ԳլխավորԼուր

Առաջին մեդալը՝ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերից

Համաշխարհային ուսանողական խաղեր

Չինաստանի Չենդու քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Ուշուիստ Ժիրայր Պետրոսյանը զբաղեցրել է երրորդ տեղը և արժանացել բրոնզե մեդալի, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Պետրոսյանը երկու հաղթական մենամարտ է անցկացրել և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, պարտություն է կրել և բավարարվել բրոնզե մեդալով:

Այս մարզաձևում Հայաստանի մյուս ներկայացուցիչ 70 կգ քաշային Դավիթ Վարդանյանը մեկնարկում 2։0 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Մահար Ասադզադեի նկատմամբ և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին և լքել պայքարը:

Հայաստանի թիմի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը, 1500 մետր վազքատարածության որակավորման փուլում զբաղեցնելով առաջին տեղը, դուրս է եկել եզրափակիչ:

Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը սկսել են նաև լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարեղյանը, մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը:

Իրենց ելույթներն արդեն ավարտել են հրաձիգները՝ 10 մետր կրակոց ատրճանակ մրցումներով չկարողանալով հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 400 մետր վազքատարածությունում եզրափակիչ չի կարողացել դուրս գալ վազորդ Գայանե Չիլոյանը:

Հիշեցնենք՝ Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերին Հայաստանը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մասնակցում է 14 մարզիկով, որոնք իրենց ուժերը կչափեն 7 մարզաձևում՝ լող, սպորտային մարմնամարզություն, ատլետիկա, ուշու, ձյուդո, տաեքվոնդո և հրաձգություն:

Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի սպորտային մարմնամարզության մրցումներում Հայաստանը նաև ներկայացուցիչ կունենա մրցավարական խմբում՝ ի դեմս Հակոբ Սերոբյանի:

Հայաստանի՝ 21 հոգուց բաղկացած պատվիրակության ղեկավարը Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանն է: