ԳլխավորՀայտնիները` ուսանող

Քոլեջն ավարտելուց հետո կուրսեցիս դարձավ կինս. Գարիկ Սեփխանյան

Usanogh.amը շարունակում է ներկայացնել «Հայտնիները` ուսանող» շարքը, որի շրջանակում հայ հայտնիների հետ զրուցում ենք ուսանողական տարիների վառ հիշողություններից, զվարճալի դրվագներից, ձեռքբերումներից ու կորուստներից, մասնագիտության ընտրությունից:

Այս անգամ շարքի զրուցակիցը դերասան, սցենարիստ Գարիկ Սեփխանյանն է: Նա սովորել է Էջմիածնի պետական քոլեջի «Հեռուստահաղորդումների և փաստագրական ֆիլմերի ռեժիսուրա» բաժնում:

Ուշագրավ է, որ այն պահին, երբ մենք զրուցում էինք Գարիկի հետ, նա իր կուրսեցիների հետ հերթական հավաքին էր մասնակցում.

«Մենք տարվա ընթացքում մի քանի անգամ պարտադիր հավաքվում ենք, խաշի, խորովածի սեզոնների բացում ենք անում: Ֆրանսիայում մի կուրսընկեր ունենք, եթե այնպես է ստացվում, որ չի կարողանում մասնակցել մեր հավաքներին, պարտադիր գումար է ուղարկում, որ մենք այստեղ կազմակերպենք, և եթե նույնիսկ չէինք պլանավորում, արդեն ստիպված ենք լինում հավաքվել: Իսկապես, կուրսեցիներով շատ կապված ենք իրար հետ»,-ասաց Գարիկը:

Նա առանձնակի ջերմությամբ է հիշում իր դասախոսներից Հարություն Ջանիկյանին, ով դասավանդում էր նաև Թատերական ինստիտուտում. «Նա Վահրամ Փափազյանի հոգեորդին էր: Ջանիկյանի տված ամեն խորհուրդ հիշում եմ: Ցավոք, դժբախտ պատահարի հետևանքով նա հեռացավ կյանքից»:

Գարիկ
Դերասան Գարիկ Սեփխանյանը նախկին համակուրսեցիների հետ

Կան վառ դրվագներ, որոնք ուսանողական տարիներից ուղեկցում են Գարիկին, դրանցից մեկն էլ ընկերներից մեկի «06» մակնիշի մեքենան էր. «Մեքենան պայթում էր, տեղ չկա,մենք բոլոր խցկվում էինք մեջն ու դրանով շրջում էինք: Հետո բոլորով էլ տարանք «թաղեցինք» այդ «06»-ին»,-ծիծաղելով նշեց դերասանը:

Ի դեպ, Գարիկն իր կնոջ` լրագրող Սյունե Համբարձումյանի համակուրսեցին է: Բայց հետաքրքիրն այն է, որ նրանց սիրավեպը սկսվել է քոլեջն ավարտելուց հետո. «Ավարտելուց հետո մի քանի տարվա դադար եղավ մեր մեջ, հետո նորից հանդիպեցինք, ու ամեն բան այլ ընթացք ստացավ: Եթե սկզբում մենք ընկերներ էինք, հետո դա վերաճեց մեծ սիրո: Քոլեջն ավարտելուց հետո կուրսեցիս դարձավ կինս:

Ի դեպ, մեր կուրսում չորս զույգ կազմվեց: Հիմա մեր հավաքներին արդեն նրանցից շատերի երեխաներն էլ են գալիս»,-պատմեց դերասանը:

Նա բոլոր ուսանողներին հորդորեց լավ սովորել և վայելել ամենահիշարժան տարիները:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ