ԳլխավորԼուրԿրթություն

Հայաստանի 6 մարզերի ու Երևանի 16 ավագ դպրոցներում արհեստական բանականություն կուսումնասիրեն

Արհեստական ինտելեկտ

Հայաստանի վեց մարզերի և մայրաքաղաքի 16 ավագ դպրոցի բաղադիչ ունեցող ուսումնական հաստատություններում սեպտեմբերից կմեկնարկի «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական ծրագիրը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ) հավանության է արժանացրել բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված դպրոցների ցանկը։ Նախատեսված 10-ի փոխարեն կրթությունը կիրականացվի 16 դպրոցներում։

Ծրագիրը մշակվել է Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST-ի) կողմից և իրականացվում է ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ լայնամասշտաբ համագործակցությամբ։

Այս ուսումնական տարվանից ծրագրին կմիանան Արմավիրի մարզի երկու, Գեղարքունիքի` մեկ, Լոռու` երեք, Կոտայքի` չորս, Սյունիքի` մեկ, Շիրակի` երկու և Երևանի երեք կրթական հաստատությունները՝ ԱԲ կրթությունը հասանելի դարձնելով շուրջ 200 աշակերտի։

Այդ հաստատություններն են՝

  • Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ․ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց
  • Էօրնեկեան հանրակրթական դպրոց
  • Գեղարքունիքի մարզի Մարտունու Տ․ Աբրահամյանի անվան ավագ դպրոց
  • Լոռու մարզի ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոց
  • Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոց
  • Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց
  • Կոտայքի մարզի Չարենցավանի Մ․ Մաշտոցի անվան ավագ դպրոց
  • Հրազդանի Հ․ Օրբելու անվան թիվ 13 ավագ դպրոց
  • Եղվարդի թիվ 1 ավագ դպրոց
  • Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց
  • Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոց
  • Շիրակի մարզի Գյումրու թիվ 1 ավագ դպրոց
  • Գյումրու տնտեսագիտական վարժարան
  • Երևանի թիվ 198 ավագ դպրոց
  • Երևանի Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց
  • Եվրասիա հենակետային վարժարան

«ԱԲ սերունդ»-ը նպատակ ունի ստեղծելու արհեստական բանականության ոլորտի գիտնականի ու նորարարի կրթական ուղին՝ սկսած դպրոցից։ Աշակերտները կուսումնասիրեն խորացված մաթեմատիկա, ծրագրավորում՝ Python լեզվի հիման վրա, արհեստական բանականություն՝ ընդհանուր և խորացված ծրագրով, արդեն 12-րդ դասարանում կիրականացնեն պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում։ Ծրագիրը միտված է ապահովելու մասնագիտական կողմնորոշում՝ արհեստական բանականության (ԱԲ) հետազոտողի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

Նախատեսվում են նաև դասավանդող խմբի վերապատրաստումներ և մենոթորական ծրագիր՝ գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ։

Ծրագրի փորձարարական ժամկետ է սահմանվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս ամիսը, որից հետո այն նախատեսվում է ընդլայնել ու հասանելի դարձնել մեծաթիվ աշակերտների: