ԳլխավորՄի կտոր գիրք

«Բարև, թախիծ». Ֆրանսուազ Սագանի ծննդյան օրն է

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող Ֆրանսուազ Սագանի (21.06.1935-24.09.2004) «Բարեւ, թախիծ» ստեղծագործությունից, որը հրատարակվել է, երբ հեղինակն ընդամենը 19 տարեկան էր։

***

Այս ամառ ես տասնյոթ տարեկան դարձա և կատարելապես երջանիկ էի: «Մյուսներն էին հայրս և նրա սիրուհին՝ Էլզան: Պետք է անմիջապես բացատրեմ այս իրադրությունը, որ կարող է կեղծ թվալ: Հայրս քառասուն տարեկան էր և արդեն տասնհինգ տարուց ի վեր ամուրի էր: Նա երիտասարդ, կենսառատ և կարող տղամարդ էր, և երկու տարի առաջ, գիշերօթիկից դուրս գալիս, ինձ համար դժվար չէր հասկանալ, որ նա սիրուհի ունի: Բայց դժվար էր ինձ հաշտվել այն բանին, որ վեց ամիսը մեկ փոխում է իր սիրուհիներին: Սակայն շատ շուտով նրա հմայքը, այս անհոգ, հեշտ կյանքը, իմ հակումներն այդ փաստը սովորական դարձրին ինձ համար: Հայրս թեթևորեն էր ապրում իր կյանքը. գործերի մեջ ճարպիկ էր, հեշտ ոգևորվում էր, նույնպիսի հեշտությամբ էլ սառչում, և դա կանանց դուր էր գալիս:

Ես նրան իսկույն սիրեցի: Սիրեցի քնքշաբար, քանի որ նա բարի էր, վեհանձն, և իմ հանդեպ մեծ գորով էր տածում: Անհնար էր պատկերացնել ավելի լավ բարեկամ, որն ինձնով այդքան զբաղվեր: Ամռան սկզբին նա նույնիսկ այնքան ազնիվ եղավ, որ հարցրեց, թե Էլզայի՝ իր ներկայիս սիրուհու, ընկերակցությունն արդյոք տաղտկալի չի՞ լինի ինձ համար այդ արձակուրդի ընթացքում: Ես միայն քաջալերեցի նրան, քանզի գիտեի, որ կնոջ ներկայության պահանջ ունի և, բացի այդ, Էլզան մեզ չէր հոգնեցնի: Նա բարձրահասակ, շիկահեր աղջիկ էր, կիսով չափ բարձրաշխարհիկ, կիսով չափ ծախու մի կին, որ անխոս դերասանուհի էր աշխատում Շանզ Էլիզեի թատրոններում և բարերում:

Նա շատ ազնիվ էր, շատ պարզ և առանց մեծ հավակնությունների: Բացի այդ, այնքան ուրախ էինք մեկնելու առիթով՝ ես ու հայրս, որ ով էլ լիներ մեզ հետ, չէինք առարկի: Միջերկրական ծովի ափին հայրս վարձել էր մեծ, ճերմակ, զմայլելի և առանձնացված մի ամառանոց, որի մասին երազում էինք հունիսի առաջին շոգերից սկսած: Ամառանոցը կառուցված էր բարձրադիր մի հրվանդանի վրա, ճանապարհից թաքնված սոճիների անտառով: Մի արահետ իջնում էր դեպի ժայռերով եզերված ոսկեգույն ծովախորշը, որտեղ ծփում էր ծովը:

***

Ֆրանսուազ Սագան

Ցանկացա մխիթարել և մեջս մի ցինիկ միտք ծագեց, որը գլխովս անցնող բոլոր մյուս նման մտքերի պես գրավիչ թվաց: Ցինիզմը մի տեսակ վստահություն էր հաղորդում, ինքս իմ մեղսակիցը լինելու գինովությունն էր պարգևում: Ես չկարողացա բարձրաձայն չասել.

– Նկատի ունեցեք, որ Էլզայի արևայրուցքների պատճառով հազիվ թե մեկը կամ մյուսը կարողանան հաճույք ստանալ այդ սիեստից:

Ավելի լավ կլիներ ձայնս կտրեի:

– Ես ատում եմ նման խոսակցությունները,– ասաց Աննան:– Ձեր տարիքի համար դրանք ոչ միայն տհաճ են, այլև տխմար:

Ես ավելացրի.

– Կներեք, ես կատակ էի անում: Վստահ եմ, որ հոգու խորքում նրանք շատ գոհ են:

Աննան տանջահար դեմքով նայեց ինձ: Ես անմիջապես ներողություն խնդրեցի: Նա աչքերը փակեց և կամաց, համբերությամբ լցված մի ձայնով սկսեց խոսել.

– Դուք սիրո մասին պարզունակ պատկերացում ունեք: Դա միայն իրարից անկախ և իրար հաջորդող զգացմունքների հերթականություն չէ…

Ես նկատեցի, որ իմ բոլոր սերերն այդպիսին են եղել: Անսպասելի հուզմունք՝ մի նոր դեմք տեսնելիս, մի նոր շարժումից, մի համբույրից… Իրարից անջատ զվարթ պահեր, ահա ամբողջ հուշերս իմ ապրած սերերից:

– Դա մի ուրիշ բան է,– ասաց Աննան:– Կա հաստատուն քնքշանք, մեղմություն, ինչ-որ մեկի պահանջ… Բաներ, որոնք դուք չեք կարող հասկանալ:

Ձեռքով մի խուսափող շարժում արեց և լրագիրը վերցրեց: Շատ կուզեի, որ նա զայրանար և ոչ թե անտարբերությամբ համակերպվեր իմ զգացմունքային չքավորությանը: Ես մտածեցի, որ նա իրավացի է, որ ես ապրում էի անասունի պես, ուրիշների կամքով, որ ես խեղճ եմ և թույլ: Ես արհամարհում էի ինձ, և դա տաժանելի էր, որովհետև սովոր չէի ինքս ինձ դատել, այսպես ասած, ո՛չ հանուն լավի, ո՛չ էլ հանուն վատի: Ես քաշվեցի սենյակս:

Ասես երազի մեջ լինեի: Շուռումուռ էի գալիս անկողնուս գաղջ սավանի վրա: Աննայի խոսքերը դեռ ականջներումս էին. «Դա մի ուրիշ բան է… Ինչ-որ մեկի պահանջ»: Երբևէ կյանքումս ինչ-որ մեկի պահանջ ունեցե՞լ եմ: Այդ տասնհինգ օրերի միջադեպերն այլևս չեմ հիշում: Արդեն ասել եմ այդ մասին, ոչ մի որոշակի կամ սպառնալից բան չէի ուզում տեսնել: Արձակուրդի հետագա օրերն, իհարկե, հիշում եմ ճշգրտորեն, որովհետև իմ ողջ ուշադրությունը, ողջ հնարամտությունն ուղղված էին դրանց: Բայց այն երեք շաբաթը, վերջին հաշվով այն երեք երջանիկ շաբաթը…

Այդ ո՞ր օրն էր, երբ հայրս ցուցադրաբար նայեց Աննայի շրթունքներին կամ ո՞ր օրն էր, երբ կատակելով, Աննային բարձրաձայն մեղադրեց անտարբերության մեջ: Այդ ո՞ր օրն էր, երբ առանց կատակի նրա նրբամտությունը համեմատեց Էլզայի անխելքության հետ: Իմ հանգստությունը հենված էր այն տխմար մտքին, թե նրանք տասնհինգ տարուց ի վեր ծանոթ են իրար և որ եթե իրար սիրելու լինեին, վաղուց պետք է արդեն սկսած լինեին: «Բայց եթե դա տեղի ունենա,– ասում էի ինքս ինձ,– հայրս երեք ամիս սիրահարված կլինի Աննային և ի վերջո կմնան կրքոտ հուշեր և մի քիչ ստորացում»:

Կարծես չգիտեի, որ Աննան այն կանանցից չէ, որոնց կարող են այդպես լքել: Բայց Սիրիլը շարունակ կողքիս էր, և դա բավական էր, որ մտքերս նրանով տարված լինեին: Մենք միասին հաճախում էինք Սեն-Տրոպեզի գինետները, պարում կլարնետի մարող հնչյունների տակ, իրար ասում սիրո խոսքեր, որոնք հաջորդ օրը մոռանում էինք, բայց որոնք քաղցր էին հնչում այդ երեկոների ընթացքում: Ցերեկները առագաստանավակով լողում էինք ափի երկայնությամբ: Հայրս երբեմն ընկերակցում էր մեզ: Հայրս նրան գնահատում էր, հատկապես այն օրվանից, երբ Սիրիլը լողի մրցումներում թողեց, որ հայրս նրան հաղթի: Նրան ասում էր «իմ փոքրիկ Սիրիլ», Սիրիլը նրան դիմում էր «մսյո» բառով, բայց ես մտածում էի, թե երկուսից ո՞րն է ավելի ջահել:

***

Նա նստեց Աննայի կողքին և գրկեց նրա ուսերը: Աննան մարմնով այնպես հպվեց հորս, որ ստիպված եղա աչքերս իջեցնել: Ահա թե ինչն էր Աննային մղել դեպի հայրս. հորս ծիծաղը, վստահելի և զորեղ ձեռքերը, կենսունակությունը, ջերմությունը: Քառասո՜ւն տարեկան՝ վախ միայնությունից, գուցեև զգացմունքի վերջին պոռթկումները… Աննային սովոր եմ նայել ոչ որպես կնոջ, այլ որպես անմարմին մի էության…

Նրա մեջ տեսել եմ վստահություն, նրբագեղություն, խելք, բայց երբեք չեմ նկատել նրա զգացմունքայնությունը կամ թուլությունը… Ես հասկանում էի, որ հայրս հպարտ է. գոռոզ և անտարբեր Աննա Լարսենը ամուսնանում է իր հետ: Սիրո՞ւմ էր արդյոք Աննային, կարո՞ղ է, արդյոք, նրան երկարատև սիրել: Աննայի հանդեպ տածած քնքշանքն, արդյոք, կարո՞ղ եմ ջոկել Էլզայի հանդեպ տածած քնքշանքից: Ես փակեցի աչքերս. արևից շշմել էի: Մենք երեքով նստել էինք լռություններով, թաքնված վախերով և երջանկությամբ լի պատշգամբում:

Էլզան այդ օրերին չերևաց: Շաբաթն արագորեն անցավ: Երջանիկ, հրաշալի յոթ օր, ընդամենը յոթ օր: Մենք բարդ նախագծեր էինք կազմում, թե ինչպես կահավորենք բնակարանը, ինչպես կարգավորենք ժամերը: Ես և հայրս, կարգուկանոն չիմացած մարդկանց անպատասխանատվությամբ, լցնում էինք, դժվարացնում օրը և զվարճանում դրանից: Իմիջիայլոց, մի՞թե լրջորեն հավատում էինք այդ բաներին: Մի՞թե հայրս իսկապես գտնում էր, որ կարող է ամեն օր տասներկուսն անց կեսին գալ տուն, նախաճաշել ու ճաշել միևնույն տեղում և երեկոյան մնալ տանը: Սակայն նա արագորեն թաղեց իր բոհեմական սովորույթները և ներբողում էր քաղքենիական կյանքը, կարգուկանոնը, նրբաճաշակությունը, կազմակերպվածությունը: Բայց այդ բոլորը թե՛ ինձ, թե՛ հորս համար մտքի վարժանքներ էին լոկ:

Այդ շաբաթվանից ես հուշեր եմ պահել, որոնք սիրում եմ փորփրել այսօր, որպեսզի տանջանքի ենթարկեմ ինքս ինձ: Աննան նստած էր հանգիստ, ինքնավստահ, մեղմ և հայրս նրան սիրում էր: Առավոտները նրանց տեսնում էի ձեռք-ձեռքի, աչքների տակը կապույտ, միասին ծիծաղելով իջնելիս, և երդվում եմ, շատ կուզեի, որ դա ամբողջ կյանքում տևեր: Երեկոները հաճախ դուրս էինք գալիս ծովափ, որևէ սրճարանի սրահում ապերիտիվ խմելու: Ամենուրեք մեզ ընդունում էին որպես մի նորմալ, միասնական ընտանիք, և ես, որ սովոր էի միայն հորս հետ դուրս գալ և չարաճճի կամ խղճահարությամբ լի հայացքներ որսալ, ուրախ էի, որ կարող եմ իմ տարիքին համապատասխան դերում հանդես գալ: Հարսանիքը պետք է անեին Փարիզում, վերադառնալուն պես:

Խեղճ Սիրիլը չէր կարողանում մեր ընտանեկան փոփոխություններն առանց որոշակի զարմանքի ընդունել: Բայց այս օրինականացված ելքը նրան դուր եկավ: Մենք միասին նավակ էինք քշում, համբուրվում ըստ մեր ցանկության և հաճախ, երբ նրա շրթունքները դիպչում էին իմին, ես տեսնում էի Աննայի դեմքը, առավոտները թեթևակի հոգնած նրա դեմքը, մի տեսակ նվաղկոտությունը, երջանիկ անհոգությունը, որ սերն էր հաղորդել նրա շարժումներին, և ես նրան նախանձում էի: Համբույրները շուտ են ցնդում և, անշուշտ, եթե Սիրիլն ինձ ավելի պակաս սիրեր, այդ շաբաթ ես նրա սիրուհին կդառնայի:

Comment here