ԳլխավորԼուր

ՀՀ դպրոցներն ու բուհերը սեպտեմբերից հասանելիություն կստանան ChatGPT Edu և Codex հարթակներին

Համապատասխան փաստաթուղթն այսօր ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը:

ԿԳՄՍ նախարարության, արհեստական բանականության ոլորտի առաջատար OpenAI-ի և Firebird ընկերությունների համագործակցությամբ ՀՀ դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները հասանելիություն կստանան ChatGPT Edu և Codex հարթակներին՝ սեպտեմբերից ստանալով 50.000 կրթական բաժանորդագրություն:

Համապատասխան փաստաթուղթն այսօր ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը: Հանդիպմանն առցանց միացել է OpenAI առաջատար միջազգային տեխնոլոգիական ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանին։

Համագործակցության շրջանակում Հայաստանին նախատեսվում է տրամադրել 50.000 կրթական բաժանորդագրություն. այս թիվը հետագայում կմեծանա։ Արդյունքում՝ OpenAI-ի ChatGPT Edu հարթակի և Codex-ի հնարավորությունները հասանելի կդառնան ՀՀ կրթական, ինժեներական և գիտահետազոտական համայնքների համար։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ այն կրթական համակարգի համար ապահովում է արհեստական բանականության գործիքակազմի հասանելիության նոր մակարդակ և որակ։

«Արհեստական բանականությունն արդեն մեր իրականության մասն է, և կրթական համակարգն ամբողջ աշխարհում կանգնած է այս նոր իրականության հետ արդյունավետ առնչվելու խնդրի առաջ։ Այս նախաձեռնությունը հենց դրա մասին է»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։

 «Նոր հարթակները կրթական հաստատություններին հնարավորություն կտան օգտվելու առաջադեմ արհեստական բանականության գործիքներից, որոնք համապատասխանում են տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներին։ Նոր գործիքակազմը ուսուցիչներին և դասախոսներին կօգնի ավելի արդյունավետ կազմակերպել դասերի պլանավորումը, կրթական ծրագրերի կազմումը և սովորողների անհատական կարիքների հասցեագրումը։ Միևնույն ժամանակ, սովորողների համար կբացվեն նոր հնարավորություններ տեղեկատվության որոնման, վերլուծության, տվյալների կիրառման և հետազոտական աշխատանքի ուղղություններով՝ զարգացնելով քննադատական մտածողությունը, ինքնուրույն ուսումնառության հմտությունները։ Նոր հարթակները կօգնեն ավելի արդյունավետ կողմնորոշվել մեծ ծավալի թվային տեղեկատվության մեջ՝ ուսումնական գործընթացում արհեստական բանականության գործիքների կիրառումը դարձնելով համակարգված և նպատակային»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ծրագիրը նախատեսվում է ներդնել այս տարվա սեպտեմբերից, իսկ մինչ այդ կիրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները։

ChatGPT Edu հարթակը ChatGPT-ի կրթական հաստատությունների համար նախատեսված տարբերակն է, որը դպրոցներին և բուհերին հնարավորություն է տալիս կիրառելու առաջադեմ արհեստական բանականության գործիքներ, ներառյալ՝ Codex-ի նման գործառույթներ՝ ապահովելով տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության և կառավարման բարձր չափանիշներ։ Բարձրագույն կրթության համակարգում հարթակից կկարողանան օգտվել թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները, իսկ հանրակրթության ոլորտում այն հասանելի կլինի բոլոր ուսուցիչներին և ավագ դպրոցի սովորողներին։

Միաժամանակ, նախաձեռնության հաջող իրականացման համար առանցքային նշանակություն ունեն էթիկայի նորմերի պահպանումը, տվյալների պատասխանատու օգտագործումը։ Այս համատեքստում հատուկ ուշադրություն կդարձվի թվային գրագիտության բարձրացմանը, ԱԲ գործիքների ճիշտ կիրառման մշակույթի ձևավորմանը և կրթական միջավայրում թվային անվտանգությանը։

Նախաձեռնության մեկնարկային փուլում՝ 2026-2027 ուսումնական տարում, ChatGPT Edu-ի հասանելիությունը կապահովվի «Firebird» ընկերության ֆինանսավորմամբ։ Ծրագրի արդյունավետության և կրթական արդյունքների վրա ազդեցության գնահատումից հետո կդիտարկվի ծրագրի պետական ֆինանսավորման հնարավորությունը՝ համակարգն ընդգրկելով ազգային կրթական համակարգում որպես կայուն և մասշտաբային բաղադրիչ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews