ԳլխավորԽճանկարՇոուբիզնես

Համբույրի տեսարանները՝ հայկական ֆիլմերում․ Ովքե՞ր են ամենաանկեղծ ու բաց զույգերը

Համբույր՝ ֆիլմերում

Մարդն իր ամբողջ կյանքում միջինում ծախսում է 336 ժամ, այսինքն` 2 շաբաթ՝ դրա համար: Դա հրաշալիորեն մարզում է դեմքը, դրա ընթացքում մարդն աշխատեցնում է իր 57 մկանից 30-ը: Կարծում ենք` արդեն կռահեցիք, որ խոսքը համբույրի մասին է: Համբույրի առաջին տեսարանը կինոէկրաններին հայտնվել է 1896 թվականին հենց «Համբույր» անունը կրող ֆիլմում, որի հեղինակը Թոմաս Էդիսոնն էր: Ֆիլմի տևողությունը 30 վայրկյան է և այն ամբողջությամբ բաղկացած է մեկ համբույրի տեսարանից:

Հայկական ֆիլմերում ևս կարելի է հանդիպել համբույրի տեսարանների, թեպետ դրանք մեծամասամբ ակնհայտորեն բեմադրված են և դերասաններին քաջ հայտնի տեխնիկայի արդյունք են:

Դա, իհարկե, հաճախ ավելի շատ ակրոբատիկ հնարք է հիշեցնում, և այսօր ամենևին միջնադարը չէ, որպեսզի մարդկանց խաբես, բայց, ինչպես ասում են, «չեղած տեղից էլի բան է»: Ի դեպ, նկատելի է, որ ֆիլմերում, սերիալներում համբույրի տեսարաններում ներգրավված դերասան-դերասանուհիները, որոնք խաղում են նաև թատրոնում, շատ ավելի լավ են տիրապետում այդ տեխնիկային, այսպես ասած՝փորձ ունեն, քան նրանք, ովքեր թատրոնի հետ կապ չունեն: Բայց, եթե թատրոնում կարելի է իրավիճակային լուծումների գնալ, ապա կինոն խոշորացույցի նման բռնում է ցանկացած կեղծիք:

Նույնիսկ խորհրդային տարիներին, երբ նման տեսարանները հաճախ գրաքննության արդյունքում հանվում էին, և ընդունող հանձնաժողովը բավական խիստ դիրքորոշում ուներ սիրային տեսարաններում ամեն մի դետալի նկատմամբ, ֆիլմերում, ամեն դեպքում, կարելի է հանդիպել համբույրի տեսարանների: Օրինակ` «Կտոր մը երկինք» ֆիլմում Թորիկն ու Անժելը թեպետ շատ անմեղ ու մանկական համբույրներ են միմյանց տալիս, այնուամենայնիվ, այդ տեսարանը շատերի մոտ հենց համբույրների շնորհիվ է տպավորվել:

Դե իսկ անկախ Հայաստանում ստեղծված ֆիլմերում ավելի հաճախ ենք հանդիպում համբույրի տեսարանների, չնայած այն հանգամանքին, որ դերասանուհիներից շատերը հարցազրույցների ժամանակ պնդում են. «Երբեք համբույրի տեսարանում չեմ նկարահանվի», իսկ ոմանք էլ` հակադարձում. «Ուրեմն դու դերասանուհի չես»:

Այսպիսով` Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնի» ֆիլմում Խորեն Լևոնյանի և Նազենի Հովհաննիսյանի համբույրն ամենաանմոռանալիներից է: Նախ որովհետև` այդ շրջանում շատ տարածված չէին նման տեսարանները, և երկրորդ` տեսարանը բեմադրված էր բավական էսթետիկ լուծումներով, իսկ դերասաններն էլ լավ էին զգում միմյանց: Նայողը հավատում էր «Նար-Դոսի» վիպակի հիման վրա ստեղծված այն պատմությանը, որը հրամցվում էր: Առանձնահատուկ տպավորիչ էին ֆիլմի զգեստները, որոնք փոխանցում էին ժամանակի շունչն ու ոգին:

Այս ռոմանտիկ, դրամատիկ, զույգին, սակայն, ավելի ուշ նույն ռեժիսորի մեկ այլ «Ոչինչ չի մնա» ֆիլմում տեսնում ենք կրկին համբույրի տեսարանում, ավելի վայրի ու անբռնազբոսիկ կերպարներում` կրքով, ցասումով ու զղջումով լի: Այստեղ արդեն սիրո հետ չէ, որ գործ ունենք, այլ միմյանց մինչև վերջ «կլանելու» ցանկության, որը բռնկվել է աստիճանաբար և հանկարծ մի րոպեում ժայթքել լավայի նման: Խորեն Լևոնյանի և Նազենի Հովհաննիսյանի մասնակցությամբ այդ տեսարանը ևս, անշուշտ, կգամվի ֆիլմը թեկուզ մեկ անգամ դիտած մարդու հիշողության մեջ:

«Ոչինչ չի մնա»
«Ոչինչ չի մնա»

Բոլորովին այլ պատմություն է Դավիթ Բաբախանյանի «Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգությունը, որի ընթացքում ականատես ենք լինում համբույրի տեսարանի Հովհաննես Ազոյանի և Ռոզի Ավետիսովայի միջև: Այն միաժամանակ և´ հուզիչ է, և´ զվարճալի: Սա արդեն «հեփփի էնդով» ամերիկյան ֆիլմ է հիշեցնում: Իսկ համբույրի հարցում բավական նախաձեռնող է աղջիկը, ինչն, ի դեպ, հայկական ֆիլմերում հաճախ չես հանդիպի:

Կադրում բավական բուռն, բայց միևնույն ժամանակ ռոմանտիկ են Ելենա Արշակյանի «Անավարտ թռիչք» ֆիլմի գլխավոր հերոսներին մարմնավորող դերասանները` Տաթև Հովակիմյանն ու Տիգրան Մակարյանը: Այստեղ նրանք իսկական սիրահարների են խաղում և միասին բավական օրգանիկ են նայվում: Ի դեպ, Տաթևին հասարակության լայն շրջանակները ճանաչեցին հենց այս ֆիլմից հետո:

Իսկ Արշալույս Հարությունյանի «Սկոտչ և վիսկի» ֆիլմում Լուիզա Ներսիսյանի և Ռաֆայել Երանոսյանի համբույրներն այնքան կրքոտ էին, որ «բամբասկոտ» և «անհանգիստ» կանայք սուրճի սեղանի շուրջ արդեն իրական կյանքում բաժանում էին Լուիզա Ներսիսյանին և Հրանտ Թոխատյանին: Մինչդեռ Լուիզայի և Ռաֆայելի համար դա հերթական, սովորական մի աշխատանք էր: Ու թեև ֆիլմում համբույրից բացի ավելի համարձակ տեսարաններ կան, դրանք չեն հատում վուլգարության սահմանը:

«Սկոտչ և վիսկի»
«Սկոտչ և վիսկի»

Բավական դրամատիկ են Լևոն Մինասյանի «Բրավո, վիրտուոզ» ֆիլմում երիտասարդ կլառնետահար Ալիկի և նրա սիրած աղջկա հարաբերությունները: Նրանց կապը, կարելի է ասել, վտանգված է, և նրանց սերն ուղեկցվում է ցավով, կորուստներով ու տառապանքով: Իհարկե, դա բոլորովին այլ գույներ է հաղորդում թե´ ֆիլմին, թե´ նրանց մասնակցությամբ սիրային, համբույրի տեսարաններին:

«Բրավո, վիրտոուզ»

Հրանտ Երիցկինյանի «Ուրիշի փոխարեն» կինոկատակերգությունում ևս համբույրի տեսարան կա՝ Սոս Ջանիբեկյանի և Թամարա Պետրոսյանի միջև: Երբ Սոսի մարմնավորած կերպարը գլխավոր հերոսուհուն ազատում է կապանքներից, նրան համբուրելու բուռն ցանկություն է ունենում, և այն անպատասխան չի մնում: Այստեղ Սոսի կերպարը «փրկարարի» դերում է, և, ի վերջո, նրանք ամուսնանում են: Հայկական «հեփփի էնդի» ևս մեկ փայլուն օրինակ:

«Ուրիշի փոխարեն»

Հայկական ֆիլմերից վերադարձ կատարելով համաշխարհային կինեմատոգրաֆին, նշենք, որ համբույրների քանակով ֆիլմ-ռեկորդակիր է «Դոն Ժուան»-ը (1927), որտեղ Ջոն Բերիմորի հերոսը նկարահանման հրապարակում 127 անգամ համբուրում է իր գործընկերներին՝ Մերի Աստորին և Էստել Թեյլորին: Իսկ, առհասարակ, կինոյում ամենաերկար համբույրը տևել է 185 վայրկյան և ցուցադրվել է «Դու այժմ բանակում ես» (1941) ֆիլմում:

ՄԱՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ