ԳլխավորՄի կտոր գիրք

«Քո արյան հետքը ձյան վրա». Գաբրիել Գարսիա Մարկես

…Ավտոմեքենայից իջնելիս հարկ եղավ օգնել Նենա Դակոնտեին, բայց նա չկորցրեց ո′չ հոգու խաղաղությունը, ո′չ մտքի պայծառությունը: Երբ պատգարակին պառկած նրան տանում էին հերթապահ բժշկի մոտ, նա պատասխանեց բուժքրոջ տված ինքնությանը և նախորդ հիվանդություններին վերաբերող ընդունված հարցերին: Բիլլի Սանչեսը տարավ նրա պայուսակը, սեղմեց ձախ ձեռքը, որին այժմ նա կրում էր ամուսնական մատանին և զգաց, որ այն թույլ է ու պաղ, իսկ շուրթերը՝ գունատված: Մնաց նրա կողքին, ձեռքը նրա ձեռքին դրած, մինչև եկավ հերթապահ բժիշկը և արագ զննեց մատնեմատի վերքը: Նա երիտասարդ էր, պղնձագույն մաշկով ու ճաղատ գլխով: Նենա Դակոնտեն ուշադրություն չդարձրեց նրան, այլ միայն մի դալուկ ժպիտ ուղղեց ամուսնուն:

— Չվախենաս, – ասաց իր անդիմադրելի հումորով, — միակ բանը, որ կարող է պատահել, այն է, որ այս մարդակերը կարող է կտրել ձեռքս, որ ուտի:

Բժիշկն ավարտեց զննումը և անակնկալի բերեց նրանց իր մաքուր, թեև ասիական տարօրինակ առոգանությամբ իսպաներենով:
— Ո՛չ, երիտասարդներ, այս մարդակերը կգերադասի սովից սատկել, քան կտրել այսպիսի գեղեցիկ մի ձեռք:

Նրանք ապուշ կտրեցին, սակայն բժիշկը հանգստացրեց նրանց սիրալիր մի ժեստով, այնուհետև կարգադրեց, որ պատգարակը տանեն: Բիլլի Սանչեսը ցանկացավ հետևել պատգարակին՝ կնոջ ձեռքը բռնած, բայց բժիշկը բռնեց նրա թևն ու կանգնեցրեց.
— Դուք՝ ոչ: Նա գնում է ինտենսիվ բուժման բաժանմունք:

Նենա Դակոնտեն կրկին ժպտաց ամուսնուն, հայացքով հետևեց նրան՝ ձեռքով հրաժեշտ տալով, մինչև պատգարակն անհետացավ միջանցքի խորքում: Բժիշկը ետ մնաց՝ ուսումնասիրելով տվյալները, որոնք բուժքույրն էր գրանցել հարցաթերթիկում: Բիլլի Սանչեսը ձայն տվեց նրան.
— Բժիշկ, նա հղի է:
— Ինչքա՞ն ժամանակ:
— Երկու ամիս:

Բժիշկն այնքան մեծ կարևորություն չտվեց դրան, որքան Բիլլի Սանչեսն էր սպասում: «Լավ արեցիք, որ ասացիք», — ասաց և գնաց պատգարակի ետևից: Բիլլի Սանչեսը կանգնած մնաց մռայլ, հիվանդների քրտնահոտով հագեցած սրահում, չիմանալով, թե ինչ անի, նայելով դատարկ միջանցքին, որտեղով տարել էին Նենա Դակոնտեին, այնուհետև նստեց փայտե նստարանին, որտեղ ուրիշ սպասողներ էլ կային: Չիմացավ, թե որքան ժամանակ է մնացել այդտեղ, բայց երբ որոշեց դուրս գալ հիվանդանոցից, դարձյալ գիշեր էր, և շարունակում էր բարակ անձրև մաղել, իսկ նա նույնիսկ չգիտեր, թե ինչ անի ինքն իր հետ, այդպես՝ աշխարհի ծանրության տակ կքած:

Նենա Դակոնտեն հիվանդանոց ընդունվեց հունվարի յոթին, երեքշաբթի, ժամը 9.30-ին, ինչպես ես կարողացա հավաստիանալ հիվանդանոցային արխիվներից տարիներ անց: Այդ առաջին գիշերը Բիլլի Սանչեսը քնեց շտապ օգնության դռան առաջ կայանած ավտոմեքենայի մեջ, այն էլ՝ շատ վաղ, հաջորդ օրը մոտակայքում եղած սրճարանում վեց խաշած ձու կերավ, երկու գավաթ կաթով սուրճ խմեց, որովհետև Մադրիդից դուրս գալուց ի վեր կարգին բան չէր կերել: Այնուհետև վերադարձավ շտապ օգնության բաժանմունքի սրահը, որպեսզի տեսնի Նենա Դակոնտեին, բայց նրան հասկացրին, որ պետք է գլխավոր մուտք գնա: Այնտեղ ի վերջո մի աստուրացի ծառայող գտան, որն օգնեց հասկանալ դռնապանին, վերջինս էլ հաստատեց, որ իրոք Նենա Դակոնտեն գրանցված է հիվանդանոցում, սակայն այցելություններ թույլատրվում են միայն երեքշաբթի օրերը, ժամը իննից չորսը, այսինքն՝ վեց օր հետո: Բիլլի Սանչեսը փորձեց տեսնել բժշկին, որն իսպաներեն էր խոսում, նկարագրեց նրան իբրև ճաղատ գլխով նեգր, սակայն այդքան պարզունակ երկու մանրամասով ոչ ոք տեղեկություն չտվեց նրան:

…Չորեքշաբթի առավոտյան սենյակ բարձրանալուն պես նա վերարկուն հագին բերանքսիվայր նետվեց մահճակալին՝ մտածելով այն հրաշք արարածի մասին, որը շարունակում էր արնահոսել դիմացի մայթին, և շուտով այնքան խոր քուն մտավ, որ երբ արթնացավ, ժամացույցը ժամը հինգն էր ցույց տալիս, բայց նա չկարողացավ եզրակացնել, թե արդյոք ցերեկվա՞ հինգն է, թե՞ գիշերվա, նաև թե շաբաթվա ո՞ր օրն է և այդ ի՞նչ քամուց ու անձրևից մտրակվող պատուհաններով քաղաքում է ինքը: Արթուն պառկած սպասեց, շարունակ Նենա Դակոնտեի մասին մտածելով, մինչև համոզվեց, որ իրոք լույսը բացվում է: Գնաց նախաճաշելու նախորդ օրվա սրճարանում և այնտեղ իմացավ, որ հինգշաբթի է:

Հիվանդանոցի լույսերը վառվում էին, անձրևը դադարել էր, և նա թիկն տվեց շագանակենու բնին, որը գտնվում էր գլխավոր մուտքի դիմաց, որտեղից ճերմակ խալաթավոր բժիշկներ ու բուժքույրեր էին ներս ու դուրս անում, հույս ունենալով գտնել այն ասիացի բժշկին, որն ընդունել էր Նենա Դակոնտեին: Բայց չտեսավ նրան: Չտեսավ նաև ճաշից հետո և ստիպված եղավ հրաժարվել սպասելու մտքից, որովհետև սառչում էր: Ժամը յոթին ևս մի գավաթ կաթով սուրճ խմեց և երկու պինդ խաշած ձու կերավ, որոնք ինքը վերցրեց վաճառասեղանից՝ քառասունութ ժամ հետո նույն տեղում միևնույն բանն ուտողի իրավունքով: Երբ հյուրանոց վերադարձավ քնելու, տեսավ, որ մի մայթին միայն իր ավտոմեքենան է կանգնած, իսկ մյուսները դիմացի մայթին են, և իր ավտոմեքենայի դիմահար ապակու վրա տուգանքի ծանուցագիր է փակցված: «Նիկոլ» հյուրանոցի դռնապանը դժվարությամբ բացատրեց, որ ամսվա կենտ օրերին կարելի է կայանել կենտ համարներով ավտոմեքենաների մայթին, հաջորդ օրը՝ հակառակ մայթին: Այդքան շրջահայաց հնարքներն անհասկանալի էին մի զտարյուն Սանչես Ավիլայի համար, որը երկու տարի առաջ քաղաքագլխի ծառայողական ավտոմեքենայով մտել էր թաղամասի կինոթատրոններից մեկը և անտարբեր ոստիկանների աչքի առաջ մահացու վնասներ պատճառել: Առավել ևս գլխում չտեղավորվեց, երբ հյուրանոցի դռնապանը խորհուրդ տվեց վճարել տուգանքը, բայց այդ ժամին մեքենայի տեղը չփոխել, որովհետև գիշերվա տասներկուսին մեկ անգամ ևս ստիպաված էր լինելու փոխել այն:

Այդ գիշեր առաջին անգամ չմտածեց Նենա Դակոնտեի մասին, այլ շուռումուռ էր գալիս անկողնում և չէր կարողանում քնել՝ մտածելով Կարիբյան Կարթագենի հասարակական շուկայի փափկասունների գինետներում անցկացրած իր հոգնեցուցիչ գիշերների մասին: Մտաբերում էր նավամատույցը, որտեղ Արուբայի առագաստանավերն էին կառանում, նավամատույցի պանդոկների տապակած ձկան և կոկոսի բրնձի համը: Հիշեց զառ-մանուշակներով ծածկված պատերով իր տունը, որտեղ հազիվ երեկվա օրվա երեկոյան ժամը յոթը կլիներ, տեսավ հորը՝ մետաքսյա գիշերազգեստը հագին, զով ծածկապատշգամբում թերթ կարդալիս:

Հիշեց մորը, որի մասին մարդ չգիտեր, թե որ ժամին որտեղ է, հաճելի և լեզվանի մորը՝ կիրակնօրյա զգեստով, վարդն ականջին, երեկոն իջնելուց ի վեր շոգից խեղդվելիս՝ կաշկանդված իր շքեղ գործվածքներից: Մի օր, յոթ տարեկան էր այն ժամանակ, հանկարծակի մտել էր մոր սենյակ և տեսել նրան անկողնում մերկ պառկած իր պատահական սիրեկաններից մեկի հետ: Այդ անախորժությունից, որի մասին երբեք չէր խոսել, նրանց միջև մեղսակից հարաբերություններ հաստատվեցին, որ շատ ավելի շահեկան էր, քան սերը: Այնուամենայնիվ, նա դա չէր գիտակցում, ինչպես նաև շատ այլ ահավոր բաներ իր՝ միակ որդու միայնությունից, մինչև այդ գիշերը, երբ փարիզյան մի ողորմելի ձեղնասենյակում շուռումուռ էր գալիս անկողնում, և կողքին չկար մեկը, որին պատմեր իր դժբախտությունը, գազազելով ինքն իր վրա, որովհետև չէր կարողանում զսպել լաց լինելու ցանկությունը:

Գաբրիել Գարսիա Մարկես (6.03.1927-17.04.2014), «Քո արյան հետքը ձյան վրա» 

Comment here