ԳլխավորԼուր

Վիրտուալ հոգեբանները չեն փոխարինի հոգեթերապևտին. փորձագետ

Ելենա Մազանկինա

Վիրտուալ հոգեբանները և տարբեր չաթ-բոտերը կարող են լավ միջոց լինել արտահայտվելու համար, բայց դրանք չեն փոխարինի լիարժեք թերապիային, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Սամարայի պետական բժշկական համալսարանի հոգեբանության գիտա-կրթական և մասնագիտական կենտրոնի տնօրեն, «Բիոնիկ ճարտարագիտությունը բժշկության մեջ» կենտրոնի փորձագետ Ելենա Մազանկինան:

«Վերջերս մեծացել է հետաքրքրությունը վիրտուալ հոգեբանների նկատմամբ։ Ներկայիս փուլում արհեստական ինտելեկտի տեխնոլոգիան անկատար է։ Այն լուծում է խնդիրը միայն իր տիրապետած ուսուցման շրջանակներում, մինչդեռ մարդն ի վիճակի է որոշումներ կայացնել, որոնք դուրս են գալիս սովորական փորձից և նոր բան գեներացնել: Այդ պատճառով վիրտուալ հոգեբանները և նման չաթ-բոտերը կարող են լավ միջոց լինել խոսելու, պատմելու համար, բայց լիարժեք թերապիային նրանք չեն փոխարինի»,- հայտարարել է Մազանկինան։

Փորձագետի խոսքով ՝ արհեստական բանականությունը բժշկական ոլորտում իր կիրառությունն է գտել բժշկական որոշումների ընդունման աջակցման համակարգերում, սակայն այն չի կարող փոխարինել բժիշկներին, քանի որ միայն գործիք է, որը մասնագետներին թույլ է տալիս ժամանակ խնայել անամնեզի (հիվանդության պատմության) և առավել արդյունավետ բուժման ընտրության վրա:

Մազանկինան նաև նշել է, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում բժիշկներին, հիվանդներից ստացված տվյալները շատանում են և դրանք պետք է արդյունավետ մշակվեն: Արհեստական բանականությունը կարող է ավելի արդյունավետ հաղթահարել նման հսկայական քանակությամբ տեղեկատվության մշակումը, քան մարդը, և դա հնարավորություն է տալիս բժշկին ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու առողջությանը՝ հիվանդությունները կանխարգելելու առումով։

«Մարդկային գործոնն անխուսափելի է, և նույնիսկ խելացի համակարգերի առկայության դեպքում սխալ կարող է թույլ տրվել։ Սակայն հիմա փոխվում է նաև կրթական համակարգը, որպեսզի նման բան չլինի։ Ուսանողներին, նույնիսկ դպրոցականներին սովորեցնում են մշակել մեծ քանակությամբ տեղեկատվություն, ընտրել ճիշտը, գտնել ճիշտ աղբյուրները», — ասել է փորձագետը։