Usanogh.am-ը ներկայացնում է «Հայտնիները` ուսանող»շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:
Այս անգամ շարքի զրուցակիցը դերասան Հրանտ Թոխատյանն է: Քչերը գիտեն, որ նա 1976-1981 թթ. սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական ինստիտուտի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում, ստացել է նաև մանկավարժի որակավորում։
«Ամենաանհոգ տարիներն էին, կապը պահում եմ կուրսընկերներիս հետ»
Հրանտ Թոխատյանի խոսքով` իր ուսանողական տարիներն ամենաերջանիկն ու անհոգն են եղել. 70-ականներ, երևանյան վառ գույներ. «Ուսանողական ընկերներիս հետ մինչև հիմա էլ կապը պահում եմ, շփվում ենք: Լավ եմ սովորել բոլոր առարկաները, ընդ որում` թե´ դպրոցում, թե´ համալսարանում, ունեցել եմ հրաշալի դասախոսներ, նրանց դասավանդելուց հետո այդ առարկաները չէին կարող չհետաքրքրել կամ դուր չգալ»:
Գեղեցիկ սեռը կրկին գերակշռող էր, բայց դա միայն հաճելի էր
Ինչպես հիմա, 70-80-ականներին ևս Բրյուսովի համալսարանում աղջիկների թիվը զգալիորեն գերազանցում էր տղաների թվին. «Բայց դա շատ լավ էր, միշտ գեղեցիկի մեջ էինք: Ասեմ, որ խելոք ուսանող չեմ եղել, ինչը վատ է, չեմ ասում` լավ է»,-նշում է Հրանտ Թոխատյանը: Իսկ հարցին, թե արդյոք աղջիկների համար կռիվների մեջ ընկել է, կատակով պատասխանում է. «Իհարկե, ես այսօր էլ եմ ընկնում…»: Ի դեպ, հենց ուսանողական տարիներին էր, որ դերասանն ընկերների հետ հիմնադրեց Երևանի Կամերային թատրոնը, որտեղ աշխատեց 15 տարի:
Երբ թատրոնը հաշվի չնչին տարբերությամբ հաղթեց մանկավարժությանը
Տարիներ շարունակ ուսուցիչ որպես աշխատելուց հետո Հրանտ Թոխատյանի կյանքում եկավ մի պահ, երբ պետք էր ընտրություն կատարել մանկավարժության և թատրոնի միջև. «Շատ քիչ տարբերությամբ հաղթեց թատրոնը, և ես գնացի թատրոն, բայց մինչև օրս էլ մանկավարժի աշխատանքն ուղեկցում է ինձ. այդ է պատճառը, որ ստեղծվեց, օրինակ, «Մեր այբբենարանը» նախագիծը, այդ է պատճառը, որ ամեն հարմար առիթով երեխաներին հեքիաթ եմ պատմում: Մանկավարժությունը ժամանակի ընթացքում դարձավ կենսակերպ»,-եզրափակում է դերասանը:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ