես քաղաքավարությունից դրդված աշխատում եմ հնարավորին չափ ավելի հաճախ ասել «մենք»։ Ինձ թվում է, թե նրան շոյում է այն, որ դրանով նա, ասես, հաղորդակցվում է ինձ հետ։

***

Չորեշաբթի – Հիմա մենք միանգամայն համերաշխ ենք ու և ավելի ու ավելի մոտիկից ենք ծանոթանում միմյանց հետ։ Նա այլևս չի փորձում խուսափել ինձնից, և դա բարի նշան է, նրան, ըստ երևույթին, դուր է գալիս իմ ընկերակցությունը։ Դա ինձ հաճելի է, և ես սովորում եմ նրա համար օգտակար լինել ինչով կարող եմ, որպեսզի նրան ավելի տրամադրեմ իմ նկատմամբ։ Վերջին օրերին նրան ազատել եմ զանազան առարկաների համար անուններ որոնելու անհրաժեշտությունից, և դա նրան շատ թեթևացրեց։

Նա անուններ հորինելու ոչ մի ընդունակություն չունի և ինձնից անչափ շնորհակալ է։ Թեկուզ սպանես, չի կարող հորինել քիչ թե շատ խելացի և ոչ մի անուն, բայց ես ցույց եմ տալիս, թե չեմ նկատում նրա այդ  թերությունը։ Հենց որ երևան է գալիս մի նոր արարած, անմիջապես դրան անուն եմ տալիս, քանի դեռ նա անհարմար լռությամբ չի դրսևորել իր տգիտությունը։ Այդ եղանակով ես շատ անգամ եմ նրան դուրս բերել դժվար դրությունից։

Իսկ ինքս ամենևին չեմ տառապում նման թերությամբ, ինչպես որ նա։ Բավական է միայն նայեմ որևէ կենդանու, և արդեն գիտեմ, թե դա ինչ է։ Ես ինձ նեղություն չեմ տալիս անգամ մի ակնթարթ մտածելու. ճիշտ անվանումը իմ մեջ ծնվում է կայծակնային արագությամբ, ասես վերին ներշնչմամբ, անկասկած, դա այդպես էլ կա, որովհետև ես միանգամայն հաստատ գիտեմ, որ մի վայրկյան առաջ անգամ ամենափոքր պատկերացում չունեի այդ բառի մասին։ Երևի պարզապես ամեն մի արարածի      արտաքին տեսքով և նրա սովորություններով իսկույն կռահում եմ, թե դա ինչ գազան է։