ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Ունեցել եմ դասախոսներ, որոնք բարդութավորել են ինձ մինչև մազերիս ծայրը». Գիսանե Պալյան

Գիսանե Պալյան

Usanogh.amը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը «Էմփիրեյ» ռոք խմբի ստեղնահար, կոմպոզիտոր Գիսանե Պալյանն է: Նա 1992-94թթ. սովորել Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, 1994-97թթ.` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժիններում:

Գիսանեն թեև ուրախությամբ է հիշում ուսանողական տարիները, նշում է, որ դրանք, այնուամենայնիվ, բարդ են եղել, համընկել են մութ ու ցուրտ տարիների հետ.

«Մինչև գարուն, եղանակների տաքանալը կոնսերվատորիայում դաշնամուրի դասեր չէինք անում, հակառակ դեպքում լարերը ցրտից կարող էին կտրվել: Հիշում եմ` Օպերայի հարևանությամբ մի սրճարան կար, «Կարապ» անունով, մենք կուրսեցիներով այնտեղից երբեք ոչինչ չէինք գնում, որովհետև փող չունեինք, աշխատողներն էլ արդեն գիտեին, որ մտնում էինք միայն տաքանալու համար: Բայց նույնիսկ այդ պայմաններում լավ էինք սովորում, պարապում էինք»:

Երգահանը պատմում է զվարճալի մի դեպք, որը տեղի է ունեցել այդ տարիներին: Ասում է` երբ 90-ականներին հովհարային անջատումներ էին լինում, իրենք և հարևանները հստակ գիտեին դրանց ժամերը.

«Մի օր, երբ մեր ներքևի հարևանները հյուրեր ունեին, տան տղան նրանց ասում է` ուզո՞ւմ եք` մատով «ճտացնեմ», վերևում դաշնամուր հնչի: Այդպես էլ լինում է. նա լավ գիտեր, որ երբ լույսերն անջատում էին, անմիջապես նստում էի դաշնամուրի առաջ ու սկսում էի նվագել: Հյուրերն իսկապես զարմացել էին այդ «պատվերով» երաժշտությունից»,-ծիծաղելով հիշում է Գիսանեն:

Խոսելով դասախոսների մասին` երաժիշտը շեշտում է, որ ունեցել է և´շատ լավ, և´շատ վատ դասախոսներ. «Ունեցել եմ դասախոսներ, որոնք բարդութավորել են ինձ մինչև մազերիս ծայրը: Ասում էին` դու զրո չես, զրոյից էլ ցածր ես, ամոթ է, հանկարծ ոչ մի տեղ չասես, որ երաժիշտ ես:  Ի դեպ, վերջին տարիներին նոր կարողացել եմ ձերբազատվել այդ բարդույթներից: Բայց ունեի նաև դասախոսներ, որոնք ասում էին`դու շատ տաղանդավոր ու շնորհալի ես: Կարելի է ասել` նրանք փրկել են ինձ: Հիմա արդեն, երբ ինքս ունեմ սաներ, ամեն բան անում եմ, որ նրանց թևերը երբեք չկտրեմ»:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ