ԳլխավորՀայտնիները` ուսանող

«Դասախոսներս ասում էին` երգի´ր, կնշանակենք ստուգարքը». Մայքլ Քոթանջյան

Մայքլ Քոթանջյան

Usanogh.am-ը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ մեր զրուցակիցը երգիչ, դերասան Մայքլ Քոթանջյանն է: Նա 1992-97 թթ. սովորել է «Գլաձոր» համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:

Կարիերայի պիկ` հենց ուսանողական տարիներին

Մայքլը պատմում է, որ թեպետ սիրում էր իր մասնագիտությունը և լավ էր սովորում, այդ տարիներին արդեն մեկ այլ տարերք էլ ուներ` երաժշտությունը, որը հաղթող էր դուրս գալիս.

«Ուսանողական տարիների կեսից արդեն զղջում էի, որ միջազգայնագետի մասնագիտությունն եմ ընտրել, ինձ արդեն հրավիրում էին համերգների, թողարկում էի երգեր և արդեն վստահ էի, որ երգարվեստն է լինելու իմ ուղին: Ամեն դեպքում, շատ սիրում եմ պատմություն, լեզուներ, միջազգայնագետի աշխատանքն էլ ինձ հոգեհարազատ է, պարզապես ճակատագրից ու գենետիկայից չես փախչի: Նայում եմ կուրսեցիներիս լուսանկարները, ամեն մեկը մի դեսպանատան աշխատակից է, մտածում եմ` կցանկանայի ես էլ աշխատել` նաև որպես միջազգայնագետ, պարզապես ժամանակ չեղավ»:

Մշտապես ստանդարտից ու քառակուսիներից դուրս

Երգչի ուսանողական տարիներին Խորհրդային Միությունն արդեն փլուզվել էր, ուստի անկախ Հայաստանում ստանդարտներից դուրս ուսանողները դրսևորվելու հնարավորություն էին ստացել. «Եթե խորհրդային տարիներին բոլոր ուսանողներին շրջանակների մեջ էին դնում ու սահմանափակում «չիկարելիներով», ապա մեր սերնդի ուսանողներն արդեն դուրս էին այդ կաղապարներից: Ես միշտ ըմբոստ եմ եղել թե´ դպրոցում, թե´ համալսարանում, չէի սիրում, օրինակ, համազգեստներ, փախչում էի ցանկացած տեսակի կապանքներից»:

Մայքլ Քոթանջյանն
Մայքլ Քոթանջյանն

«Դու երգի´ր, որ նշանակենք»

Ավարտական տարիներին Մայքլն արդեն զբղաված էր իր ձայնասկավառակի թողարկման աշխատանքներով ու պատահում էր այնպես, որ չէր հաճախում դասերի. «4-5-րդ կուրսերում, երբ արդեն պոպուլյար էի, դասախոսներս ասում էին` ավելի լավ է երգիր, մենք կնշանակենք ստուգարքը»:

Երգիչը ուսանողներին մաղթում է, որ նրանք զինվեն գիտելիքներով և կուտակեն հնարավորինս շատ անմոռանալի հուշեր իրենց բուհից:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ