ԳլխավորԼուր

Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները

Պարգևատրվել են «Հայ կինոն 100 տարեկան է» մրցույթի հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնում շնորհակալագրերով և խրախուսական նվերներով պարգևատրել է «Հայ կինոն 100 տարեկան է» խորագրով մրցույթի հաղթողներին, հայտնում են նախարարությունից:

ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի անցկացրած մրցույթը կազմակերպվել էր ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան էջում և նվիրված էր հայ կինոյի հիմնադրման 100-ամյակին: Հանրային արշավի ձևաչափով առաջադրված հարցերը նախատեսված էին դպրոցականների և ուսանողների համար ու վերաբերում էին հայկական կինոյին:

Մասնակիցների խոսքով՝ մրցույթը շատ հետաքրքիր էր և մոտիվացնող։ Նրանք նշել են, որ սիրում են հայկական ֆիլմեր դիտել. հատկապես առանձնացրել են «Կտոր մը երկինք», «Ճերմակ անուրջներ», «Երկունք» և այլ կինոնկարներ։

Մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործունեությունը և նախատեսվող ծրագրերը: Մրցույթի հաղթողները կինոյի ոլորտի վերաբերյալ իրենց հուզող հարցերն ուղղել են կինոկենտրոնի աշխատակիցներին, ինչպես նաև դիտել Լուսինե Պապոյանի «Երկու անհայտով հավասարում» կարճամետրաժ ֆիլմը: