ԳլխավորԼուր

Հայտնի են պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողները

Հայտնի են պատանի կոմպոզիտորների 10-րդ մրցույթի հաղթողները

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 10-14-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 10-րդ մրցույթը Երևանում և Դիլիջանում։

Փակ քննարկման փուլի արդյունքներով մրցութային փուլերին իրավունք էին ստացել մասնակցելու 15 պատանի կոմպոզիտորներ, որոնք ընդգրկվել են 2 տարիքային խմբերում։

Ժյուրիի որոշմամբ՝ կրտսեր խմբում առաջին մրցանակ չի տրվել. փոխարենը երկու մասնակից՝ Հայկ Ջուլհակյանն ու Արտաշես Մոսիկյանը (Արփինե Կալինինայի կոմպոզիտորական դասարանի սովորողներ) կիսել են երկրորդ հորիզոնականը, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Շավարշ Սիրեկանյանը (դասատու՝ Աշոտ Ղազարյան)։

Ավագ խմբում երրորդ հորիզոնականը կիսել են երկու մասնակից՝ Էրիկա Մարկոսյանը (դասատու՝ Արմենուհի Կարապետյան) և Սյուզաննա Աղամալյանը (դասատու՝ Նաիրա Դիվանյան), իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Արսեն Գարսոյանը (դասատու՝ Արփինե Կալինինա)։ Այս խմբում երկու մասնակից միավորների բացարձակ հավասարությամբ ճանաչվել են հաղթողներ։ Էդգար Մխիթարյանն (դասատու՝ Մարիա Ղուշչյան) ու Ալեքս Գևորգյանը (դասատու՝ Վաչե Շարաֆյանը) բացի պատվոգրերից, մրցույթի անվանական արձանիկներից և խրախուսական նվերներից՝ պարգևատրվել են նաև դրամական պարգևներով։

Դրամական խրախուսանքով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները։

Նշենք, որ պատվոգրերով և խրախուսական նվերներով պարգևատրվել են նաև մրցանակային հորիզոնականներ չզբաղեցրած մասնակիցները։

Գալա համերգը տեղի է ունեցել Դիլիջանի Լ․ Վ․ Բեթհովենի անվան համերգասրահում։ Քանի որ տարին հոբելյանական է, ուստի երեկոյի ընթացքում բացի մրցանակակիրներից՝ գեղեցիկ կատարումներով հանդես են եկել նաև Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ԵՊԿ դասախոս, երգչուհի Լուսինե Կչոզյանը, ինչպես նաև Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը (խմբավար՝ Մարիա Գալստյան

Հիշեցնենք, որ մրցույթի առաջին փուլը կայացել էր Երևանում մայիսի 10-ին, երկրորդ փուլը՝ Դիլիջանում մայիսի 12-ին։

Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը
Տավուշի թեմի «ՏաԼույս» մանկապատանեկան երգչախումբը

Մայիսի 12-14-ը երեխաներն իրենց ուսուցիչների, ծնողների հետ հանգրվանել էին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տանը, որտեղ նրանց համար կազմակերպվել են նաև վարպետության դասեր, դասախոսություններ՝ ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանի և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Աննա Ասատրյանի մասնակցությամբ։

Բացի վերը նշված մշակութային գործիչներից՝ այս տարի մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված էին նաև ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Հայրապետյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը։